Իրեն ու որդուն այրած Աննան իր մտադրությունը չէր թաքցնում/ լրացված
Նոր Նորքի 4-րդ զանգվածի 47-ամյա բնակչուհի Աննա Բադալյանը, ով այսօր՝ փետրվարի 9-ի լուսադեմին, իրեն եւ 9-ամյա որդուն բենզինով այրել էր սեփական բնակարանում, նման քայլի է դիմել ընտանեկան եւ ֆինանսական խնդիրների պատճառով: Այդ մասին են պատմել լլրագրողներին նրա հարեւանները՝ նշելով, որ նախկինում կինը եւս մի քանի նման փորձ է արել, որոնք իրենք են կանխել։ Հարեւանների հետ զրույցից մանրամասներ է հայտնում NEWS.am-ը:
Ինչ են ասում հարեւանները
«Ամուսինն այստեղ չէր, արտագնա աշխատանքի էր: Ինքը պարտքեր ուներ խանութներին, չէր կարողանում երեխուն պահել, ամուսինն էլ փող չէր ուղարկում: Մենք ենք հարեւաններով մի քանի անգամ փող հավաքել, ուտելիք բերել, դպրոցից էին օգնում, բայց չէր հաշտվում էդ ամեն ինչի հետ: Իր հոգեկանն արդեն խախտվել էր վերջին ամսում: Մի քանի անգամ բենզին ա բերել, ձեռքից ես առել, տարել եմ, վաճառքի կետում էլ զգուշացրել եմ, որ էլ բենզին չվաճառեն իրեն: Ասում էր՝ բերել եմ, որ ինձ վառեմ»,- պատմել է հարեւաններից Յուրիկ Ֆարսյանը:
Հարեւանների խոսքով վերջին մեկ ամսվա ընթացքում կինն ավելի անհավասարակշիռ է դարձել։ Պարզվեց, որ նա նման վիճակում է հայտնվել, երբ իմացել է, որ արդեն մի քանի ամիս ՌԴ-ում գտնվող ամուսինը վերադառնում է Հայաստան: Հարեւանների խոսքով՝ կնոջ ամուսինը խանդոտ էր, միշտ ծեծում էր նրան, Աննան ամուսնուց վախենում էր։
«Մարդը ծեծում էր միշտ, մազերից քաշում էր, դրա պատճառով անցած տարի փորձել էր իրեն մոստից գցել, բայց հետ էին պահել: Այդ ժամանակ էլ էր ամուսինը ծեծել, ամբողջ մարմինը կապտուկների մեջ էր: Ասում էր՝ ինձ մորթելն իր համար ի՞նչ է, երեխուս էլ կտանի, կգցի մանկատուն, նրան էլ կմորթի: Իսկ որ իմացավ՝ ձմեռը մարդը գալու է, էդ վախից ընկել էր դեպրեսիայի մեջ»,- պատմեց հարեւաններից մեկը՝ նշելով, որ ամուսնու հիվանդագին խանդի պատճառով կինը չի աշխատել, թեեւ մասնագիտությամբ բուժքույր է եղել:
Հարեւաններին Աննա Բադալյանը հաճախ է բուժօգնություն ցույց տվել, անգամ դեպքից մի քանի օր առաջ: Հարեւանների հորդորները ոչնչով չեն օգնել, նա վերջին մեկ ամսում անդադար կրկնել է, որ այդ կյանքով այլեւս ապրել չի կարող, ինքնասպան կլինի, դադարել է անգամ 9-ամյա որդուն դպրոց տանել։
Հարեւանները վստահեցնում են, որ փորձել են կանխել հնարավոր ողբերգությունը, մեկ ամիս առաջ Աննայի ինքնասպանության հերթական փորձից հետո զանգահարել են ոստիկանություն, որոնք եկել, գնացել են, բայց հետո դադարել են այդ հարցով զբաղվել։
Ինչ են պատմում դպրոցի ուսուցիչները
Աննա Բադալյանի 9-ամյա որդու դպրոցի փոխտնօրեն Նարինե Բալասբեկյանը NEWS.am-ին պատմեց, որ իրենք վաղուց են նկատել, որ Աննան դեպրեսիվ վիճակում է գտնվում, նույնիսկ այդ մասին ահազանգել են ոստիկանություն։
