Մարիեթ Շուրման. «Կանանց դերը խաղաղության հասնելու համար չափազանց որոշիչ է»

Երևանում  գտնվող  ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Կանանց, խաղաղության և անվտանգության հարցերով հատուկ ներկայացուցիչ, դեսպան Մարիեթ Շուրմանը, ով այս պաշտոնում նշանակվել է  2014թ. հոկտեմբերին,  հանդիպումներ  է  ունեցել ՀՀ Պաշտպանության նախարարությունում,  Արտաքին գործերի նախարարությունում և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Հանդիպելով  երեկ  հայ լրագրողների հետ, տիկին Շուրմանը ներկայացրեց իր այցի հիմնական նպատակը՝ ծանոթանալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ Կանանց, խաղաղության և անվտանգության վերաբերյալ հայտնի N1325 բանաձևի  իրագործմանը Հայաստանում: Նա նաև խոսեց անվտանգության ոլորտում կանանց ներգրավվածության կարևորության մասին, նկատելով, որ տեմպերը, ցավոք, դանդաղում են ողջ աշխարհում:

 

 

Նշեք,որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2000-ին ընդունված թիվ 1325 բանաձևն ուղղված է կանանց վրա զինված հակամարտությունների հետևանքների բացասական ներգործությունը մեղմելուն և կանանց դերի բարձրացմանը հակամարտությունների կանխարգելման և կարգավորման, խաղաղության պահպանման գործում:

«Երկու հիմնական նպատակ ու ուղղություն կա, որ մենք որդեգրել ենք N1325 բանաձևի իրագործման շրջանակներում: Դա խոչընդոտների վերացումն է երկրների անվտանգությանը վերաբերվող ինստիտուտներում կանանց ներգրավվածության  առումով: Երկրորդ ուղղությունն ավելի շատ վերլուծական աշխատանք է իրենից ներկայացնում.  մենք փորձում ենք հասկանալ, թե  հակամարտությունները ինչպես են անդրադառնում կանանց և տղամարդկանց վրա, և  այդ վերլուծության հիմման վրա  գտնել լուծումներ»,- իր ներածական խոսքում ասաց տիկին Շուրմանը: Նա տեղեկացրեց, որ այս պաշտոնում առաջին անգամ է այցելում Հայաստան և այդ իսկ պատճառով մտադիր է ավելի շատ լսել ու տեղեկանալ Հայաստանի փորձառության մասին, ինչպես նաև հասկանալ, թե մեր երկիրը ինչպես է անդրադառնում անվտանգության և խաղաղության հարցերում կանանց ներգրավվածության հետ կապված խնդիրներին: Եվ որ ամենակարևորն է՝ հասկանալ, թե որոնք են այն մարտահրավերները, որոնց հաղթահարելու գործում ՆԱՏՕ-ն կարող է աջակցություն ցուցաբերել: Այս ամենի Համատեքստում  պաշտոնյան արդեն իսկ բարձր մակարդակով մի  շարք հանդիպումներ է ունեցել՝ ՀՀ Պաշտպանության նախարարությունում,  Արտաքին գործերի նախարարությունում և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, որոնք ակտիվորեն ներգրավված են ու իրենց գործունեությունը ծավալում են հետաքրքրություն ներկայացնող խնդիրների շրջանակում: Այս հանդիպումները իրեն շատ են ոգևորել.

 

«Ինձ ոգևորում է այն վերաբերմունքը, որ ես տեսնում եմ Հայաստանում և որն առնչվում է կանանց և տղամարդկանց  իրավունքների հավասարությունն ապահովելուն՝ ինչպես քաղաքական, քաղաքացիական հասարակության տիրույթում, այնպես էլ որոշումների ընդունման մակարդակում: Իսկապես շատ ոգևորիչ է տեսնել այն համագործակցությունը, որն առկա է տարբեր մարմինների և գերատեսչությունների միջև, նաև ոգևորիչ է ականատեսը դառնալ այն բանավեճին, որի առանցքում կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը ապահովելու  խնդիրն է դրված»,- նշեց Մ.Շուրմանը:

 

Հարկավոր է հասկանալ, շարունակեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը, որ այս հարցը որպես մրցավազք պետք չէ դիտարկել,  կարևորագույն, առանցքային սկզբունքն այն է,  որ երբեք չենք ունենա լիարժեք խաղաղություն, եթե բնակչության կեսը լիարժեք ներգրավված չլինի  խաղաղությունն ապահովող  բոլոր գործընթացներում.

