«Էրեխեքի աչքի առաջ էլ խփում էր, կարող ա արյուն գար, էդ իրա վրա չէր ազդում, էլի խփում էր…»

Գավառի Գանձակ գյուղում ընտանեկան բռնության եւս մեկ դեպք է արձանագրվել: Եվս մեկը, քանի որ հենց այս գյուղում է ապրում բախտագուշակ Վարսիկը, ում որդին՝ Սարգիս Հակոբյանը  տարիներ շարունակ բռնության է ենթարկել իր կնոջը: Այս փոքրիկ գյուղում ընտանեկան բռնությունը կարծես թե տարածված երեւույթ է: Գյուղի կանանց մեծամասնությունը խոստովանում է, որ ամուսնու կողմից առնվազն մեկ անգամ ենթարկվել է ֆիզիկական բռնության:

 

Այս անգամ Գանձակ էինք այցելել 31-ամյա Սոնայի (անունը փոխված է) նկատմամբ արձանագրված բռնությունների մասին ահազանգ ստանալու պատճառով: Երիտասարդ կինը պնդում է, որ ամուսնական կյանքի 13 տարիների ընթացքում պարբերաբար բռնության է ենթարկվել ամուսնու կողմից, իսկ երբեմն էլ նաեւ ամուսնու ընտանիքի: Լուսանկարում Սոնան է՝ բռնության թարմ հետքերը երեսին:

 

«Ինքը միշտ էլ սեր է ունեցել ալկոհոլի նկատմամբ, խմում էր ու ամեն մանր առիթով կռվում էր հետս, հայհոյում էր, խփում էր, հորով, մորով, ախպերով գալիս էին ու հարձակվում էին ինձ վրա, ինձ ասում էին՝ դու ես մեղավոր, որ ինքը խմում ա…»,- հուզմունքը զսպելով հիշում է Սոնան:

 

Սոնան եւ Կարենը (անունները փոխված են) ունեն երկու մանկահասակ երեխա, որոնք, մոր խոսքով, հաճախ են ականատես եղել բռնության տեսարաններին. «Էրեխեքի աչքի առաջ էլ խփում էր, կարող ա արյուն գար, էդ իրա վրա չէր ազդում, էլի խփում էր…»:

 

2012 թվականին բռնության հերթական դրսեւորումից հետո Սոնան հոր ուղեկցությամբ գնացել է ոստիկանություն: «Իրենք ընկան մեր մեքենայի հետեւից, խնդրեցին, որ չմտնենք ոստիկանություն եւ չբողոքենք: Ես չբողոքեցի…»,- հիշում է Սոնան:

 

Նրա խոսքով՝ ամուսնու ծնողները մշտապես վախեցրել են իրեն՝ ասելով, թե եթե բողոքի կամ դիմի ոստիկանություն, երեխաներին կխլեն իրենից: Իսկ Սոնայի ծնողները, ականատես լինելով դստեր ծանր դրությանը, ցանկացել են նրան հետ բերել իրենց տուն, սակայն Սոնան միշտ ուզել է իր երեխաների կողքին լինել: Թեժ վեճերից մեկի ժամանակ, երբ հայրը ցանկացել է Սոնային բերել տուն, երիտասարդ մայրը գրկել է երեխայի օրորոցն ու ասել. «Ես չեմ գա ձեզ հետ, դուք գնացեք: Ես չեմ կարող թողնել իմ երեխային…»:

 

Սոնայի համբերության բաժակը լցվել է միայն նախորդ տարվա հոկտեմբերի 4-ին: Այդ օրը նրանք պետք է նշեին դստեր ծննդյան օրը, սակայն. «Էլի խմել էր Կարենը, ես խնդրեցի, որ զանգեն ու կանչեն ախպորը՝ Արշակին (անունը փոխված է), որ գա ու հանգստացնի հարբած ախպորը, մենակ ինքն էր կարում քնացներ Կարենին էդ վիճակում»,- պատմում է Սոնան:

 

Նրա խոսքով, երբ տեգրը գալիս է իրենց տուն, երկու եղբայրներով սկսում են հայհոյել իրեն, իսկ հետո գործի են դնում ձեռքերն ու ոտքերը: «Ես Արշակին խնդրեցի, ասեցի՝ բեր ախպորդ քնացրու: Ինքն ասեց, թե դո՞ւ պիտի ինձ ասես ես ինչ անեմ ու պուլտով խփեց երեսիս: Հետո երկու ախպեր եղան մեկ ու սկսեցին քաշքշել ինձ, ամուսինս մեջքիս զարկեց…աղջիկս եկավ, հորն ասեց, թե մորս մեջքին մի խփի, ես ողնաշարի խնդիր ունեմ, վիրահատվել եմ…»,- արցունքները զսպելով պատմում է Սոնան:

 

Նա փորձել է տնից դուրս գալ, սակայն, դուռը կողպել են, խլել են հեռախոսը՝ թույլ չտալով օգնություն կանչել: «Ես մտա էրեխեքիս սենյակը, էդտեղի լուսամուտով անցա-գնացի հարեւաններիս տուն, օգնություն կանչեցի»:

 

