Այս Մարտի 8-ն իմը չէ
Կերուխումի սեղանի շուրջ հավաքված տղամարդիկ կենացներ են ասում, եւ ի թիվս այլի, խմում են նաեւ կանանց կենացը` իբրեւ հարգանքի նշան: Ու դա` այդ հրապարակային հարգանքի դրսեւորումը, երկար ժամանակ բավականացնում է, որ կանայք իրենց հարգված, սիրված, իրենց նկատմամբ դրսեւորվող բնական վերաբերմունք համարեն:
Մի մեծ կերուխում է նաեւ Մարտի 8-ը. կանայք սպասում են, որ տղամարդկանց աշխարհում իրենց ուշադրություն դարձնեն, պաշտոնապես հայտարարվի նվեր-տվության մեկնարկն, ու նվերներ, պաշտոնական հարգանք ու սեր ստանան:
Սա այն օրն է, երբ պաշտոնյաները ճոխացված բառապաշարով խոսում են հայ կնոջ դերի, նրա կարեւոր նշանակության մասին հայ ընտանիքում, հատուկ “հարգում” կին պատգամավորներին, կին արվեստագետներին, ծաղկեփնջեր ու պատվոգրեր նվիրում: Սա այն օր է նաեւ, երբ այդ բոլոր պատիվներին տոնական հարդարված ու հագնված կանայք համեստորեն սպասում են, ակնկալում, որ իրենց շնորհ արվի, տղամարդիկ իրենց ուշադրություն դարձնեն:
Ի սկզբանե օրվա նշանակությունը կանանց իրավունքների հավասարության պայքարն է, սակայն մեզնում առկա ինքնավերաբերմունքը լիովին հակասում է տոնի խորհրդին, քանի որ պայքարում ենք ոչ թե իրավահավասարության, այլ նկատվելու, կոմպլիմենտներ, նվերներ, ուշադրության նշաններ ստանալու համար: Սա նման է վիճակին, երբ հյուր ես գնում, որտեղ դու ազատ չես քո գործերում, ու քեզ պետք է լավ պահես, հակառակ դեպքում տանտերը կարող է եւ հյուրասիրություն չկազմակերպել:
Մարտի 8-ի պաշտոնական շնորհավորանքներն ու պատիվներն, սակայն, արդյոք փոխո՞ւմ են կանանց նկատմամբ վերաբերմունքն իրական` չլուսաբանվող կյանքում, արդյոք տոնը նպաստում է, որ կանանց ու տղամարդկանց համար իրավահավասար պայմաններ ստեղծվեն:
Իրականում Մարտի 8-ին մատուցված պատիվները կտրուկ վերջանում են հենց տոնի հաջորդ օրը, ու նախորդ օրվանից մնում է միայն մինչեւ հաջորդ տարվա նույն օրվա սպասումը միայն: Կանայք նորից դառնում են խոհանցում տղամարդկանց շնորհին սպասող շատ սովորական արարածներ:
Չէ, տոնի նման ընկալումն իմը չէ, եւ այս մեծարումն ու հարգանքն էլ իմը չէ, երբ ամենահասարակ բնագավառներում դրանք բացակայում են, երբ այն, ինչ պետք է ամեն օր լինի, ինչ բնական է, մատուցվում է իբրեւ մեծագույն շնորհ այն էլ տարվա մեջ մեկ անգամ միայն:
Չէ, այս Մարտի 8-ն ինձ պետք չէ:
Մեր հասարակությունում Մարտի 8-ը կանանց իրավունքների դեմ աշխատող պաշտոնատոն է միայն:
Մարիամ Մուղդուսյան
Դիտումների քանակը` 4845