Լավագույն կին գործարարները ստացան իրենց մրցանակները

Երեւանում կայացել է ՀՀ վարչապետի  «Լավագույն կին գործարար» 2015թ. մրցանակաբաշխությունը:

Այսօր` ապրիլի 7-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ ՀՀ Վարչապետի «Լավագույն կին-գործարար» 2015 մրցանակաբաշխությունը, որն անցկացվում է ամեն տարի սկսած 2012 թվականից: Այս տարի «լավագույնի» տիտղոսին արժանանալու համար դիմել է ավելի քան 150 կին գործարար:

 

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը իր բացման խոսքում   կարևորեց կանանց  դերը տնտեսության զարգացման գործում:  «ՀՀ կառավարությունը ամեն կերպ աջակցում է մեր կին գործարարներին, որպեսզի նրանք այս ժամանակավոր դժվարություններից կարողանան դուրս գալ: Մենք գնահատում ենք նրանց ունեցած ավանդը Հայաստանի տնտեսության զարգացման հարցում»,-ասաց Կարեն Ճշմարիտյանը, վստահեցնելով,  որ  բիզնեսում  վաղուց արդեն կանանց նկատմամբ խտրականություն չկա: Նրա խոսքով  ամեն տարի կանանց ներգրավվածությունը բիզնեսում ավելանում է, ինչն էլ որոշակի հավասարակշռություն  եւ ճկունություն է հաղորդում բիզնեսին:

Մրցանակները հանձնվեցին 5 անվանակարգերում երկուական մրցանակ` «Լավագույն կին-գործատու», «Լավագույն կին-նորարար», «Լավագույն ապրանքանիշ», «Լավագույն երիտասարդ կին գործարար» և «Լավագույն սկսնակ կին գործարար»:

 

«Լավագույն կին գործատու» անվանակարգում հաղթել են Ալին Մասրլյանը (Երեւան, «Շառոյան-Սարյան» ՍՊԸ) եւ Զեփյուռ Ղլեջյանը (Չարենցավան, «Լաքի տրիո» ՍՊԸ), «Լավագույն կին նորարար» անվանակարգում՝ Օքսանա Լոբախինան (Երեւան, «Քեյ. Ար. Ջի. Ինվեստ» ՍՊԸ) եւ Իրինա Ղամբարյանը (Վանաձոր, «Աղեղնակ» ՍՊԸ):

«Լավագույն ապրանքանիշ» անվանակարգում հաղթող են դարձել Քրիստինա Նալբանդյանը (Երեւան, «Տուր Դելիս» ՍՊԸ) եւ Իրինա Իսրայելյանը (Ալավերդի, Հյուրատուն ԻՐԻՍ):

«Լավագույն երիտասարդ կին գործարարներ» են դարձել Ֆաինա Հարությունյանը (Երեւան, «Ֆաինա դիզայն» ՍՊԸ) եւ Հռիփսիմե Բարսեղյանը (Արագածոտն, Կոսմետիկ պարագաների արտադրություն), «Լավագույն սկսնակ կին գործարարներ»՝ Անահիտ Հարությունյանը (Երեւան, նրբաթելային գործվածքներից տեքստիլ արտադրություն) եւ Հասմիկ Հովհաննիսյանը (Գյումրի, թխվածքների արտադրություն):

 

 

Մրցանակակիր կանայք լրագրողների հետ զրույցներում խոսեցին ոչ միայն իրենց հաջողությունների, այլ նաեւ  խնդիրների մասին:

«Լավագույն կին գործատու» մրցանակի հաղթող սիրահայ Ալին Մասրլյանը, ով 1998 թվականին հիմնադրել և մինչ այսօր ղեկավարում է Երևանում հայտնի «Հալեպ» խանութը,    ասաց, որ սկզբնական շրջանում իրենց գործունեությունը հեշտ էր, քանի որ Հայաստանում արևելյան քաղցրավենիք առաջարկող ընկերություն չկար: Տիկին Մասրլյանը ցավով նշեց, որ Հայաստանում պետական մարմինների կողմից` անլուրջ վերաբերմունք կա գործարարների նկատմամբ:: «Գիտե՞ք, մի քիչ եթե մտածեն` սա էլ թող ժողովրդին մնա, լավ կլինի»,- ասաց գործարար կինը:
«Լավագույն կին գործարար» անվանակարգի մրցանակակիր «Ֆաինա դիզայն» ՍՊԸ տնօրեն Ֆաինա Հարությունյանի կարծիքով` պետք չէ տարբերակել կին և տղամարդ գործարարներին, քանի որ երկու սեռի համար էլ այս ոլորտում կարևոր է լինել հաջողակ, աշխատասեր և խելացի.

