Ինչո՞ւ են ՀԿ-ներին մեղադրում «ընտանիք քանդելու» մեջ
Սեփական փոքրիկ բիզնեսը, աշխատանքն ու դստեր դասերը Հասմիկ Խաչատրյանի նոր առօրյան են, որոնք հնարավորություն տվեցին կրկին հավատալու սեփական ուժերին՝ վերարժևորելու կյանքն ու ընտանեկան արժեքները, որոնք 9 տարի շարունակ միայն բռնությամբ ու ծեծով էին բնորոշվում: Երկու տարվա պայքարից հետո Հասմիկն արդեն ժպիտով է նայում դժվար անցյալին, հուշ մնացած բռնության հետևանք սպիներին, և իր կյանքի փրկության համար շնորհակալ է կանանց խնդիրներով զբաղվող մի քանի կազմակերպություններին, որոնք, մինչդեռ շատ հաճախ քննադատվում ու մեղադրվում են «ընտանիքներ քանդելու» մեջ:
29-ամյա Հասմիկ Խաչատրյանի, նույն ինքը Գավառից բախտագուշակ Վարսիկի հարսի մասին վերջին երկու տարիներին բավականին շատ խոսվեց: Ամուսնու շարունակական ծեծերից մի քանի անգամ մահվանից ազատված երկու երեխաների մայրը հերթական բռնության ժամանակ գիշերով փախել էր տնից, որից հետո ծնողները նրան տեղափոխել էին Երևան և ամուսնու բռնության հետևանքները բուժելու համար հիվանդանոցում հայտնված կնոջը տեղեկացրել էին կանանց իրավունքներով ու ընտանեկան բռնության կանխարգելմամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների մասին:
«Ես վախենում էի հիվանդանոցում մնալուց, վստահ էի, որ սկեսուրս էդտեղ էլ ծանոթներ կունենա ու ինձ կգտնեն, ասացի, որ ամուսինս է ծեծել, քույրերից մեկն ասաց շատ կազմակերպություններ կան, որ նման հարցերով զբաղվում են, համար տվեց, բայց մի քանի օր անց միայն որոշեցի զանգել կազմակերպություն, ասացի տեղս, մեքենայով եկան իմ հետևից,-ասում է Հասմիկն ու միայն հիմա անկեղծանում, որ զանգահարելիս որևէ հույս չուներ, թե նրան կկարողանան ինչ որ բանով աջակցել,- Ամեն ինչ կազմակերպությունն արեց ինձ փրկելու և այդ վիճակից հանելու համար: Իրենց իրավաբանը բոլոր հարցերով զբաղվում էր, միշտ կողքիս էր, ես ահավոր վատ վիճակում էի, ոչինչ չէի հասկանում»:
Կնոջը խոշտանգելու մեջ մեղադրվող Հասմիկի ամուսնուն՝ Սարգիս Հակոբյանին, դեկտեմբերի վերջին Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 1.5 տարվա ազատազրկման դատապարտեց և համաներմամբ ազատ արձակեց, նա փաստորեն այդպես էլ ոչ մի օր չազատազրկվեց: Սակայն դատարանի որոշումից օրեր անց հայտնի դարձավ, որ Հակոբյանին ձերբակալել են ծնողներին ծեծելու, նրանցից գումար շորթելու և տունը հրկիզելու փորձ կատարելու համար։
Իսկ Հասմիկը շարունակեց պայքարը, ընդգրկվեց «Ընտանեկան բռնության շղթայի կոտրում` կանանց տնտեսական հզորացման և շահերի պաշտպանության միջոցով» ծրագրի մեջ, որն ընտանեկան բռնության ենթարկված կանանց տնտեսական անկախությունն ապահովելու և նոր կյանք սկսելու հնարավորություն է ընձեռում (իրականացվում է Մերձավոր Արևելքի հիմնադրամը «Բիզնես պարետա» ՍՊԸ-ի և «Կանանց աջակցման կենտրոնի» հետ համատեղ՝ Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի ֆինանսական աջակցությամբ): Այս ծրագրով Հասմիկը ստացավ հմտություններ ու ֆինանսական աջակցություն սեփական փոքրիկ բիզնեսն սկսելու համար՝ պատրաստում է Գավառի գաթա, փախլավա ու հանձնում խանութներին:
