Եվրոպայի խորհրդում դիտարկվել են աշխատանքային իրավունքները Հայաստանում
Հայաստանում իրավիճակը չի համապատասխանում Եվրոպական սոցիալական խարտիայի աշխատանքային իրավունքերի վերաբերյալ 17 դրույթներից 12-ի պահանջներին: Նման եզրակացության է հանգել Սոցիալական իրավունքների եվրոպական կոմիտեն (European Committee of Social Rights, ECSR) ՝ դիտարկելով Հայաստանի կողմից ներկայացված զեկույցը՝ Խարտիայի շրջանակներում ստանձնած պարտավորությունների շուրջ: Այս տարի Սոցիալական իրավունքների եվրոպական կոմիտեի ուշադրության կենտրոնում էին 41 երկրների, այդ թվում և Հայաստանի, քաղաքացիների աշխատանքային իրավունքների վերաբերյալ հարցերն են: Նշենք, որ Կոմիտեն Եվրոպայի խորհրդի կառույց է հանդիսանում:
Կոմիտեի եզրակացության մեջ նշվում է, որ Հայաստանը Խարտիան վավերացրել է 11 տարի առաջ՝ 2004-ի հունվարին: Խարտիային մասնակից պետություններն ամեն տարի ներկայացնում են զեկույցներ, թե ինչպես են կատարվել ստանձնած պարտավորությունները օրենսդրության մեջ ու գործնականում: Ուսումնասիրելով պետությունների կողմից ներկայացրած հաշվետվություններն Եվրոպայի խորհուրդը որոշում է, թե ինչքանով է իրավիճակը տվյալ երկրում համապատասխանում Խարտիայի պահանջներին:
Հունվարի 22-ին Հայաստանի կողմից ներկայացված հաշվետվությունն ընդգրկում է տվյալներ 2009 թ. հունվարի 1-ից մինչև 2012 թ. դեկտեմբերի 31-ը: Զեկույցում անդրադարձ է կատարվում աշխատանքային այնպիսի իրավունքներին, ինչպիսիք են աշխատանքային պայմանները, արդար վարձատրությունը, տեղեկատվության ու խորհրդատվության իրավունքը, որոշումների կայացման ու աշխատանքային պայմանների բարելավման գործին մասնակից լինելը և այլն:
Կոմիտեի եզրակացության մեջ նշվում է, որ Հայաստանը ստանձնած պարտավորությունների զգալի մասը չի իրականացրել: Օրինակ, գիշերային աշխատանքի ժամանակ հատուկ պայմանների ապահովումը, ընտանիքի արժանապատիվ կենսամակարդակն ապահովելու համար վարձատրման իրավունքը, տեղեկատվության ու խորհրդատվության իրավունքը: Զեկույցում նշվում է նաեւ, որ կանանց ու տղամարդկանց միջև խտրականության վերաբերյալ ներկայացված տվյալները բավարար չեն եզրահանգումներ անելու համար, սակայն պետք է կանխել աշխատավայրում սեռական ոտնձգությունները եւ ձեռնարկել բոլոր միջոցները աշխատակիցներին նման վարքագծից պաշտպանելու համար:
Եզրակացության մեջ մեկ առ մեկ նշվում է, թե ինչպես է Հայաստանը կատարում Խարտիայի 17 դրույթների պահանջները: Պարզվում է, որ միայն երկու պահանջ է բավարարում Հայաստանը՝ երկուսն էլ վճարովի արձակուրդի վերաբերյալ են: Ընդհանուր առմամբ 17 դրույթներից 12-ին Հայասատանը չի համապատասխանում:
Որպես օրինակ նշվում է, աշխատանքային պայմանները, մասնավորապես աշխատանքային ողջամիտ ժամանակ: Հայաստանում այս առումով իրավիճակը չի համապատասխանում Խարտիայի պահանջներին, նույնիսկ աշխատանքային օրը կարող է տևել 24 ժամ:
Հաջորդը կետը շաբաթվա ընթացքում հանգստի տևողության մասին է: Հայաստանն այս առումով չի կատարել Խարտիայի 2.5 կետի պահանջները, երբ ասվում է, որ շաբաթական հանգիստը ենթակա չէ չեղյալ համարվելու կամ ֆինանսապես փոխհատուցվելու, պետք է ապահովել երաշխիքներ, որ մարդիկ չեն կարող առանց հանգստանալու անընդմեջ աշխատել:
Խարտիայի 2.6 կետը սահմանում է աշխատանքային պայմանագրին իրազեկվածության իրավունքը, ըստ ԵԽ-ի այս առումով Հայաստանը ևս չի կատարում ստանձնած պարտավորությունը:
Եզրակացության հաջորդ կետը հոդված 4.2-ն է՝ արդար աշխատավարձի վերաբերյալ, մասնավորապես արտաժամյա աշխատանքի դեպքում աշխատավարձի ավելացումը: ԵԽ-ն նշում է, որ այս առումով օրեսդրությունը չի երաշխավորում աշխատավարձի ավելացում:
Սոցիալական իրավունքների եվրոպական կոմիտեի հաջորդ մտահոգությունը աշխատանքից ազատման նպաստին է վերաբերում, նշվում է, որ հիմնականում մարդիկ աշխատանքից ազատվում են այնպիսի հիմքերով, որոնք արձակման նպաստ չեն ենթադրում (ընկերության լուծարում, սեզոնային աշխատանք, կենսաթոշակային տարիք և այլն):
Վեցերորդ կետը, որով Հայաստանը չի համապատասխանում Խարտիային, 4.5 հոդվածն է՝ արդար վարձատրություն, երբ նվազագույն աշխատավարձով հնարավոր չէ հոգալ աշխատողների և նրանց խնամքի տակ գտվողներին:
Մյուս կետը վերաբերում է արհմիությունների գործունեությանը ( հոդված 5): Եվրոպայի խորհուրդը եզրակացության մեջ նշում է, որ այս մասով խնդիրներ կան, քանի որ, օրինակ, հայտնի չէ՝ արժանանո՞ւմ են արդյոք խտրական վերաբերմունքի արհմիության անդամ դարձած աշխատակիցները եւ ինչ չափով են նրանք պաշտպանված: Հարցեր է առաջացնում այն փաստը, որ դատախազության, ոստիկանության, անվտանգության ծառայությունների աշխատակիցները, ինքնազբաղված մարդիկ չեն կարող արհմիության անդամ դառնալ:
8-րդ կետը վերաբերում է կոլեկտիվ բանակցություններ վարելուն՝ համատեղ խորհրդակցությանը: Խարտիայի հոդված 6.1-ի պահանջները Հայաստանը չի բավարարել, քանի որ արհմիությունների՝ նման խորհրդակցությունների մասնակցության հնարավորությունը սահմանափակ է:
9-րդ կետը հաշտության ու արբիտրաժի մասին է, նշվում է, որ Հայաստանը Խարտիայի 6.3 կետին չի բավարարում, հանրային ոլորտում չի ստեղծվել նման միջնորդություն:
Հաջորդը կոլեկտիվ գործողություններին, մասնավորապես գործադուլների մասին է: Խարտիայի 6.4 հոդվածի պահանջների մասով ստանձնած պարտավորությունները Հայաստանը չի կատարել, գործադուլ հայտարարելու համար աշխատողների թվի շեմը բավակակնին բարձր է, հստակեցված չեն էներգետիկ ծառայությունների ոլորտում աշխատողների գործադուլի վերաբերյալ սահմանափակումները, աշխատակիցներ գործադուլից հետո պաշտպանված չեն աշխատանքից ազատվելուց:
Նախավերջին կետը վերաբերում է որոշումների կայացման, աշխատանքային պայմանների բարելավման գործում աշխատակիցների մասնակցությանը: Հոդված 22-ի պահանջները ևս Հայաստանը չի կատարում, մինչդեռ եզրակացության մեջ նշվում է, որ այդ իրավունքների իրացումն արդյունավետ է:
Եվ վերջապես, 12-րդ կետը վերաբերում է Խարտիայի 28 հոդվածին, որը սահմանում է աշխատողների ներկայացուցիչների պաշտպանության իրավունքին:
Ինչ վերաբերում է մյուս երեք կետերին՝ վտանգավոր աշխատանքին, կանանց ու տղամարդկանց միջև խտրականության , կոլեկտիվ գործարքներ կնքելու հարցերին, ապա նշվում է, որ Սոցիալական իրավունքների եվրոպական կոմիտեին անհրաժեշտ են լրացուցիչ տեղեկություններ՝ ուսումնասիրելու իրավիճակը: Կոմիտեն համարում է, որ այս տեղեկությունների բացակայությունը խոսում է Հայաստանի՝ հաշվետու լինելու պարտավորությունը չկատարելու մասին: Խորհուրդը կառավարությանը հորդորում է այս հարցերի վերաբերյալ տեղեկություններ տրամադրել հաջորդ զեկույցում:
Սոցիալական իրավունքների եվրոպական կոմիտեի եզրակացությունը ամբողջությամբ այստեղ.
Պատրաստեց՝ Հ.Կարապետյանը
Դիտումների քանակը` 3446