Հոլոքոստի զոհերի հիշատակի օր՝ Հայաստանը կմասնակցի ՄԱԿ-ի միջոցառումներին
Հունվարի 27-ը աշխարհում նշվում է որպես Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օր: Օսմանյան կայսրության կողմից կատարված հայերի ցեղասպանության հետ մեկտեղ հոլոքոստը համարվում է XX դարի ցեղասպանութան առավել հայտնի օրինակնեից մեկը: ժամանակին Ադոլֆ Հիտլերը հակամարդկային այս սպանդն արդարացնում էր «Ո՞վ է հիշում հայերի ջարդերի մասին» արտահայտությամբ։
Ինչպես հաղորդում է Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակը, .հունվարի 27-ին ժամը 14:00-ին «Առագաստ» սրճարանին կից զբոսայգում (Մոսկովյան-Տերյան խաչմերուկ) գտնվող Հոլոքոստի զոհերի հուշակոթողի մոտ տեղի կունենա հիշատակի միջոցառում (ծաղկեպսակների տեղադրում, մոմավառություն): Այնուհետև ժամը 15:00-ին Հայաստանի ազգային գրադարանի մեծ դահլիճում (Տերյան 72) տեղի կունենա հանդիսավոր հավաք, պաստառների ու գրականության ցուցադրություն:
Նշենք, որ հունվարի 27–ին Հայաստանը կմասնակցի նաեւ Օսվենցիմ (գերմանական անվանումը` Աուշվից) համակենտրոնացման ճամբար-հուշահամալիրում տեղի ունենալիք միջոցառումներին՝ ՀՀ փոխարտգործնախարար Աշոտ Հովակիմյան մակարդակով:
Երկրորդ աշխարհամարտի տարիներին այդ համակենտրոնացման ճամբարում (1940-1945 թվականներին) զոհվել է շուրջ 1 միլիոն 100 հազար մարդ, որոնց 90 տոկոսը` հրեաներ: Ուղիղ 70 տարի առաջ ՝ 1945 թվականի հունվարի 27-ին ճամբարը ազատագրել է խորհրդային բանակը: Այդ առիթով մի շարք պետություններ հրավիրված են մասնակցելու և հարգանքի տուրք մատուցելու է նացիստական Գերմանիայի օկուպացրած Լեհաստանի տարածքում գտնվող Օսվենցիմ համակենտրոնացման ճամբարի զոհերին:
2005 թվականին ՄԱԿ-ը հունվարի 27-ը հռչակել է Հոլոքոստի հիշատակի միջազգային օր:
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Աուշվից-70. փրկվածների ազատությունը, կյանքն ու ժառանգությունը
Հոլոքոստի զոհերի հիշատակի օր՝ Հայաստանը կմասնակցի ՄԱԿ-ի միջոցառումներին
Դիտումների քանակը` 4962