 

«Մեզ` կանանց ավելի մեղմ են վերաբերվում, օրինակ հարկային հարցերում: Կին գործարարն ավելի ճիշտ է բիզնեսը վարում, կարծում եմ, որ եթե կինը կարողանում է իր ընտանիքը ճիշտ կառավարել, ապա կարող է նաև քաղաքական լավ գործիչ դառնալ: Ժամանակն է, որ Հայաստանում կնոջն ավելի մեծ հնարավորություններ տան»,- ասաց Ֆաինան:

 

Ասիական զարգացման բանկի կողմից խրախուսական մրցանակ ստացած  Արմավիրի «Ինչուիկ» նախակրթարանի տնօրեն Նարինե Իսահակյանն էլ նշեց, որ տղամարդ գործարարի համար Հայաստանում հնարավորություններն ավելի ազատ են, քան կին գործարարի համար. «Կին գործարարը միշտ ձգտում է ազատ լինել, սակայն միշտ ինչ-որ դժվարությունների է հանդիպում: Տղամարդ գործարարն իր շփումներում ավելի ազատ է, քան կինը և հենց դրա պատճառով էլ կին գործարարի հնարավորությունները սահմանափակ են»,- նշեց Նարինե Իսահակյանը:

 

«Լավագույն ապրանքանիշ» անվանակարգի հաղթող Իրինա Իսրայելյանը  Banks.am -ի հետ զրույցում նշեց, որ Հայաստանում առհասարակ բարդ է բիզնես սկսելը: «Խնդիրը լուծելու համար պետք է որեւէ կազմակերպության անդամ դառնալ: Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի տրամադրած երկու նվիրատվությունների շնորհիվ կարողացա սկսել եւ զարգացնել իմ բիզնեսը: Որոշակի օգնություն է տրամադրում նաեւ Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն հիմնադրամը (ՓՄՁ ԶԱԿ): Այնպես որ բիզնեսում իմ հաջողությունները կապում եմ այն կազմակերպությունների հետ, որոնց հետ աշխատում եմ»,- ընդգծել է նա:

 

Սիրիայում սկսված պատերազմից հետո Հայաստան ժամանած սիրիահայ գործարար կանայք նույնպես ստացան մրցանակներ: Սիրիահայ գործարար Այտա Սանտուրյանը, որը Հայաստան է եկել 3 տարի առաջ Հալեպից եւ Հայաստանում զբաղվում է ասեղնագործությամբ,  Aravot.am-ի զրույցում, անդրադառնալով սիրիահայ գործարարների համար Հայաստանում բիզնես սկսելու հիմնական դժվարություններին, առանձնացրեց օրենքի չիմացությունը. «Տարբերություն շատ չկա Հայաստանի եւ Սիրիայի օրենքների մեջ, սակայն հիմնական դժվարություններից մեկն էլ այն էր, որ Սիրիայում բնակվող կանայք Հայաստան գալով ստիպված եղան իրենց մասնագիտությունը փոխել»: Մեր զրուցակիցը Հալեպում աշխատել է որպես ուսուցչուհի, սակայն այստեղ միանգամից սկսել է զբաղվել ասեղնագործությամբ: Դժվարությունը կայանում էր նրանում, որ պետք էր ուսումնասիրել շուկան, պահանջարկը եւ հավաքել մեծ քանակությամբ տեղեկատվություն. «Սակայն բոլոր սիրիահայ կանայք այդ դժվարությունները հաղթահարեցին»:

 

Մի շարք գործարար կանայք մրցանակներ ստացան նաեւ միջազգային եւ տեղական  կազմակերպությունների կողմից:

 

«Ուրախ եմ, որ Հայաստանի կառավարությունն աջակցում է կին գործարարներին: Կանանց մասնակցությունը տնտեսության զարգացման գործընթացին Հայաստանի կայունության եւ բարեկեցության նախապայմանն է: Ես ուրախ եմ, որ այստեղ ներկա կանայք, հաղթահարելով բազմաթիվ խոչընդոտներ, հասել են իրենց նպատակին»,- ասել է USAID հայաստանյան գրասենյակի տնօրեն Քարեն Հիլիարդը:

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID), Ասիական զարգացման բանկը (ADB), ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպությունը (UNIDO), Հայաստանում ՄԱԿ փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը (UNHCR), Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (EBRD), Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) եւ Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան (AYWA), խրախուսական մրցանակներ  հանձնեցին  կին գործարարների:

 

«Լավագույն կին-գործարար» 2015 մրցանակաբաշխությունը, ըստ էության, եզրափակեց կանանց  միամսյակի շրջանակներում ավանդաբար անցկացվող խրախուսական միջոցառումները: Հիշեցնենք, որ սկիզբը դրվել էր  այս տարվա մարտի 8-ի նախօրեին տեղի ունեցած  « Գյուղմթերք արտադրող   կին հերոս-2015 »  մրցանակաբաշխությամբ:

 

Առավել մանրամասն կարդացեք մեր կայքում.

 

Կանայք եւ պարենային անվտանգությունը

 

«Շենացնել երկիրը գյուղի կանանց ստեղծարար ձեռքերով»/ տեսանյութ

 

 

Դիտումների քանակը` 5200

Գլխավոր էջ