«Շատ վատ ֆինանսական վիճակում էր գտնվում, խանութներին պարտքեր ուներ, նույնիսկ մենք ենք ուսուցիչներով գումար հավաքել, փորձել նրան օգնել, բայց այնքան հպարտ էր, որ երկու ժամ հետո գումարը հետ էր տալիս: Նա դեպրեսիվ վիճակում էր, անընդհատ վախենում էր, ասում էր, որ ամուսինը գալու է, ծեծուջարդ է լինելու, տունն է ձեռքից խլելու, երեխային է վերցնելու: Աննան ասում էր՝ ամուսինս չի տեսնի ոչ ինձ, ոչ երեխային»,-ասաց Նարինե Բալասբեկյանը՝ նշելով, որ իրենք անընդհատ հետեւում էին, որ Աննան երեխային դպրոց ուղարկի, քանի որ վախենում էին երեխայի համար:
Դպրոցի տնօրեն Անահիտ Հովհաննիսյանն էլ լրագրողների հետ զրույցում նշեց, որ դեռ դեկտեմբեր ամսից ինքը լուրջ անհանգստացել է Աննայի եւ երեխայի համար, նույնիսկ մի քանի անգամ այցելել է նրանց տուն:
«Մի քանի անգամ փորձել ենք օգնել, նույնիսկ պայմանավորվել էինք, որ մի մթերային խանութից մթերք վերցնի՝ պայմանով, որ ոստիկանությունը դրա համար կվճարի, կարծես ամեն ինչ հարթվում էր, ու այս դեպքը տեղի ունեցավ»,-ասաց նա:
Աննա Բադալյանի բնակարանն ամբողջովին այրվել է։ Լուսադեմին հարեւանները ծխի հոտ են զգացել ու հրշեջ ծառայություն ահազանգել։ Մորն ու որդուն դուրս են բերել պատուհանից։ Հարեւանների պատմելով՝ Աննան նախ որդու գլխին հարվածել է, հետո միայն հրկիզել։ Կարծում են՝ դա արել է, որ որդին ցավ չզգա։
9-ամյա տղան այժմ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում է, վիրահատել են նրա գանգաթաղը, վիճակը կայուն ծանր է։ Երեխայի աջ ոտքն այրված է: Վերակենդանացման բաժանմունքի բժիշկ Արթուր Տիգրանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ տղայի վիճակը կայուն ծանր է, նա գտնվում է հետվիրահատական շրջանում: «Գանգուղեղային վնասվածքը հարվածի հետեւանքով է եղել, բայց թե ինչպես, այդ մասին չենք կարող ասել»,-ասաց նա:
Հիվանդանոց տեղափոխված՝ երեխայի մոր մոտ նույնպես այրվածքներ կան, նրան տեղափոխել են Այրվածքաբանության կենտրոն: Կենտրոնից հայտնեցին, որ 47-ամյա Աննա Բադալյանի վիճակը ծայրահեղ ծանր է, այրվել է նրա մարմնի մակերեսի 75 եւ շնչուղիների 20 տոկոսը, ինչն անհամատեղելի է կյանքի հետ:
Ինչ է հայտնում ՀՀ քննչական կոմիտեն
Ինչպես հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը իրեն եւ 9-ամյա որդուն սեփական բնակարանում բենզինով այրած 47-ամյա Աննա Բադալյանը նախքան հրկիզելը մուրճով հարվածներ է հասցրել 9-ամյա որդու գլխին։ Քննչական կոմիտեն հայտնում է, որ դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և առգրավվել է մուրճը՝ արյան հետքերով եւ բենզինի հոտով պոլիէթիլենային տարա։ Պատին հայտնաբերվել է «մեր մահվան պատճառը էդ սր-ն է» բովանդակությամբ գրություն:
Ինչպես հայտնում է քննչական կոմիտեն՝ քննությամբ պարզվել է, որ Ա.Բադալյանը 2015թ. փետրվարի 9-ին՝ ժամը 04։00-ի սահմանում, կողպել է իրենց բնակարանի մուտքի դուռը և պատուհանները, որից հետո սպանելու դիտավորությամբ մուրճով բազմաթիվ հարվածներ է հասցրել դեռահաս որդու կենսական կարևոր օրգանի՝ գլխի շրջանում, ինչի հետեւանքով երեխան գանգուղեղային բաց վնասվածքներ է ստացել։ Սպանության դիտավորությունն ավարտին հասցնելու նպատակով կինը հրկիզել է բնակարանը, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ առաջացած հրդեհը մարելու նպատակով դեպքի վայր են ժամանել հրշեջ ծառայության աշխատակիցները և Ա.Բադալյանին ու Ֆ.Նահապետյանին դուրս են բերել բնակարանից։
Արարքը որակվել է սպանության փորձ: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի (Դիտավորությամբ մեկ ուրիշին կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածք պատճառելը) եւ 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը, որը խոշոր չափերի վնաս է պատճառել)։
Ինչ պատմեց հրկիզված երեխայի հայրը
Ինչպես հղորդում է NEWS.am-ը, Աննա Բադալյանի ամուսինը՝ Կարեն Նահապետյանը, ով նախօրեին է վերադարձել ՌԴ-ից , չնայած կնոջ սպառնալիքներին, չի պատկերացրել, որ նա ընդունակ է վնասել սեփական որդուն: «Վերջին ամիսներին Աննան մի քանի անգամ զգուշացրել է, որ ես սենց չեմ ապրի, վերջ կտամ էս ամեն ինչին, կվնասեմ ինձ ու երեխայիս, բայց լուրջ չէի վերաբերում դրան, չէի պատկերացնում, որ սպառնալիքները կիրականացնի: Իմ գործերն էլ շատ վատ էին, խոսել եմ Աննայի հետ, բացատրել վիճակը, չգիտեմ՝ ինչու նման բան արեց»,- ասաց նա՝ նշելով, որ Աննան ընդունակ չէր նման բանի եւ պահի ազդեցության տակ է դա արել:
Կարեն Նահապետյանը պատմեց, որ 11 ամիս է, ինչ մեկնել է Ռուսաստան արտագնա աշխատանքի, աշխատած գումարի մեծ մասն ուղարկել է Աննային եւ երեխային: «Ինքը ինձ էդքան չէր հետաքրքրում, ուղղակի մեր երեխուն էի պահում, իրեն էլ ասում էի՝ աշխատի, դու դիպլոմ ունես, դու կրթված աղջիկ ես, ինքն էլ ասում էր, չէ՝ ես չեմ աշխատի, 15 տարի աշխատել եմ, հիմա ամուսնացել եմ, թող ամուսինս ինձ պահի, երեխուս մեծացնեմ»,-պատմեց Աննայի ամուսինը:
Կարենի խոսքով՝ Աննան ստել է, երբ հարեւաններին պատմել է, թե ինքը ծեծել է նրան, կամ սպառնացել նրանից խլել տունը կամ երեխային: «Ես ինչի՞ պիտի ծեծեի Աննային: Տարվա մեջ 1 կամ 2 ամիս էի գալիս, Աննան նույնիսկ իմ ընտանիքին չի ընդունել, քրոջս, մորս հետ չի խոսել, շփվել: Նույնիսկ մի անգամ քույրս եկել էր երեխու ծնունդին, հրացան էր բերել, տարավ շպրտեց , ասում էր՝ ինադու է բերել, որ աչքս հանի»,- պատմեց Կարենը:
Կարեն Նահապետյանը նշեց, որ դեպքի մասին պատահական է իմացել, ՌԴ-ում իր հետ աշխատողներից: «Չեմ պատկերացրել, որ մայրը իր երեխային կվնասի, նույնիսկ գիշատիչը նման բան չէր անի: Աննան ինձ միշտ ասում էր՝ դու քեզ այդտեղ լավ ես զգում, կայֆերի մեջ ես, ես էլ ասում էի՝ երեխուս համար եմ գնացել, որ սոված չմնա»:
Կարենի խոսքով՝ որդին շատ է ուրախացել իրեն տեսնելով, խնդրել է չհեռանալ: «Ասում է՝ պապա ջան, էլ մի գնա: Պատմեց, որ մայրն է իրեն խփել, հետո էլ ասեց՝ պապա ջան, էլ չես թողնի, չէ՞, որ ինձ ծեծեն»:
Դիտումների քանակը` 3766