 

«Եվ սա է հենց բանաձևի հիմքը, որ կանանց դերակատարությունը խաղաղության հասնելու համար չափազանց որոշիչ է: Եվ երբ խոսքը համակարտությունների կանխման կամ կարգավորման մասին է, կանայք և տղամարդիկ պետք է հավասար մասնակցություն ունենան: Խաղաղությունն ու կայունությունը աշխարհում կառուցված են մարդկանց ազատությունների և հավասար իրավունքների վրա և  դա Հյուսիսատլանտյան դաշինքի գործողությունների ծրագրի հիմքում ընկած  առանցքային արժեքներից մեկն է, և  մենք պատրաստ ենք  խորացնել այս ուղղությամբ մեր գործընկերության օրակարգը Հայաստանի հետ»,- շեշտեց նա, նշելով, որ ՆԱՏՕ-ն, որպես կառույց, իր դերը տեսնում է երկրներին օգնելու առումով՝ իրագործելու այն պարտավորությունները, որոնք նրանք  իրենց վրա են վերցրել թիվ 1325  բանաձևի ներքո:

 

Մ.Շուրմանը հավաստիացրեց, որ այս հարցում չկա տարբերակում   ՆԱՏՕ-ի հին անդամների եւ  նոր գործընկերների միջեւ.«Կարող է մեկ երկրում իրավիճակը շատ լավ լինել մի  ոլորտում, իսկ մեկ այլ երկրում առաջընթաց լինի ուրիշ ոլորտում: Իսկ այս գործընկերությունը շատ կարևոր է, քանի որ թույլ է տալիս սովորել միմյանցից», – նշեց նա:

 

Հայաստանում, նրա  խոսքով, առկա է կոորդինացման հզոր փորձ և դա վերաբերում է բոլոր այն կառույցներին, որոնք զբաղված են կանանց և տղամարդկանց  իրավունքների և  հնարավորությունների  հավասարության ապահովմամբ՝ սկսած ՀՀ վարչապետին կից գործող կառույցից, վերջացած պետական կառավարման ավելի ստորին օղակներով (խոսքը Վարչապետին կից Կանանց խորհրդի և  մարզերում գործող գենդերային հանձնաժողովնեիմսին է,-խմբ.): Այսինքն, նկատեց նա, Հայաստանն արդեն ունի մի  ձևաչափ, որը  թույլ է տալիս խաղաղությանն ու անվտանգությանը վերաբերող որոշումները կայացնել ու կոորդինացնել:

 

WomenNet.am-ի հարցին ի պատասխան, տիկին Շուրմանը մի շարք տվյալներ ներկայացրեց  ՆԱՏՕ-ի անդամ երկրների զինված ուժերում կանանց ներկայացվածության վերաբերյալ:  Նրա խոսքով, «Գիտություն՝ խաղաղության համար» ծրագրի շրջանակում պատվիրել են մի ուսումնասիրություն, որը անդրադառնում է կանանց ներգրավվածությանը  ՆԱՏՕ-ի անդամ 28 երկրների բանակներում՝ 2000թ-ից մինչև օրս:

 

