«Չէմ ուզում, որ նա ապրի մեր երկրում, ուր չկան իր նման երեխաների համար որևէ հնարավորություններ»
Վերջին օրերին համացանցում բուռն քննարկումներ են ծավալվել Դաունի համախտանիշով ծնված երեխայի պատմության շուրջ: Ոմանք հերոսացնում էին փոքրիկի խնամքը ստանձնած նոր զելանդացի հորը, մյուսների մոտ տարակուսանք էր առաջացրել այն դրամահավաքը, որ նա կազմակերպել է երեխային խնամելու համար: Դրա հետ մեկտեղ շատերը նկատեցին , որ այս պատմությանը անդրադարձ կատարած միջազգային եւ տեղական լրատվամիջոցներում անտեսված էր մոր տեսակետը եւ գուցե անհարաժեշտ էր լսել նաեւ նրան՝ երեխայից հրաժարվելու իր շարժառիթները հասկանալու համար: Այսօր համացանցում հայտնվեց նաեւ փոքրիկի մոր՝ Ռուզան Բադալյանի խոսքը , ով ֆեյսբուքյան իր էջում հետեւյալ գրառումն էր թողել .
«Հունվարի 21-ը կյանքիս ամենաերջանիկ օրն էր, որովհետև վերջապես ծնվեց այդքան երկար սպասված բալիկս։ 06․30-ն էր, որ տղաս ծնվեց, ու այդ պահից ի վեր միայն հիշում եմ բժիշկների տագնապած դեմքերը։
Արթնացել եմ մի քանի ժամ անց նարկոզից հետո։ Առաջին հարցս, բնականաբար, եղել է, որտեղ է երեխան։ Ու հիշում եմ իմ կողքին հավաքված հարազատներիս ու բժիշկների տխուր դեմքն ու դատավճռի նման հնչած խոսքերը «Երեխան դաունի սինդրոմ ունի»։ Թե ինչ եմ ապրել էդ րոպեին, թող դա մենակ ինձ հայտնի մնա։
Դեռևս շոկի մեջ էի, երբ եկավ բժիշկն ու խնդրեց որոշում կայացնել, եթե երեխային չեմ վերցնելու, ինձ ու փոքրիկին չտանջելու համար Լեոյին չբերեն մոտս։ Կյանքիս ամենադաժան որոշումը, որ ես պետք է կայացնեի առավելագույնը մի քանի ժամվա ընթացքում։
Առաջինը, որ ես մտածեցի երեխայի հիվանդության մասին լսելուց հետո, որ չեմ ուզում, որ իմ երեխան ապրի կարծրատիպերով խեղդված մեր երկրում, ուր չկան նման երեխաների համար որևէ հնարավորություններ: Ես ուզում եմ, որ նա լինի հասարակության մեջ ներգրավված ու ընդունված, ինչը մեր երկրում իրականություն դառնալու համար տարիներ ու տարիներ են պետք:
Ես տեսա բժիշկների հայացք փախցնելը, հարազատներիս լացակումած դեմքը,ստացա ցավակցական զանգեր, ու հասկացա, որ փոքրիկի համար քիչ թե շատ վայելուչ կյանք ապահովելու համար հարկավոր է, որպեսզի նա տեղափոխվի Նոր Զելանդիա, որտեղից նրա հայրն է: Այն, որ Նոր Զելանդիայում երեխայի կյանքն ավելի լավը կլինի, չէր ժխտում նաև իմ ամուսինը, որ իր բոլոր հոդվածներում գրում է, որ հասկանում է` Հայաստանում փոքրիկը չի կարող ունենալ իրեն արժանի կյանքը։
Ծննդաբերությունից մի քանի ժամ անց, ես ոչ թե ուրախանում էի իմ երեխայի ծնունդով, այլ փորձում էի հավաքել իմ ողջ ուժն ու որոշում ընդունել։ Բոլորս էլ այդ պահին հասկանում էինք, առաջնայինը երեխայի ճակատագիրն է, ու բոլորս էլ հասկանում էինք, երեխային պետք է տանել Հայաստանից։ Սեմի պատասխանը եղել է, այո, իհարկե, երեխային տանելը միակ ճիշտ ճանապարհ է, սակայն երբ ու ինչպես-ի իմ հարցերը նա անպատասխան թողեց: Իմ կյանքի ամենադաժան ու պատասխանատու պահին, երբ ինձ վրա ահռելի ճնշում էր, երբ գտնվում էի աննկարագրելի սթրեսի ու հոգեկան ծանր վիճակում, երբ ինձ ընդամենը պետք էր մի քաջալերող հայացք ու ժպիտ իմ ամուսնու կողմից, որ ես քո կողքին եմ, որ ամեն ինչ լավ կլինի, ես ստացա միայն մեղադրական ծանր խոսքեր, որից հետո նա հեռացավ հիվանդանոցից ու այլևս իմ երկխոսության գնալու բոլոր փորձերը նրա հետ անհաջողության մատնվեցին։
Նա երբևէ որևէ անգամ ինձ հնարավորություն չի տվել իր հետ գնալ Նոր Զելանդիա ու երեխային միասին մեծացնել, անգամ բաժանման դիմումը հանձնելու օրը ոչինչ չի ասել։ Միակ բանը, որ նրանից լսել եմ, այն է եղել, որ չի ուզում ամուսնալուծվել, իսկ իմ հարցին թե ինչ է առաջարկում, ինչ կարող ենք անել, եղել է քար լռությունը։ Ես բազմիցս փորձել եմ երկխոսության գնալ, փորձել համատեղ լուծումներ գտնել, սակայն որևէ արձագանք նրա կողմից չեմ ստացել:
Իմ ետևում ունենալով մեր 1,5 տարվա ամուսնությունը, որի ընթացքում նա աշխատել է ընդամենը 5 ամիս, իսկ մնացյալ ժամանակ մենք ապրել ենք իմ հայրական տանը, ու չնայած իմ բոլորն հորդորներին, իրականում որևէ քայլ չի ձեռնարկել աշխատանք գտնելու համար, հասկանալով, որ ապագայում ևս ես չեմ կարող հուսալ, որ նա կկարողանա թիկունք լինել ինձ, իսկ իմ 80,000 դրամ աշխատավարձը երբևէ չէր բավարարի երեխային պատշաճ կյանք ապահովելու համար, կանգնեցի սարսափելի երկընտրանքի առջև․ երեխային խնամել միայնակ Հայաստանում, թե մի կողմ դնել իմ մայրական զգացմունքը և երեխային հնարավորություն տալ բարեկեցիկ կյանք ունենալ Նոր Զելանդիայում իր հոր հետ: Ես ընտրել եմ երկրորդ տարբերակը»:
Ռուզան Բադալյան (Ֆեյսբուք)
Կարդացեք թեմայի շուրջ.
Հայրը որոշել է միայնակ մեծացնել իր փոքրիկին՝ անկախ նրա համախտանիշից
Նաեւ արտասահմանյան մամուլում.
Դիտումների քանակը` 3102