Դեպքի հաջորդ օրը ամուսնու հարազատները Սոնային սկսել են համոզել, թե իրեն ոչ ոք չի հարվածել, այլ ինքն է իրեն գցել լուսամուտից: «Ինձ ուզում էին համոզել, թե ես հոգեկան խնդիրներ ունեմ…երեք օր անց ես դիմեցի ոստիկանություն»:

 

Ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ առողջությանը թեթեւ մարմնական վնասվածք պատճառելու հոդվածով: Քանի որ Սոնայի ամուսինը ոստիկան է, գործը քննվել է Հատուկ քննչական ծառայությունում: Դատաբժշկական փորձաքննությունով արձանագրվել է, որ Սոնան ստացել է փակ գանգուղեղային վնասվածք, վերհոնքային շրջանի սալջարդ, քթի քերծվածք: Փորձաքննությունը նաեւ փաստել է, որ այդ վնասվածքները կարող էր հասցված լինել հեռուստացույցի հեռակառավարման վահանակով հարվածելու հետեւանքով:

 

Այցելեցինք նաեւ Կարենի ընտանիքը: Նա տանը չէր: Զրուցեցինք եղբոր եւ ծնողների հետ: Նրանք պնդում են, որ երբեւէ որեւէ բռնություն չի եղել հարսի հանդեպ, ավելին՝ հավաստիացնում են, որ Կարենը գրեթե երբեք չի գործածել ալկոհոլ:

 

Կարենի ընտանիքը մեզ հետ զրույցում նաեւ պնդում էր, որ հարսի վնասվածքներն առաջացել են բարձր տեղից վայր ընկնելուց, սակայն փորձաքննությունը բացառել է այդ վարկածը. «Այդ վնասվածքների առաջացումը հնարավոր չէ հասակի բարձրությունից վայր ընկնելու եւ պատին հարվածելու հետեւանքով»:

 

Եղբայրներն իրենց ցուցմունքներում եւս պնդել են, թե իրենք չեն հարվածել Սոնային:  ՀՔԾ-ում թեեւ ապացուցված է համարվել, որ Կարենը հարվածել է Սոնայի մեջքին, այնուամենայնիվ, նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, քանի որ «ծեծը տուժողին բազմաթիվ հարվածներ հասցնելն է, իսկ մեկ հարվածը չի կարող համարվել ծեծ»:

 

Այսպիսով, Կարենը խուսափել է պատժից, իսկ եղբոր՝ Արշակի մասով գործը դեռ քննվում է ոստիկանության Գավառի բաժանմունքում:

 

Ներկայումս Սոնան եւ Կարենն ամուսնալուծված չեն: Երեխաներից մեկը՝ տղան մնացել է հոր մոտ, աղջիկը՝ մոր: Երեխաներն էլ են մասնակից դարձել այս երկարատեւ կռիվներին: Աղջիկը չի վերցնում հոր բերած նվերները, իսկ տղան ընդհանրապես չի ցանկանում տեսնել մորը: Սոնան գրեթե 4 ամիս չի տեսել որդուն:

 

Ի դեպ, մենք զանգահարեցինք Կարենին, որպեսզի նրա կարծիքը եւս ներառենք հոդվածում: Վերջինս նախ սպառնաց, թե թույլ չի տա, որ որեւէ մեկը իր ընտանիքի մասին նյութ հրապարակի, հետո էլ մեզ մեղադրեց իր ծնողների սեփականություն ապօրինաբար ներխուժելու մեջ: Մենք գործող ոստիկանին խորհուրդ տվեցինք դիմել իրավապահ մարմիններին՝ իրենց տուն «ներխուժած» լրագրողներին պատասխանատվության ենթարկելու համար:

 

  Արման Ղարիբյան

 

Հ.Գ. Հոդվածը պատրաստվել է «Հասարակություն առանց բռնության» հասարակական կազմակերպության Արագ արձագանքման խմբի շրջանակներում:

 

 

Կարդացեք  թեմայի շուրջ մեր կայքում.

 

«Բա խի՞ էր ծեծել» – սա միայն հարց չէ, սա մտածելակերպ է…

 

«Հավաքվել են՝ կնկա իրավունքները պաշտպանե՞ն»…

 

«Այս դատավճիռը ցույց տվեց, որ ընտանեկան բռնությունը չի պատժվում մեր երկրում»:

 

Այս տարի ընտանեկան բռնություններից տասներկու կին մահացել է

 

«Մի՛ լռիր, ԽՈՍԻ՛Ր: Մենք կարող ենք օգնել քեզ». պատրաստվել է երկրորդ տեսահոլովակը

 

Ինչ հարցեր է կարգավորում «Ընտանեկան բռնության կանխարգելման» օրենքը

 

Հեռուստադիտողը սիրո՞ւմ է կին ծեծող տղամարդկանց

 

Վերադառնա՛նք մեր արմատներին, ամուր պահե՛նք մեր ընտանիքները / տեսահոլովակ

 

«Տղամարդը իրավունք ունի ապտակելու իրա կնոջը». նախագահի նախկին թեկնածուն իրեն խայտառակեց

 

 

 

Դիտումների քանակը` 4565

Գլխավոր էջ