“Շարունակելու եմ պայքարը, որովհետև ուզում եմ արժանապատիվ ապրեմ”…

Խոշտանգված հարսը կբողոքի մինչև Եվրոդատարան

 

Ինչպես հայտնի է, դեկտեմբերի վերջին   Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 1.5 տարվա ազատազրկման դատապարտեց և համաներմամբ ազատ արձակեց կնոջը խոշտանգելու մեջ մեղադրվող Սարգիս Հակոբյանին: Ներկայացնում ենք այս թեմային անդրադարձող  «Հանուն հավասար իրավունքների» նախաձեռնության  հոդվածը , որը  տպագրվել էր «Առավոտ»-ում:   

 

«Դատավարությունը շատ անարդարացի էր: Կանխազգում էի, որ հնարավոր է կաշառած լինեն կամ մեղմացուցիչ հանգամանքներով դատավորը դատապարտի, բայց որ դատաբժշկական փորձաքննություններով հաստատված խոշտանգման հոդվածը կհանեն, նման բան չէի պատկերացնում»,- չթաքցնելով վիրավորանքը տարակուսանք է հայտնում ամուսնու կողմից շուրջ 9 տարի ծեծի ու խոշտանգման ենթարկված 27-ամյա Հասմիկ Խաչատրյանը, ով, ինչպես հայտնի է՝ Գավառի բախտագուշակ Վարսիկի հարսն է:

 

Դատավարության արդյունքում կնոջը ծեծած ու խոշտանգած ամուսինն այդպես էլ որևէ օր չազատազրկվեց: Դատարանը ներկայացված մեղադրանքի խոշտանգման՝ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածը վերաորակեց 117-ի` դիտավորությամբ առողջությանը թեթեւ վնաս պատճառելը: Այն դեպքում, երբ դատական փորձաքննությունն ապացուցել է և գործում առկա է, որ Սարգիս Հակոբյանը ծխախոտով այրել է կնոջ ձեռքը, պատռել ականջի թաղանթը, կոտրել քիթը, տարբեր իրերով, ձեռքերով ու ոտքերով պարբերաբար հարվածներ հասցրել նրա գլխին, ինչի հետևանքով կինը հերթական ծեծից մազապուրծ փախել էր տնից՝ ողջ գիշեր թաքնվելով գյուղի գետի մեջ, միայն առավոտյան ապաստանելով ծնողների տանը:

 

Դատարանն անգամ հաշվի չառավ, որ դատավարության ընթացքում, հենց դատարանում բազմիցս Սարգիս Հակոբյանը սպառնացել էր «մատաղ» անել Հասմիկին՝ իրեն դատարան քարշ տալու համար:

 

«Հիմա եթե Հասմիկի հետ մի բան պատահի, ով է պատասխանատու լինելու, ինչպես հնարավոր էր կրկնակի փորձաքննություններով  ապացուցված խոշտանգումներ իրականացնողին ազատ արձակել, երբ նա լկտիաբար սպառնում էր հենց դատարանում»,- ասում է Կանանց ռեսուրսային կենտրոնի ղեկավար Լարա Ահարոնյանը:

 

Ոստիկանության տվյալներով՝ այս տարվա ընթացքում ընտանեկան բռնության հետևանքով Հայաստանում 11 կին է մահացել: Նրանցից ոմանց ամուսինները ծեծելով սպանել են երեխաների աչքի առաջ: Հայաստանի դատական ատյաններում այժմ ընտանեկան բռնության երկու գործ է քննվում. սկեսուրի և ամուսնու կողմից խոշտանգման ենթարկված Մարիամ Գևորգյան գործով նրա սկեսուրն  ազատազրկված է և այժմ քաղհայց է ներկայացվել փոխհատուցման պահանջով, իսկ Գավառի բախտագուշակ Վարսիկի հարս Հասմիկ Խաչատրյանի խոշտանգման դեպքը երկրորդն է, որով փաստորեն բռնարար ամուսինը որևէ պատիժ չկրեց:

 