«Երբ հետ եմ նայում, ու երբ ինձ եմ նայում, լրիվ տարբեր մարդիկ ենք, տարբեր մտածելակերպով, տարբեր հույսերով ու ցանկություններով: Ամեն ինչի սկիզբն է դժվար, սոցիալական աշխատողն եկավ ասաց, որ համակարգչային դասերի է գրանցել, ասեցի չեմ գնա, վախեցա, ինձ էնքան էին ասել, որ ես չեմ կարող, ես չեմ հասկանա, բայց գնացի ու տեսա, որ լավ էլ կարող եմ: Ես հիմա ինձ համարում եմ կայացած կին, իմ առաջնային նպատակն է տղայիս հետ վերադարձնելը, գիտեմ, որ վտանգներից չեմ պրծել, գիտեմ, որ ամեն պահ էլ կարող ա գա ու հարվածի, բայց եթե հիմա գա ինձ սպանի էլ, ես կասեմ շնորհակալ եմ քեզ Աստված, ես երկու տարի ապրել եմ»,-ասում է Հասմիկ Խաչատրյանն ու հավելում, որ եթե չլինեին կանանց խնդիրներով զբաղվող մի քանի կազմակերպությունները, իր անունն էլ միգուցե շուտով կհայտնվեր ընտանեկան բռնության հետևանքով մահացած կանանց շարքերում, որոնց թիվը 2014-ին հասել է 11-ի:
Ըստ Հայաստանի Ոստիկանության պաշտոնական տվյալների, 2012թ. գրանցվել է ընտանեկան բռնության 766 դեպք, որի հետևանքով 5 կին մահացել է՝ թողնելով 12 մանկահասակ երեխա:
2013-ին արձանագրվել է իգական սեռի նկատմամբ բռնության 2054 դեպք, որից 580-ը գրանցվել է ընտանիքում, որի հետևանքով էլ մահացել է 3 կին` առանց մայրական խնամքի թողնելով 6 մանկահասակ երեխա:
2014-ի առաջին ութ ամիսների ընթացքում իգական սեռի նկատմամբ բռնության 1501 դեպք է գրանցվել, որից 374-ն ընտանիքում: Բռնության հետևանքով անցած տարի մահացել է 11 կին։ 2015-ից տվյալներ թեև դեռևս չկան, սակայն ամենաթարմ դեպքը գրանցվել է հենց կանանց տոնի օրը, ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ մարտի ութին ոստիկանության Արտաշատի Դալար գյուղում 54-ամյա ամուսինը տանը վիճաբանության ժամանակ ձեռքերով հարվածել է 33-ամյա կնոջ գլխին և մարմնի տարբեր մասերին` պատճառելով վնասվածքներ:
Սակայն ընտանեկան բռնության կանխարգելմամբ զբաղվող հայաստանյան մի շարք հասարակական կազմակերպություններ, որոնց թեժ գծերը ևս չեն լռում, վստահեցնում են, որ այս թվերն այսբերգի միայն երևացող մասերն են, քանի որ բռնության դեպքերը սովորաբար այդպես էլ մնում են ընտանեկան պատերի ներսում:
Լռե՞լ, թե՞ պայքարել
Ու չնայած ՀԿ-ները բարձրաձայնում են, որ երեք միլիոնից էլ պակաս բնակչություն ունեցող Հայաստանի համար սրանք մեծ թվեր են, սակայն Հայաստանում ընտանեկան բռնության խնդիրը քողարկվում է ավանդապաշտության տակ ու նշվում, որ հարկ չկա «սողոսկել հայկական ընտանիքներ»: Իսկ ՀԿ-ները, որոնք զբաղվում են կանանց դերի, իրավագիտակցության բարձրացմամբ՝ այդ կերպ փորձելով կանխել ընտանեկան բռնությունները, մեղադրվում են «գրանտի համար ընտանիք քանդելու» մեջ:
2001-ին հիմնադրված «Հասարակություն առանց բռնության» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Աննա Նիկողոսյանը սակայն ասում է, որ իրենց նպատակն ու իմաստը ոչ թե ընտանիքների կազմաքանդումն է, այլ ընդհակառակը՝ դրանց ամրապնդումը, ուժեղացումն ու դերի բարձրացումն է:
«Մեզ մեղադրում են, քանի որ չեն ուզում հասկանալ մեր առաքելությունը, ինչպես նաև վախենում են: Մարդիկ վախենում են, մտածելով, որ եթե կինը դառնա անկախ և ուժեղ, դա միանշանակորեն բացասական ազդեցություն է ունենալու ընտանիքի վրա, եթե կինն ունենում է սեփական կարծիք, պահանջատեր է լինում իր իրավունքների համար, որոշ մարդիկ մտածում են, թե դա վատ է ընտանիքի համար, մինչդեռ հակառակը, ընտանիքը միայն շահում է, երբ բոլոր անդամները հարգված են, բոլորն ունեն տեսակետներ, բոլորի տեսակետները հաշվի են առնվում որոշում կայացնելիս»,- ասում է Նիկողոսյանը՝ հավելելով, որ թյուր ընկալում կա արժեքային համակարգի և ավանդույթների մեջ, քանի որ խոսվում է այն մասին, որ կինը պետք է լինի հնազանդ, չունենա սեփական կարծիք, կնոջ միակ դերը մայր լինելն ու խոհանոցն է.