«Նախնական հետազոտության արդյունքները, որոնք վերաբերում են միայն ՆԱՏՕ-ի անդամ 28 երկրների զինված ուժերին, ցույց են տալիս, որ կանանց ներգրավվածության մակարդակը բավական ցածր է և վերջին տարիների ընթացքում արագ աճի միտում կարծես թե չի նկատվում. 2000թ-ին այն կազմել է 7.4 տոկոս, ապա այժմ այն կազմում է ընդամենը 10.6 տոկոս: ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող խաղաղապահ գործողություններին կանանց մասնակցության ցուցանիշը կազմում է ընդամենը 5.7 տոկոս: Միտումը իսկապես շատ դանդաղ է, բայց տարբեր երկրներում տարբեր իրավիճակ է, կան երկրներ, որոնք իսկապես  բավականին մեծ հաջողությունների են հասել և ավելացրել կանանց մասնակցությունը՝ մանավանդ որոշումներ կայացնող պաշտոններում»,- արձագանքեց նա՝ տեղեկացնելով նաև, որ հետազոտությունը, որն այժմ ավարտական փուլում է գտնվում, որոշակի առաջարկներ է պարունակելու, թե ինչպես կարելի է այդ երկրների դրական փորձը կիրառելի դարձնել այլ երկրների համար:  Նրա խոսքով,  կանանց մասնակցությունը զինվորական օղակներում իրենց օրակարգային հարցերից է ու դա այն ոլորտներից է, որտեղ հետ ենք ընկնում խոստացվածից:

 

Ճշտող հարցին՝ նկատվում է  արդյո՞ք տարբերություն այն երկրներում, որտեղ պաշտպանության նախարարները կանայք են, տիկին Շուրմանը ժպտալով պատասխանեց, թե կուզենար ասել այո, բայց ուղիղ կապ չի արձանագրվել.

 

«ՆԱՏՕ-ի 28 անդամ երկրներում ներկա պահին կան 6 պաշտպանության կին  նախարարներ և ընդամենը 2 արտաքին գործերի կին նախարար, այնպես որ կարելի է ասել, որ պաշտպանության ոլորտում մենք ավելի առաջ ենք, քան քաղաքական- դիվանագիտական ոլորտում: Այդ ուղղակի կապը չկա և, հակառակը, ունենք օրինակներ, երբ պաշտպանության նախարարները տղամարդիկ են, բայց ավելի ջանասիրաբար են աջակցում կանանց ներգրավվածությանը: Եվ հաշվի առնելով այն, որ կանայք այս պահին դեռ փոքրամասնություն են՝ մենք երևի իսկապես տղամարդկանց աջակցության կարիքն ունենք, որպեսզի այդ հարցը լուծենք»,- նշեց դեսպանը՝  գոհունակությամբ  տեղեկացնելով , որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ևս մասնակցում է  HeForShe   գլոբալ նախաձեռնությանը  (ՄԱԿ-Կանայք նախաձեռնած HeForShe  շարժման իմաստը կայանում է նրանում, որ հենց տղամարդիկ են քարոզում կանանց և տղամարդկանց հավասարության սկզբունքը):

«Եվ ես շատ ուրախ եմ տեսնել, որ Հայաստանում ևս կան շատ մարդիկ, որոնք իսկապես պաշտպանում են կանանց և տղամարդկանց հավասարության սկզբունքը: Ես տվյալներ չունեմ, բայց գիտեմ, որ այս գործընթացը ձեր երկրում նոր է սկսվել և, օրինակ, նախորդ տարի առաջին անգամ կանայք հնարավորություն ստացան ընդունվել ռազմական բարձրագույն ուսումնական հաստատություն, որտեղ ներկայումս սովորում է 14 երիտասարդ կին: Եվ տեղյակ եմ նաև, որ որոշ կանայք, որոնք աշխատում էին պաշտպանության ոլորտում, անցում են կատարել քաղաքացիականից զինվորական հաստիքներ, որոշակի հրամանատարական գործառույթներ են ձեռք բերել, այսինքն՝ հայ կանայք նախկինում էլ են եղել ոլորտում, բայց մինչև վերջերս չի եղել այդպիսի հստակ քաղաքականություն, որը կխրախուսեր կանանց մուտքը այդ ոլորտ»,- ասաց նա՝ ընդգծելով, որ շատ ուրախալի է, որ թեմայի վերաբերյալ կա նման հետաքրքրություն:

 