“Սա շատ վտանգավոր վճիռ էր: Դրանով արդարացվում, խրախուսվում է բռնարար վարքը”,-կարծում է Կանանց աջակցման կենտրոն ծրագրերի ղեկավար Հասմիկ Գևորգյանը՝ հավելելով,  որ նման վճռի հետևանքով կանանց շրջանում  հուսահատության մեծ ալիք կբարձրանա, երբ անգամ կնոջ հրապարակային բողոքի և ապացույցների առկայության դեպքում ամուսինը կրկին չի պատժվում:

 

«Այս վճիռն ապացուցեց, որ կա խտրական վերաբերմունք կանանց նկատմամբ, որ Հայաստանում լուրջ չեն մոտենում ընտանեկան բռնությանը և չեն հաշվի առնում ընտանեկան բռնության վտանգները և որ բռնանարն ազատ է արձակվում: Հենց դա ապացուցեց, որ պետք է առանձին օրենք և համապատասխան մասնագետներ և մոտեցում»,-ասում է Կանանց աջակցման կենտրոնի ծրագրերի ղեկավարը:

 

Մինչդեռ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանը, ով վերջերս հանդիպում է ունեցել կանանց իրավունքներով զբաղվող ՀԿ-ների կոալիցիայի հետ, կարծում է, որ դեռ պետք է պարզել, արդյոք Հայաստանում հասունացե՞լ է ընտանեկան բռնության մասին օրենքի ընդունումը:

 

«Մենք, մի քիչ էլ պետք է շարժվենք  հայ ընտանիքի մենթալիտետին հարիր, պետք է ընտանեկան խնդիրներին միջամտենք ծայրահեղ դեպքում: Մենք իրավունք չունենք մտնել ընտանիք և փորձել ինչ-որ հարաբերություններ կարգավորել, որը բռնություն չի կոչվում, որն ընդամենը կարող է ընտանեկան հարաբերություններ լինի”,-պնդում է հանձնաժողովի նախագահը՝ հավելելով.

 

«Եթե կա բռնություն, պետք է հասկանանք՝ էդ 11 զոհերը ինչի՞ արդյունքում են, ծեծող-սպանողը շիզոֆրեինայով տառապող մա՞րդ է, թե՞ ընդամենը հարբերցող է, թե՞ սոցիալական հողի վրա է էդ խնդիրն առաջացել: Նախ պետք է ախտորոշենք հիվանդությունը, որ հետագայում կարողանանք բուժենք: Իսկ դրա համար մենք ունենք ժամանակ»,- վստահ է Սահակյանը:

 

Թե երբ ԱԺ-ն պատրաստ կլինի ընդունել ընտանեկան բռնության մասին օրենքը, Հովհաննես Սահակյանը հստակ չի ասում. «Մենք իրենց հետ աշխատում ենք, իրենք պետք է մեզ ներկայացնեն ուսումնասիրությունները,  որ մենք կարողանանք համապատասխան որոշում կայացնել»:

 

Ինչ  վերաբերում է Հասմիկ Խաչատրյանի խոշտանգման գործով վճռին, որով բռնարար ամուսինը ազատվեց պատժից, ապա ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը դժվարացավ տեսակետ հայտնել՝ պատճառաբանելով, որ «տեղյակ չէ գործին»:

 

2013-ի հունվարին Հայաստանի կառավարությունը մերժեց ընտանեկան բռնության մասին օրենքի ընդունումը՝ պատճառաբանելով, որ այն լրամշակման կարիք ունի:

 

Հայաստանի ոստիկանության տվյալների համաձայն` 2012թ. գրանցվել է ընտանեկան բռնության 766 դեպք, 5 կին մահացել է՝ թողնելով 12 մանկահասակ երեխա: 2013թ. ընտանեկան բռնության հետևանքով մահացել է 3 կին` առանց մայրական խնամքի թողնելով 6 մանկահասակ երեխաների:

 