«Չեն գիտակցում, որ Հայաստանի բնակչության կեսից ավելի ռեսուրսը հենց այս պատճառով չի օգտագործվում թե՛ տնտեսության, թե՛ հասարակության, թե՛ քաղաքականության մեջ:
Ըստ Նիկողոսյանի՝ որոշակի խմբեր ՀԿ-ների մասին պարզապես սուտ տեղեկատվություն են տարածում՝ հաճախ անձինք հիմնվելով դրանց վրա բորբոքվում, քննադատում ու սպառնում են ՀԿ-ներին:
Կանանց խնդիրներով հետաքրքրվող, ակտիվ քաղաքացի Աննա Շահնազարյանը՝ կարծում է, որ ՀԿ-ներին քննադատում են հիմնականում իշխանություն, ուժ, դիրք, ունեցող տղամարդիկ:
«Սա շատ տիպիկ պատրիարխալ իշխանության արտահայտման ձև է: Իրենք հասկանում են, որ եթե իրականացվում է ընտանիքների ազատագրման գործընթաց, բնական է, որ այդ ազատագրման գործընթացը կարող է տարածվել հասարակության մյուս շերտերում, և բնականաբար դա իրենց համար լուրջ վտանգ է»,-ասում է Շահնազարյանը, ով թեև կարևորում է կանանց հիմնահարցերով զբաղվող հայաստանյան մի քանի հասարակական կազմակերպությունների աշխատանքը, որոնք մշտապես բարձրաձայնում են կանանց իրավունքների, խնդիրերի մասին, սակայն սխալ է համարում, որ այս բեռը թողնվել է միայն ՀԿ-ների ուսերին, մինչդեռ. «սա բոլորի խնդիրն է, հատկապես պետական կառույցների»:
ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը ևս կարևորում է այս ոլորտում աշխատող ՀԿ-ների դերն ու համագործակցությունը ոստիկանության համակարգի հետ:
«Մենք համագործակցում ենք բոլոր տեղական և միջազգային հասարակական կազմակերպությունների հետ, որոնք քիչ թե շատ աշխատանք են կատարում այս ուղղությամբ: ՀԿ-ների դերակատարությունը բավականին մեծ է տվյալ գործընթացում. մենք դեռևս չունենք պետական միջոցներով ֆինանսավորվող ապաստարաններ, իսկ այսօր ՀԿ-ների հովանու ներքո գործող ապաստարանները, որոնք անհրաժեշտության դեպքում աջակցություն են ցուցաբերում ընտանեկան բռնության զոհերի ընտանիքներին, տուժածներին կարևոր դերակատարություն ունեն, բացի այդ առաջին օգնություն ու երկարատև հոգեբանական ծառայություն էլ են մատուցում ՀԿ-ները, ինչը ևս խիստ կարևոր է»,-ասում է Դուրյանը՝ հավելելով, որ դեռևս 2002թ.-ից ակտիվ համագործակցում են «Կանանց իրավունքների», «Կանանց աջակցման», «Կանանց ռեսուրսային» և նմանատիպ այլ կենտրոնների հետ:
Քննադատողների որոշ մասն էլ վստահ է, որ հայ ընտանիքներում խնդիրները պետք է լուծվեն այլ ճանապարհներով՝ չհակադրելով ավանդականությանն ու ընդունված հասարակական նորմերին:
Սոցիոլոգ, «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանն ասում է, որ հայ հասարակության մեջ կանանց իրավունքները պաշտպանելը հակասում է մեր ավանդական դրույթին, որտեղ կինը սուբդոմինանտ է:
«Այդ ՀԿ-ներն ուզում են հավասարություն, որին պատրաստ չէ թե՛ այս սերունդը, թե՛ նախորդ սերունդները: Դա չի նշանակում, որ հայ կինը նսեմացված, խեղճ էակ է, որը տղամարդու կրունկի տակ է: Մենք եզակի այն մշակույթի կրողն ենք, որտեղ կինն ունեցել է իր սոցիալական տարածքը, որտեղ նա եղել է հարգված, ֆունկցիոնալ իր դերակատարությունը կատարել է, ինքն է ընտրել իր ամուսնուն, իրեն չեն վաճառել, չեն ստիպել ամուսնանալ, այսինքն նա բավականին ինքնուրույնություններ է ունեցել: Դրանով մենք բավականին տարբերվում ենք Եվրոպայից, էլ չեմ ասում ասիական երկրներից»,- ասում է սոցիոլոգը՝ հավելելով, որ այսօր հայ կանայք չեն ուզում «աղբը տնից հանեն», երևան ծեծված, նսեմացված:
Ադիբեկյանն ընդունում է, որ կան խնդիրներ, սակայն բարձրացնում է լուծման տարբերակների ընտրության հարցը. եվրոպական դեղատոմսերով, թե՞ սեփական:
«Այսօր գալիս են միջազգային կառույցների մասնագետներ, սկսում են եվրոպական չափանիշներով խոսել, մերոնք չեն հասկանում: Բոլոր դեպքերում կինն այսօր աշխատում է, հիմնականում ինքն է կարողանում ապահովել ֆինանսական վիճակը, տղամարդու դերակատարությունը բավականին փոխվել է: Դա դաստիարակման համակարգի վրա է ազդում, որը բավականին լուրջ հետևանքներ կարող է ունենալ»,-ասում է Ադիբեկյանը:
«Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ նախագահ Մարո Մաթոսյանն ասում է, որ հատկապես հայ հասարակության մեջ ընտանիքը շատ մեծ կարևորություն ունի, պետության չունենալը, հալածվելը նպաստել է, որ ընտանիքն ավելի մեծ դեր կատարի, քանի որ հենց ընտանիքն է եղել բջիջը, որն ապահովել է ազգի շարունակությունը:
«Սակայն ի՞նչ ընտանիք է, երբ ամուսինը հայհոյում, թքում է կնոջ վրա, ծեծում- ջարդում է կնոջ ոսկորները, փակի տակ է նրան պահում, ի՞նչ ընտանիք է դա, որ անդադար վախի մեջ է, դա առողջ մթնոլորտ չէ, ուստի առողջ ընտանքի չի կարող լինել: Առողջ ընտանիքը ուժեղ հասարակության հիմքն է և այն մարդիկ, ովքեր չեն հասկանում, թե որն է ընտանեկան բռնությունը, նրանք մեզ մեղադրում են ընտանիքներ քանդելու մեջ, սակայն մենք ոչ թե ընտանիք ենք քանդում, այլ փրկում ենք կյանք»,-ասում է Մաթոսյանը՝ նշելով, որ իրենց դիմած կանայք 10-15 տարի բռնության մեջ են ապրած լինում և հենց դա է պատճառը, որ նրանք չեն ցանկանում այլևս միանալ իրենց ամուսիններին:
Ամուսնուն միանալու տարբերակները բացառում է նաև 26-ամյա Սիրանուշը (անունը փոխված է), ով 7 տարի շարունակ ամուսնու և նրա ընտանիքի մյուս անդամների կողմից պարբերաբար ճնշումների, ստորացումների ու բռնության է ենթարկվել:
«Մեծ ընտանիք էր, սկեսուր, սկեսրայր, տեգր, տեգրակին, տատիկ, ու շատ վատ էր իմ վիճակը. ծեծ, ջարդ, հայհոյանք, կռիվ, ամուսինս հա՛մ խմում էր, հա՛մ ուռում: Ես միշտ իր ծնողներին ասում էի, որ սա անտանելի է, այսպես չեն ապրում, մի հնար արեք, իրենք էլ դեռ մի բան էլ ինձ էին ասում, որ գիժ եմ ու քանի որ հեռավոր մարզից էի, ասում էին անտեր եմ ու վերջում էլի ես էի մեղավոր դուրս գալիս»,-պատմում է Սիրանուշն ու հավելում, որ մի քանի անգամ հեռացել է ամուսնուց, սակայն ծնողների հորդորով, կրկին հետ է վերադարձել:
Սակայն երբ արդեն դանակը ոսկորին է հասել, Սիրանուշը, ոստիկան բարեկամից իմանալով ՀԿ-ների մասին, դիմել է:
«Ես ասում էի, որ ինձ կսպանեն, մի օր կտեսնեք, որ ես չկամ, անտանելի վիճակի մեջ էի, այլևս ձև չկար, վերջին անգամ այնպես էր ծեծել, որ ես ընկել էի գետին, ուշաթափ, արյան մեջ լրիվ ու էդ ամենը վեց տարեկան երեխայիս աչքի առաջ, երեխայիս հոգեկանն այդ սթրեսներից լրիվ խանգառվել էր, էլ չդիմացա, փախա երեխայիս հետ, հետո իմացա, որ ամուսնուս հոգեբուժարան են տարել, մինչդեռ ինձ էր ասում գիժ, բայց կարևորը ես արդեն յոթ ամիս է դուրս եմ եկել իրենց տնից,-ասում է Սիրանուշը, հիշելով, որ մինչև այդ թեև լսել էր նմանատիպ կազմակերպությունների մասին, սակայն չէր հավատում ու չէր էլ փորձել դիմել:
«Ոստիկանն է ուղղորդել ինձ այստեղ, ես ոստիկանին ասում էի ինձ բերդ ես տանում, նա ծիծաղում էր, թե ինչ բերդ, կգնանք կտեսնես: Առանց պատկերացնելու եկել եմ, փառք Աստծո, բոլորից շատ շնորհակալ եմ»:
Երկու ամիս կացարանում ապրելուց հետո Սիրանուշը բնակարան է վարձակալել, որտեղ էլ այսօր ապրում է երեխայի հետ ու թեև ֆինանսապես այնքան էլ ապահովված չի, սակայն նշում է, որ գերադասում է այդ վիճակը:
«Էն ժամանակ գիշեր ցերեկ աշխատում էի հազիվ ամուսնուս ծխախոտի ու ալկոհոլի գումարն էի հասցնում տալ, բայց գիտեմ, որ հիմա կարող եմ իմ երեխայիս պահել, ավելի լավ է մեկ կտոր սև հաց ուտենք, սակայն հանգիստ խղճով անկողին մտնենք ու ծեծ ու ջարդից հեռու մնանք: Ես ինքս նեղվում եմ, որ երեխաս հայր չի ունենա, սակայն այդպիսի հայր ումն է պետք: Թող մեծանա ինքը որոշի կուզենա կապ պահել և գնալ իրենց մոտ, թե ոչ, ես չեմ արգելում»,- ասում է Սիրանուշը:
Բռնության ենթարկված կնոջ ու իր երեխայի հետ աշխատել են կենտրոնի հոգեբանները ու Սիրանուշը նշում է, որ արդեն դուրս է եկել սթրեսային իրավիճակից և փորձում է առաջ շարժվել:
Աննա Շահնազարյանը նշում է, որ կարևոր է և վաղուց արդեն ժամանակն է անցնել կանխարգելիչ գործողությունների:
«Պետք է այնպես անել, որ կինը լինի ապահով, պետք է անել ամեն բան, որպեսզի մենք գործ ունենանք ոչ թե արդեն բռնության ենթարկված կնոջ իրավունքները պաշտպանելով, իր հարցն արդարադատության միջոցով լուծելով, այլ ինչ անենք որպեսզի հարցը չհասնի դրան, կինը կարողանա ինքնապաշտպանվել, տղամարդն իմանա, որ ինքը չի կարող բռնություն կիրառել»,-ասում է Շահնազարյանը:
Ոմանց կարծիքը, թե ՀԿ-ները «քանդում են ընտանիքներ» նույն ՀԿ-ների շահառուները միանգամայն հերքում են ու կարծում, որ այդ կարծիքը ձևավորվել է, քանի որ ՀԿ-ները հիմնականում բարձրաձայնում են ծանր դեպքերի մասին, որոնց լուսաբանումը հետագայում արդարադատության նկատառումներից ելնելով էլ կարևոր է: Սակայն լուսանցքում են մնում այն դեպքերն ու ընտանիքները, որոնք հենց այդ նույն ՀԿ-ների շնորհիվ կարողացել են վերգտնել ընտանեկան անդորրն ու շարունակում են համատեղ կյանքը:
