Նախարարը ներողություն խնդրեց անհաջող համեմատության համար
«Կարտոֆիլն էլ աղջկա պես է՝ առաջին ուզողին տվեք», «Պահանջում ենք ներողություն խնդրել ՀՀ բոլոր աղջիկներից», «Ձեր աղջիկը լսել է ձեր ասածը» – նման ցուցապաստառներով կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա էին կազմակերպել մի շարք երիտաասարդ ակտիվիստներ, որոնք որոշել էին պաշտպանել հայ աղջիկների պատիվը կարտոֆիլի հետ համեմատություններից : Անհաջող արտահայտության հեղինակն էր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը , ով Շիրակի մարզում ֆերմերների հետ հանդիպման ժամանակ խորհուրդ էր տվել նրանց արագ վաճառել կարտոֆիլը առաջնորդվելով ` «աղջկա ուզողը գալիս ա` պիտի տաս» ասացվածքով:
Նշենք, որ ֆերմերները դժգոհել էին կարտոֆիլի իրացումից, ինչին գյուղնախարարը պատասխանել էր. «Պահում, պահում, պահում եք, հետո երբ պետք ա ձեզ, ասում եք` արի, էն էլ ասում ա, արդեն էլ չեմ վերցնում, պահել-փչացրել ես, երբ գնորդը գալիս ա պետք ա ապրանքդ տաս: Էն որ տենց խոսք կա` աղջկա ուզողը գալիս ա` պիտի տաս»:
Ակտիվստների պահանջն էր , որ Սերգո Կարապետյանը ներողություն խնդրի՝ հայ աղջիկներին կարտոֆիլների հետ համեմատելու համար: Նախարարն, ի դեպ, ընդունել է ակցիայի մասնակիցներին և ափսոսանք է հայտնել, որ ակամայից իր խոսքը որպես վիրավորանք է ընկալվել: «Եթե որեւէ մեկին վիրավորել եմ, ապա հայցում եմ նրանց ներողամտությունը», – ասել է նա:
Դիտումների քանակը` 3752