2014 թ-ին ոչ միայն շատացել են մահվան դեպքերը, այլև ընտանեկան բռնության մասին ահազանգերը. առաջին 8 ամիսների ընթացքում գրանցվել է ընտանեկան բռնության 1504  դեպք: Անչափահասների նկատմամբ ընտանեկան բռնության դեպքերը 7-ն են:

 

Կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ների կողմից շրջանառության մեջ դրված նախագիծը ընտանիքում կնոջ հանդեպ բռնությունը կանխարգելող օրենք է, որը ընտանեկան բռնությունը կանխելու մեխանիզմներ է առաջարկում, սահմանում, որ պետք է նաև բռնարարի հետ աշխատել, հոգեբանական աշխատանք տանել: Կան երկրներ, որոնք հաջողված փորձ ունեն և նվազեցրել են  ընտանեկան բռնության ցուցանիշը:

 

;Ցավալի է, որ կառավարությունը չի ընդունում, որ դա լուրջ խնդիր է: Օրենքով հնարավոր էր կանխարգելել շատ դեպքեր: Ասում են՝ ընտանիք չենք մտնելու, նաև չկա քաղաքական կամք, խուսափում են, որովհետև օրենքը նախատեսում է ֆինանսական ներդրում, ապաստարանների հիմնում, սակայն գոնե կարելի էր օրենքն ընդունել: Այսօր բացի ամուսինների կողմից խոշտանգման երկու դեպքերից,կնոջ ծեծի հոդվածով 50 հայցադիմումներ ունենք դատարաններում, ովքեր սակայն չեն ցանկանում հրապարակայնացնել դրանք»,-ասում է Կանանց աջակցման կենտրոնի ղեկավար Հասմիկ Գևորգյանը՝ շարունակելով.

 

«Վերատադրում ենք բռնարարի նոր սերունդ, երբ յուրաքանչյուր բռնարարի մանկություն ենք գնում, պարզվում է՝ ինքը նույնպիսի ընտանիքում է մեծացել: Օրինակ Հասմիկ ամուսնու հայրը նույնպես դաժան ծեծի է ենթարկել իր կանանց, նախ` առաջին կնոջը այնպես է ծեծել, որ նրան անվերադարձ հորական տուն են տարել, իսկ երկրորդ կինը՝ Վարսիկը անգամ հոգեբուժարանում է հայտնվել դրա հետևանքով»:

 

Մինչ պետական այրերը մտածում են օրենքի անհրաժեշտության լինել-չլինելու մասին, ամուսնու կողմից խոշտանգման ենթարկված Հասմիկը, ով այժմ Կանանց աջակցման կենտրոնի խնամատարության ներքո է, ստիպված է առանց պետական որևէ օղակի աջակցության պայքարել իր ոտնահարված իրավունքների վերականգնման համար ու դիմակայել իրեն տարիներով խոշտանգելու համար որևէ պատասխան չտված ամուսնու սպառնալիքներին:

 

«Դատարանում էլ է բացահայտ սպառնացել, հայհոյել, բայց ոչ մի պատասխան չի տվել: Մինչև դատավճիռը պարծենում էր, թե իմ դեմ խաղ չկա, գիտես որ արդարացված եմ: Գյուղում պարբերաբար կռիվներ է սարքում, բայց սկեսուրս մի զանգով կամ կլորիկ գումարով տղայի հարցերը լուծում է: Ամեն անգամ աղջկաս դպրոց  տանելիս մտածում եմ, կարող է մի օր գցի մեքենայի տակ, բայց արդեն չեմ վախենում իրենից, դադարել եմ վախենալ: 9 տարի վախով, սարսափով ապրեցի, հիմա չեմ վախենում, ինչ էլ լինի»,- ասում է Հասմիկը:

 

Հասմիկի սկեսուրը հայտնի բախտագուշակ է, որի ծառայություններից օգտվել են անգամ պաշտոնյաներ և պատգամավորներ: Նրանցից ոմանք անգամ զանգել կամ դիմել են Կանանց աջակցման կենտրոն Հասմիկի գործով, սակայն, երբ մի երկու պատգամավորի և մեկ պատգամավորի կնոջ անուն գրվել է մամուլում, դադարել են այցերն ու դիմումները:

 

Մեկ ու կես տարի առաջ հերթական ծեծից ու խոշտանգումից հետո ամունու տունը գիշերով լքած Հասմիկը, չնայած նման դատավճռին, չի զղջում, որ սկսել է պայքարել, այն էլ՝ այդ գնով: «Ես պայքարում եմ իմ ապրելու իրավունքի համար: Իհարկե շարունակելու եմ պայքարը, որովհետև ուզում եմ արժանապատիվ ապրեմ: Մինչև Եվրոդատարան կգնամ, ուզում եմ արժանապատիվ ապրել, արժանապատիվ արդարադատություն եմ ուզում: Հուսով եմ, Եվրոդատարանում Վարսիկն իր ծանոթներով չի կաշառի»,-ասում է նա:

 

Տարիներով ընտանեկան բռնության ենթարկված կինն ասում է, որ անկախ դատավճռից հենց միայն պայքարն իր մեջ շատ բան է փոխել և կոչ է անում իր կարգավիճակում գտնվող կանանց չվհատվել.

 

«Հիմա ես նպատակ ունեմ, որի համար պայքարում եմ՝ իմ արժանապատիվ կյանքի համար: Դա ավելի շատ բան է ինձ համար, քան որ հանցագործը պատժվի, բայց և ուզում եմ, որ հանցագործը պատժվի: Մեկուկես տարի առաջ բոլորովին այլ մարդ էի, ոչ մի ինքնավստահություն չունեի: Պայքարը վախը հանեց իմ մեջից: Ես էդ գիշեր փախա ու չէի էլ իմանում, թե ինչ է լինելու: Պայքարելով դու ավելի շատ ինքնավստահություն ես ստանում: Էդքան էլ կարևոր չի էդ պայքարի արդյունքը, որովհետև քեզնից կախված չի»:

 

Մարինե  ԽԱՌԱՏՅԱՆ

 

Հ.Գ. Հիշեցնենք , որ այս տարվա սկզբին, դատավարության ավարտից  ընդամենը տաս օր անց  Սարգիս Հակոբյանը ձերբակալվեց՝ այս անգամ  արդեն  իր ծնողների նկատմամբ բռնություն  կիրառելու եւ տունը հրկիզելու  փորձ անելու  համար…


«Հանուն հավասար իրավունքների» նախաձեռնություն

Ծրագրի ղեկավար և խմբագիր՝ Գայանե Աբրահամյան

Սկզբնաղբյուրը՝ Aravot.am

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

«Բա խի՞ էր ծեծել» – սա միայն հարց չէ, սա մտածելակերպ է…

 

«Էրեխեքի աչքի առաջ էլ խփում էր, կարող ա արյուն գար, էդ իրա վրա չէր ազդում, էլի խփում էր…»

 

Համաներմամբ ազատված բռնարար ամուսինը կալանավորվեց այլ գործով

 

Կնոջը խոշտանգելու մեջ մեղադրվող ամուսինը համաներմամբ ազատ արձակվեց

 

«Այս դատավճիռը ցույց տվեց, որ ընտանեկան բռնությունը չի պատժվում մեր երկրում»:

 

  5 տարի ազատազրկում ամուսնուն՝ կնոջը խոշտանգելու համար

 

Ծխախոտը հանգցրել է ձեռքին. այրվածքն ապացուցվել է փորձաքննությամբ

 

Խոշտանգումների ենթարկված հարսն արդարություն է փնտրում

 

Բախտագուշակ Վարսիկի` խոշտանգումների ենթարկված հարսն արդարություն է փնտրում

 

7-ամյա երեխան դարձել է ծնողների վեճի զոհը

 

Տանից փախուստի դիմած կինը պնդում է՝ ամուսինը երեխաներին որպես զենք է օգտագործում իր դեմ

 

Դիտումների քանակը` 4311

Գլխավոր էջ