37-ամյա Արմինեն (անունը փոխված է) 14 տարվա ամուսնական կյանքի ընթացքում թեև ֆիզիկական բռնության այդքան հաճախ չի ենթարկվել, սակայն սկեսուրն ու սկեսրայրը նրան պարբերաբար ենթարկել են հոգեբանական ճնշման, ինչը նրան հոգեկան խանգարումների է հասցրել:
«Բաժանվելու հարց էր դրված արդեն, էլ չէի դիմանում, շատ ծանր հոգեբանական վիճակի մեջ էի, երեխաներիս վրա էլ էր ազդում, 2014-ի ամռանն ամեն բան ավելի լարվեց, ընկերներս նկատեցին իրավիճակս ու առաջարկեցին դիմել կանանց խնդիրներով զբաղվող կազմակերպություն,-ասում է երկու երեխաների մայրն ու հավելում, որ կազմակերպությանը ժամանակին դիմելու շնորհիվ կարողացել է փրկել իր ընտանիքը,- հոգեբան տրամադրեցին, բավականին երկար աշխատեց հետս ու իմ կյանքում բավականին փոփոխություններ է տեղի ունեցել դեպի դրականը»:
Արմինեն ասում է, որ հիմա ընտանիքում առավել հաճելի մթնոլորտ է, ասում է ՝ընտանիքը քայքայելը մի քանի վայրկյանի հարց է, սակայն ամուր ընտանիքի համար պետք է պայքարել և հպարտ է, որ իր պայքարը տվել է դրական արդյունքներ:
ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Վարդանյանը ևս կարծում է, որ հնարավորինս շուտ միջամտությունը կարող է փրկել և ոչ թե քանդել ընտանիքը:
«Եղել են դեպքեր, երբ մի քանի օրով հեռացրել ենք ամուսնուն, աշխատանք են տարել նրա հետ և ի վերջո, այդ ընտանիքը վերականգնել է իր խաղաղությունն ու հիմա էլ շատ երջանիկ ապրում են, փոքր աջակցությունն ու միջամտությունը կարող է փրկել, կանխել հետագա վտանգավոր զարգացումները» ,- ասում է Վարդանյանը:
39-ամյա Արմենը (անունը փոխված է) իր ընտանեկան կյանքի փրկության համար իրեն պարտական է համարում հենց ժամանակին օգնության հասած սոցիալական աշխատողին՝ «Հասարակություն առանց բռնության» ՀԿ արագ արձագանքման խմբի ծրագրի համակարգող, սոցիալական աշխատող-հոգեբան Սոնա Հովակիմյանին:
«Կնոջս հետ վաղ տարիքում ենք ամուսնացել ու միշտ շատ խնդիրներ էինք ունենում, որը կապված էր թե՛ մեր սոցիալական վիճակի, թե՛ կնոջս առողջության հետ: Անընդհատ վեճերի մեջ էինք: Կինս դիմել էր Սոնային, ինքը կնոջս շատ օգնել էր, հետո էլ ասում էին, որ ինձ հետ աշխատի,-ասում է Արմենն ու անկեղծանում, որ երկար ժամանակ խուսափում էր հոգեբանի հետ հանդիպումներից,-բայց այդ աղջիկն եկավ մեր տուն, ժամերով զրուցում էր մեր հետ, մեր ամենադժվար պահին էլ մեր կողքին էր: Իր այցելությունները, իր զրույցներն ահագին օգուտ տվեց»:
Երեք երեխաների հայր Արմենն ասում է, որ արդեն մեկ տարուց ավելի իր ընտանիքում տիրում է անդորր ու թեև լինում են վեճեր, սակայն դրանք երբեք չեն ավարտվում կռիվներով, ինչպես նախկինում:
«Իմ փորձը ցույց է տալիս, որ այդ փոքրիկ օգնությունը փրկեց մեր կյանքը, մենք շատ վատ դրության մեջ էինք ու չէինք կարծում, թե մեկը կկարողանա մեզ օգնել»,-ասում է Արմենը:
Գոհար Աբրահամյան
Դիտումների քանակը` 4228