Անդրադառնալով լրագրողներից մեկի այն հարցին, թե ինչպես է վերաբերում կին-դիպուկահարների առկայությանը, Մ.Շուրմանն ասաց, որ ՆԱՏՕ-ի նպատակն է ապահովել հավասար պայմաններ բոլորի համար, որոնք թույլ կտան մարդկանց իրենց գիտելիքներն ու տաղանդները իրապես իրագործել: Իսկ դիպուկահարությունը թերևս այն ոլորտն է, որտեղ կարծես թե կանայք ավելի լավ պատրաստված են այդ աշխատանքը կատարելու համար, քան տղամարդիկ, սակայն յուրաքանչյուր քաղաքական ղեկավարությունից է կախված, որպեսզի այդ տաղանդը գործածություն գտնի պատասխանատու կերպով, ինչպես նաև համապատասխանեն տվյալ երկրի միջազգային պարտավորություններին:

 

Ի դեպ , ըստ ՀՀ պաշտպանության նախարարության հաղորդագրության,   Մարիեթ Շուրմաի  հետ հանդիպման ժամանակ,  նախարարի  առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը  նշել է, որ ՀՀ ՊՆ-ն պատրաստակամ է անհրաժեշտության դեպքում սեփական փորձը ներկայացնել գործընկեր պետություններին, քանի որ ՊՆ կողմից որդեգրած  կանանց ներգրավման քայլ առ քայլ քաղաքականությունն իրեն արդարացնում է: Դրա ցուցիչներից են կանանց ներգրավումը պաշտպանական քաղաքականության մշակման գործընթացում, ինչպես նաև ռազմաուսումնական հաստատություններում իգական սեռի կուրսանտների թվի աստիճանական աճը: Շեշտվել է նաև, որ այս ուղղությամբ զարգացումների արդյունքում կդիտարկվի նաև միջազգային խաղաղապահ առաքելություններին մասնակցող ՀՀ ստորաբաժանումների կազմում կին զինծառայողների ընդգրկման հնարավորությունը:

 

Լիա Խոջոյան

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.


«Կոտրի՛ր կարծրատիպերը, անցի՛ր մեր շարքերը». բանակի կոչը հայ կանանց / տեսանյութ

 

Սահմանային զորամասի կանայք

 

Ինչո՞ւ էին կանայք գնում պատերազմ

 

«Դեռ չեմ հանդիպել մեկին, ում բանակից շատ կսիրեմ»…

 

Այս պահին հայոց բանակում ծառայում են 2000-ից ավելի կանայք

 

Հայ կանայք բանակում. կողմ և  դեմ

 

Պատրա՞ստ է բանակն ընդունել հայ աղջիկներին ու կանանց

 

«Վաշտի աղջիկները». Ծանոթացեք ռազմական ինստիտուտի կուրսանտների հետ

 

«Զենքը կվերցնեմ ու կգնամ տղայիս հետև ից»

 

«Ինձ համար իսկապես պատիվ է աշխատել հայոց բանակում»

 

Մարիամի մեդալը

 

Զորամասի միակ կին ենթասպան ցանկանում է սպա դառնալ

 

«Ես ինձ զինվորի մայր եմ համարում, քանի որ զինվորների բոլոր հոգսերին տեղյակ եմ»

 

Աղջիկների մուտքը ռազմական հաստատություններ՝ բանակի բարեփոխումների մի մասն է

 

Նրան Ռեմբո էին ասում…

 

«Անժելիկան տղես ա. պիտի ծառայի»…

 

Դրա մասին կարող են երազել ոչ միայն «իսկական տղամարդիկ»…

 

Նրանք բանակի մասին մանկուց են երազել…

 

«Աղջիկներն իրենց օրինակով կարող են ապացուցել, որ խաղաղ պայմաններում բանակում զոհ չի կարող լինել»…

 

Կանայք աշխարհի բանակներում և մարտի դաշտում

 

Ղարաբաղյան պատերազմի կանացի դեմքը

 

Դիտումների քանակը` 5371

Գլխավոր էջ