«Կանայք, առաջնորդություն և զարգացում». մագիստրոսական նոր ծրագիր

Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) Գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոնը (ԳՀԱԿ) և Սոցիոլոգիայի ֆակուլտետը հայտարարում են 2015-2017 թթ. ընդունելություն Սոցիոլոգիայի  ֆակուլտետում`  «Կանայք, առաջնորդություն և զարգացում»  մասնագիտացմամբ երկամյա նոր ծրագրի համար: Ուսումնական ծրագրի ավարտին շրջանավարտները ձեռք կբերեն Սոցիոլոգիայի մագիստրոսի կոչում` «Կանայք, առաջնորդություն և զարգացում» մասնագիտացմամբ: Մագիստրոսական ծրագիրը սպասարկվելու է Կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի կողմից:

 

«Կանայք, առաջնորդություն և զարգացում» մագիստրոսական ծրագիրը Հայաստանում առաջինն է և ներառում է կրթական այնպիսի մոդուլներ, ինչպիսիք են՝

 

•             Կանանց համաշխարհային շարժման պատմությունը 19-րդ և 20-րդ դարերում,

•             Մշակութային հաղորդակցություն և գենդերային խտրականություն,

•             Կանանց առաջնորդությունը գլոբալացման համատեքստում,

•             Գենդեր և սոցիալական քաղաքականություն,

•             Գենդերային հետազոտությունների մեթոդաբանություն,

•             Կանայք և սոցիալական շարժումները հետխորհրդային ժամանակաշրջանում,

•             Հաղորդակցման գենդերային առանձնահատկությունները,

•             Կանայք, առաջնորդություն, կառավարում,

•             Ռազմավարական կառավարում:

 

«Կանայք, առաջնորդություն և զարգացում» մագիստրոսական ծրագրի շրջանակներում դասավանդող դասախոսներն ունեն մասնագիտական բարձր պատրաստվածություն և ակտիվ մասնակցություն են ունեցել Հայաստանում կանանց առաջնորդությանն ուղղված գործընթացներին և հետազոտություններին: Դասախոսական կազմի վեց անդամներ 2013-2014 թթ. նաև վերապատրաստվել են Արիզոնայի պետական համալսարանի (ԱՊՀ) Սոցիալական փոխակերպումների ֆակուլտետում:

 

Մագիստրոսական ծրագրի ուսանողներին հնարավորություն կընձեռվի ունենալու մենթորներ և գիտական ղեկավարներ Արիզոնայի պետական համալսարանի Կանանց և գենդերային ուսումնասիրությունների ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմից:  Այժմ քննարկման փուլում են ԵՊՀ-ի և ԱՊՀ-ի կողմից համատեղ մշակված առցանց դասընթացներ առաջարկելու և միացյալ կրթական աստիճան ստեղծելու հնարավորությունները, ինչը մագիստրոսական ծրագրի ուսանողներին թույլ կտա ներգրավվել ցանկացած համատեղ առցանց դասընթացում և ստանալ ԱՊՀ-ի հետ միացյալ կրթական աստիճան:

 

ԵՊՀ Գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոնի (ԳՀԱԿ) գործունեության ընթացքում հայերենով թարգմանվել է կանանց, գենդերային, ինչպես նաև առաջնորդական ուսումնասիրությունների ծավալուն գրականություն: Բացի այդ՝ կենտրոնում հասանելի են կրթական մի շարք ռեսուրսներ, որոնք հնարավորություն կտան ապագա ուսանողներին ձեռք բերելու մասնագիտական բարձր պատրաստվածություն: Մագիստրոսական ծրագրի ուսանողները հնրարավորություն կունենան նաև ներգրավվելու Կենտրոնի կողմից իրականացվող հետազոտական աշխատանքներին:

 

Մագիստրոսական ծրագիրը իրականացվում է որպես ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) «Կանանց առաջնորդություն. Հայաստանում գենդերային հավասարության ապահովման և կանանց հնարավորությունների ընդլայնում» եռամյա ծրագրի արդյունք:

 

ԵՊՀ Գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոնը (ԳՀԱԿ) իրականացնում է հետազոտական, կրթական լայնածավալ գործառույթներ և հայաստանյան բարձրագույն ուսումնական հաստատությունների, տեղական հասարակական և միջազգային կազմակերպությունների հետ համատեղ աջակցում է կանանց մասնագիտական առաջխաղացմանը: ԵՊՀ ԳՀԱԿ նպատակն է բարձրացնել հայ հասարակությունում գենդերային հիմնախնդիրների վերաբերյալ տեղեկացվածության  մակարդակը,  ուսանողներին  ապահովել  կանանց և գենդերային  ուսումնասիրությունների վերաբերյալ կատարելագործված դասընթացներով, կազմակերպել կարիերայի զարգացմանը նպաստող սեմինարներ և դասընթացներ, զարգացնել գենդերային հիմնախնդիրների շուրջ հանրային քննարկումները և որպես հետազոտական կենտրոն՝ ծառայել գենդերային հավասարության ու կանանց առաջնորդության հիմնախնդիրներին վերաբերող հետազոտությունների ու պետական քաղաքականության առաջխաղացմանը:

 

Հավելյալ տեղեկությունների համար կարող եք դիմել ԵՊՀ Գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոն՝ զանգահարելով 060 710390 կամ գրելով cgls@ysu.am էլ. հասցեին:

 

Ուսման վարձավճարը 1 տարվա համար կազմում է 450 000 ՀՀ դրամ:

 

2015-2017 թթ. մագիստրատուրայի ընդունելության փաստաթղթերն ընդունվում են`

Առաջին փուլ` 2015 թ. մայիսի 19-ից հունիսի 4-ը (բակալավրիատի 4-րդ կուրս ավարտած այն ուսանողների համար, ովքեր շարունակում են ուսումը նույն մասնագիտությամբ)

Երկրորդ փուլ` 2015 թ. հունիսի 10-ից հունիսի 25-ը (բաց է բոլորի համար)

Երրորդ փուլ` 2015 թ. հուլիսի 3-ից օգոստոսի 25-ը (բաց է բոլորի համար)

 

Մագիստրատուրայի ընդունելության քննություններն անցկացվում են`

Առաջին փուլի դիմորդների ընդունելությունը կանցկացվի հարցազրույցի հիման վրա: Երկրորդ և երրորդ փուլերի ընդունելությունը ներառում է քննություն և հարցազրույց:

Երկրորդ փուլ` 2015 թ. հունիսի 27-ից հուլիսի 2-ը

Երրորդ փուլ` 2015 թ. սեպտեմբերի 1-ից սեպտեմբերի 5-ը:

 

Մագիստրատուրայի ընդունելության և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին ծանոթանալու համար դիմել՝ 

ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 6-րդ հարկ, Մագիստրատուրայի բաժին:

 

 

Դիտումների քանակը` 5381

Գլխավոր էջ