Ի՞նչ է նախատեսում կառավարությունը սեռի հատկանիշով բռնության դեմ պայքարելու ուղղությամբ
Այսօր ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Սեռի հատկանիշով բռնության կանխարգելման 2015թ. միջոցառումների տարեկան ծրագրին, որն, ինչպես նշված է Կառավարության հաղորդագրությունում, նպաստելու է ոլորտի բարեփոխված օրենսդրության, երևույթն արտացոլող պետական տեղեկատվության հավաքման և բռնության ենթարկված անձանց աջակցության տրամադրման ընթացակարգերի ներդրմանը, երևույթի նկատմամբ հասարակության անհանդուրժողական վերաբերմունքի ձևավորմանը:
Նշենք, որ Ընտանեկան բռնության դեմ օրենքի ընդունումն այս տարի ծրագրով նախատեսված չէ, թեպետ ծրագրին կից տեղեկանք-հիմնավորման մեջ նշված է, որ անհրաժեշտ է քայլեր կատարել իրավական դաշտի կատարելոգործման ուղղությամբ: Ծրագրի հիմնական շեշտը դրված է սեռի հատկանիշով բռնության կանխարգելման, բռնության ենթարկված անձանց պաշտպանության, բռնություն կիրառողների հետապնդման ուղղությամբ միջոցառումների վրա: Նախատեսվում է տուժածներին մատուցվող ծառայությունների տրամադրման/որակի բարելավում, հիմնախնդրի լուծման գործում տղամարդկանց ու տղաների ներգրավվում: Մեծ տեղ է հատկացված ծրագրում պտղի սեռով պայմանավորված` հղիության արհեստական ընդհատումների կանխարգելմանը:
Ծրագրով նախատեսված են միջոցառումներ հետեւյալ ուղղություններով.
- Ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանություն, նրանց տրամադրվող ծառայությունների բարելավում ու այդ ծառայությունների առավել արդյունավետ կազմակերպում;
- Տարբեր ոլորտների մասնագետների որակավորման. նրանց ընտանեկան բռնության վերաբերյալ գիտելիքների հաղորդմանն ուղղված միջոցառումների իրականացում:
- Հասարակությունում սեռի հատկանիշով բռնության երևույթի կանխարգելմանը, բռնության երևույթի հանդեպ անհանդուրժողականության միջավայրի ձևավորմանը, սեռի հատկանիշով բռնությանը նպաստող կարծրատիպերի վերացմանը և սեռի հատկանիշով բռնության մասին իրազեկման բարձրացմանը, տեղեկավական և մեթոդական աջակցությանն ուղղված միջոցառումների իրականացում:
- Պտղի սեռով պայմանավորված` հղիության արհեստական ընդհատումների կանխարգելմանն ուղղված միջոցառումների իրականացում:
- Մշակել ընտանեկան բռնության դեմ պայքարի թեմաներով տեղեկատվական նյութեր, դրանք տարածել և տեղադրել ԶԼՄ-ներում, հեռարձակել ընտանեկան բռնության կանխարգելման վերաբերյալ թողարկումներ, ընտանեկան բռնությունը դատապարտող տեսահոլովակներ:
***
Նիստում հավանություն է տրվել նաեւ Կանանց և տղամարդկանց իրավահավասարության քաղաքականության 2015թ. միջոցառումների տարեկան ծրագրին: Առաջարկվող միջոցառումներն ուղղված են ազգային և տարածաշրջանային մակարդակներում հասարակական-քաղաքական, սոցիալական, տնտեսական և մշակութային կյանքի բոլոր ոլորտների քաղաքականության մշակման մեջ և քաղաքական պրակտիկայում գենդերային բաղադրիչի ներառմանը, ասված է Կառավարության հաղորդագրության մեջ:
Ծրագրով նախատեսված են միջոցառումներ հետեւյալ ուղղություններով.
