«Այսուհետ սա է իմ երկիրը, ուզում եմ իմ աշխատանքով օգտակար լինել նրան»
Շուրջ 19 տարի առաջ Մասիսի շրջանի Ազատաշեն գյուղից Երևան եկած և Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական ինստիտուտի լաբորատորիաներից մեկում լաբորանտի օգնական աշխատող Փառանձեմը հանդիպեց աշխատանքի բերումով Հայաստան ժամանած սիրիահայ Հմայակ Մազմանյանին, սիրեց ու ամուսնացավ նրա հետ ու մեկնեց Սիրիա:
Աստիճանաբար համակերպվելով և ձուլվելով Մերձավոր Արևելքի բարքերին ու կենսակերպին Փառանձեմը յուրացրեց սիրիահայերի սովորույթները, արևելքի կանանց կենցաղային և խոհանոցային գաղտնիքները: Սկեսրոջ պատրաստած համեղ կերակուրների գայթակղիչ բուրմունքը հետզհետե սրում էին Փառանձեմի հետաքրքրությունը` ստիպելով սովորել այն ամենը, ինչ կապված է խոհանոցի հետ: Անգամ բարդ ու աշխատատար կերակրատեսակների պատրաստումը չէր հոգնեցնում նրան: Մանթին, սարման, հանրահայտ հումուսը կամ մածնով քյուֆթան ու էլի բարդ կերակրատեսակների պատրաստումը Փառանձեմի համար դժվար չէին: Հրավերների ժամանակ իսկույն կռահում էր մատուցված ճաշատեսակի բաղադրությունը, որպեսզի հետո փորձի տանը:
– Շատ կարևոր էր ճաշի մատուցման ձևը, քանի որ այն համարվում է ծիսակատարություն: Ճաշը մատուցվում էր այն ժամանակ, երբ տան տղամարդիկ աշխատանքից վերադառնում էին: Այդ պահից սկսվում էր կանանց եռուզեռը: Արագ-արագ, տեղը- տեղին սեղան էր գցվում: Կերակուրը պետք է լիներ թարմ, նույն օրվա պատրաստածը, իսկ, այ, նախորդ օրվանից մնացած ճաշը կանայք ուտում էին օրվա ընթացքում: Ախորժակը մեծապես կախված է ոչ միայն ճաշատեսակի համից, այլև մատուցման ձևից: Դա էլ է արվեստ», -ասում է Փառանձեմը և հավելում, որ սիրիահայերը գերադասում էին թարմ, էկոլոգիապես մաքուր մթերքները, բծախնդիր էին մսամթերքի և բանջարեղենի ընտրության հարցում:
Փառանձեմը հմտություն էր ձեռք բերել նաև խմորեղենի պատրաստման գործում, համտեսելուց հետո ծանոթները խորհուրդ էին տալիս նաև վաճառքի հանել դրանք: Բիզնեսով զբաղվելը նրա վաղեմի երազանքն էր, ուզում էր ընդամենը մի փոքրիկ խանութ կամ սրճարան ունենալ՝ ահա նրա ողջ երազանքը, որն այդպես էլ իրականություն չդարձավ: Սիրիայում սկսված պատերազմը խափանեց ամեն ինչ: Ամուսինը մնաց Հալեպում, իսկ նա երեխաների հետ եկավ Հայաստան այն հույսով, որ մեկ ամսից պատերազմը կավարտվի ու դարձյալ կվերադառնան Սիրիա: Իսկ երբ թեժ կռիվները հարկադրեցին գրեթե բոլոր սիրիահայերին լքել երկիրը, Փառանձեմի ամուսինը միացավ ընտանիքին:
Մեր զրույցի ընթացքում Փառանձեմը կարոտով ու սիրով էր հիշում Սիրիայում ապրած յուրաքանչյուր օրն ու տարին, դրացիներին ու բոլոր ծանոթներին, ովքեր նրան հիմնականում կոչում էին Գայանե: «Իմ պատրաստած խմորեղենը շատ էին հավանում, ասում էին Գայանեյի գաթան, Գայանեյի կարկանդակը»,- պատմում է Փառանձեմը:
Հայաստանում սկզբնական շրջանում դժվարությունները շատ էին: Բնակարան վարձելուց հետո Հմայակ և Փառանձեմ Մազմանյաները ախատանքով ապահովելու խնդրանքով դիմեցին Սփյուռքի նախարարությանը:
– Մեզ նման շատերն էին դիմում Սփյուքի նախարարությանը: Հայաստանում գտնվող սիրիահայերի մտահոգության հիմնական առարկան՝ աշխատանք կամ սեփական, թեկուզ փոքրիկ, գործ ունենալն է: Երբ տեղեկացանք, որ սփյուռքի և էկոնոմիկայի նախարարությունների նախաձեռնությամբ սիրիահայերին ընդգրկում են Փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման ազգային կենտրոնում հատուկ նրանց համար կազմակերպված 20 օր տևողությամբ դասընթացին, մենք էլ որոշեցինք փորձել մեր բախտը: Ամուսինս հաճախեց դասընթացներին, ու քանի որ նա մասնագիտությամբ ավտոմեքենայի շարժիչ վերանորոգող է, նրան աշխատանքի մի քանի տեղ առաջարկեցին: Սակայն ամենուրեք մերժում էին, քանի որ հաշմանդամություն ուներ: Ինձ հաջողվեց խմորեղենի արտադրամասում աշխատանք գտնել, սակայն կարճ ժամանակ անց առողջական լուրջ խնդիրների պատճառով դուրս եկա այնտեղից: Այսօր ես ու ամուսինս թոշակ ենք ստանում, ինչը բնականաբար չի բավարարում բնակարանի և կոմունալ վարձավճարներին», -պատմում է Փառանձեմը:
Սեփական գործ բացելու նպատակով ամուսինները 2,8 միլիոնի վարկ վերցրեցին, որը սակայն չբավարարեց արհեստանոցն անհրաժեշտ սարքավորումներով ապահովելու համար, ուստի հարկադրված վերցրին երկրորդ վարկը, ինչի արդյունքում հայտնվել են անելանելի վիճակում:
– Վարկային տոկոսների մարումը չափազանց դժվար է, ամուսնուս հետ միասին ստանում ենք 32 հազար դրամ թոշակ, իսկ արհեստանոցը դեռևս եկամուտ չի բերում: Օրեր առաջ կարիքավոր սիրիահայերի աջակցության նպատակով «Հայկական կարիտաս» ընկերության կողմից մեզ տրամադրվել են նվեր-քարտեր, որոնցով 6 ամիս շարունակ կարող ենք գնել դեղորայք, հագուստ-կոշիկ, ինչպես նաև սննդամթերք: Շնորհակալ եմ ցանկացած աջակցության համար, ինչպես Սփյուռքի նախարարությունից, այնպես էլ այն կազմակերպություններից, ովքեր մեզ նեղության մեջ չեն թողնում: Չգիտեմ, թե ինչ էի անելու, եթե չլինեին իմ բարի ու կամեցող հարևանները, ովքեր ամեն ինչով օգնում են մեզ: Առանց այդ ջերմության ու հոգատարության, երևի թե կխելագարվեինք»,-ասում է Փառանձեմը:
Սիրիահայ այս ընտանիքը թեև երախտապարտ է իրեն օգնության ձեռք մեկնողներից, սակայն երազում է ինքնուրույն աշխատանքով ոչ միայն բարելավել սեփական վիճակը, այլև պատասխանել, ինչ-որ բանով փոխհատուցել մարդկանց լավությանն ու բարեգթությանը: Այսօր Փառանձեմի ամենամեծ երազանքը ամուսնու զբաղվածությունն է, ու նաև երկու որդիների ուսման և իր աշխատանքի հարց ի լուծումն է:
Անցյալ տարվա դեկտեմբերին կառավարության շենքում սիրիահայերի աջակցության նպատակով կայացած ցուցահանդես-վաճառքում Փառանձեմը ներկայացրեց արևելյան խմորեղենի տեսականին: Արդյունքերից այնքան էլ գոհ չէր, քանի որ այցելուներին ներկայացված տեսականին նորույթ էր և թանկ: Իսկ մոտակա խանութների համար խմորեղեն պատրաստելը համարում է անիմաստ, քանի որ աշխատատար գործից ստացվող եկամուտը չնչին է:
Փառանձեմը հասկանում է, որ պետական աջակցությունը հարատև չէ, իսկ հարևաններին շարունակ նեղություն պատճառել չի ցանկանում:
– Այսուհետ սա է իմ երկիրը, Սիրիա վերադառնալու մասին չեմ էլ մտածում, ուզում եմ իմ աշխատանքով օգտակար լինել ընտանիքիս, հարևաններիս ու երկրիս: Հույսս չեմ կտրում, – ասում է Փառանձեմ-Գայանեն:
Անուշ Ներսիսյան
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Սիրիահայ ընտանիքներին կօգնի բնակարանապահովման նոր ծրագիրը
«Այստեղ մենք մեզ փախստական չենք զգացել»…
Դիտումների քանակը` 4746