- Կանանց և տղամարդկանց իրավահավասարության մշտադիտարկման և գնահատման, գործընկերային հարաբերությունների բարելավման մեխանիզմների ներդրմանն ուղղված միջոցառումների իրականացում:
- Կանանց և տղամարդկանց առողջության բարելավմանն ուղղված ծրագրերի իրականացում:
- Կանանց տնտեսական հնարավորությունների ընդլայնմանը, աղքատության հաղթահարմանը, գյուղական բնակավայրերի սոցիալ-տնտեսական զարգացման գործընթացներում կանանց մասնակցության հնարավորությունների ընդլայնմանը և շուկայական հարաբերություններում մրցակցային միջավայրի ձևավորմանն ուղղված միջոցառումների իրականացում:
- Կրթության և գիտության պետական քաղաքականության մեջ կանանց և տղամարդկանց իրավահավասարության վերաբերյալ գիտելիքների հաղորդմանն ուղղված միջոցառումների իրականացում:
- Մարզային և համայնքային մակարդակներում կանանց և տղամարդկանց իրավահավասարության քաղաքականության մշակման և իրականացման արդյունավետության բարձրացմանը, այդ աշխատանքների համակարգմանն ու մշտադիրակմանն ուղղված միջոցառումների իրականացում:
- Հասարակությունում կանանց և տղամարդկանց իրավահավասարության հիմնահարցերի լուսաբանմանը, սեռի հատկանիշով խտրական գործելակերպի հաղթահարմանը և զանգվածային լրատվամիջոցներով դրանց տարածմանն ուղղված միջոցառումների իրականացում:
Նշենք , որ երկու ծրագրերով էլ շեշտադրված է ԶԼՄ-ների դերը սեռի հատկանիշով խտրական գործելակերպի հաղթահարման եւ դրա հետ կապված խնդիրների լուսաբանման հարցում: Ընտանեկան բռնության դեմ պայքարում նախատեսվում է տեղեկատվական նյութերի մշակում եւ տարածում ԶԼՄ-ներում, այդ թվում ընտանեկան բռնության կանխարգելման վերաբերյալ թողարկումների եւ ընտանեկան բռնությունը դատապարտող տեսահոլովակների հեռարձակում:
Հիշեցնենք, որ նշված տարեկան ծրագրերը Հայաստանի Հանրապետության գենդերային քաղաքականության 2011-2015 թթ. ռազմավարական ծրագրի եւ Ընդդեմ գենդերային բռնության ազգային ծրագիրն ու ընդդեմ գենդերային բռնության 2011-2015 թթ. ռազմավարական ծրագրի անբաժանելի մասն են կազմում: Ուղղակի այս տարի կառավարությունը որոշել է հայացնել գենդերային տերմինաբանությունը, առաջարկելով օգտագործել «կանանց և տղամարդկանց իրավահավասարություն» եւ «սեռի հատկանիշով բռնություն» տերմինները, որոնք փորձագետների կարծիքով, ճշգրիտ չեն արտացոլում գենդերային քաղաքականության էությունը:
***
Կառավարության նիստում որոշվեց նաեւ 57 մլն դրամ հատկացնել 2015թ. մայիսի 5-ից 11-ը անցկացվող «Հավասար աշխարհ ունենալը հնարավոր է» երիտասարդական միջազգային խորհրդաժողովն անցկացնելու նպատակով: Ակնկալվում է , որ աշխարհի շուրջ 100 երկրից ժամանած երիտասարդները առաջարկություններ կմշակեն՝ ուղղված ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 70-րդ նստաշրջանին՝ նախանշելով կայուն զարգացմանը, կլիմայի փոփոխությանը, ցեղասպանությունների կանխարգելմանը և մարդկության համընդհանուր մարտահրավերների դիմակայմանն առնչվող լուծումներ:
Հ.Գ. Նյութում հիշատակված ծրագրերին եւ կից փաստաթղթերին կարող եք ծանոթանալ այստեղ.
Կարդացեք նաեւ թեմայի շուրջ մեր կայքում.
Կառավարությունը խուսափու՞մ է գենդերային տերմինաբանությունից
Ինչո՞ւ են ՀԿ-ներին մեղադրում «ընտանիք քանդելու» մեջ
Կանանց նկատմամբ բռնությունը թանկ է նստում աշխարհի վրա
«Առնվազն 700 տարի կպահանջվի լրատվամիջոցներում գենդերային հավասարությանը հասնելու համար»
ՄԱԿ- ը հավակնոտ նպատակ հռչակեց՝ մինչև 2030թ. հասնել գենդերային հավասարության
Կանանց երթը Նյու Յորքում « Մոլորակ 50/50» կարգախոսով
«Կապանքներից ազատենք կանանց ներուժը հանուն բոլորի համար ապահով ապագայի»
Տղամարդիկ պետք է ավելի մեծ դերակատարում ունենան ընտանեկան բռնության դեմ ուղղված պայքարում
Ինչպես փրկել Հայաստանի «չծնված աղջիկներին». հետազոտություն
Դիտումների քանակը` 4112