Ասուլիս. «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքի ընդունման հավանականությունը և խոչընդոտները»

Այս թեմային էր նվիրված երեկ Մամուլի կենտրոնում տեղի ունեցած  կանանց նկատմամբ բռնության խնդրով  զբաղվող ՀԿ-ների  ասուլիսը: Բանախոսներ ՝ Տաթևիկ Աղաբեկյանը  («Կանանց ռեսուրսային կենտրոնի» սեռական բռնության ճգնաժամային ծառայության ծրագրերի պատասխանատու), Նոնա Գալստյանը ( Կանանց աջակցման կենտրոնի փաստաբան ) եւ Աննա Նիկողոսյանը ( «Հասարակության առանց բռնության» ՀԿ-ի տնօրեն) ներկայացնում էին  Ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքի նախագիծը  եւ հիմնավորում դրա ընդունման  անհրաժեշտությունը:

 

«Այս օրինագծի նկատմամբ  կա մի փոքր թյուրըմբռնման և քաղաքական կամքի պակասի խնդիր, քանի որ պետական մակարդակով  ընտանեկան բռնությունը շատ լուրջ խնդիր չի դիտարկվում, թեև ակնհայտ է՝ ինչ մեծ ծավալների է այն հասնում Հայաստանում»,-  նշեց  «Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ի տնօրեն Աննա Նիկողոսյանը:

 

Կանանց աջակցման կենտրոնի փաստաբան Նոնա Գալստյանի դիտարկմամբ  ընտանեկան բռնության ընկալումը իրավապահ համակարգի մոտ բացակայում է և շատ հաճախ ընտանեկան բռնության դեպքերը որակվում են՝ որպես հանցագործության սովորական դեպքեր:«Եվ դատարանում, և գործի քննության ընթացքում ընտանեկան բռնության գործի առանձնահատկությունները հաշվի չեն առնվում: Այս օրինագծի հիմնական նպատակը, նախևառաջ, ընտանեկան բռնության կանխարգելումն է, և զոհերին պաշտպանություն, աջակցություն տրամադրելը»,-նշեց Գալստյանը:

 

Այն հարցին, թե ինչ հստակ մեխանիզմներ կան մշակված օրինագծում, որոնք թույլ կտան  բռնության ենթարկված կանանց բարձրաձայնել իրենց իրավունքների մասին և անկաշկանդ դիմել իրավապահ մարմիններին, Նոնա Գալստյանը պատասխանեց, որ օրինագծում ընտանեկան բռնությունը կանխարգելող հատուկ միջոցներ են նախատեսված և  սահմանափակումներ, որպեսզի բռնության ենթարկված անձը համարժեք պաշպանություն ստանա և ապահովվի նրա անվտանգությունը:

 

«Օրինակ՝ արգելվում է բռնության ենթարկվածի մասին տեղեկատվություն տրամադրելը, նրա գտնվելու վայրը փնտրելը, 100 մետրից ավել մոտենալը, նրա հետ հեռախոսային, կամ նամակագրական կապ հաստատելը: Պետք է  նաև լուծվի զոհին ժամանակավոր բնակության համար ապաստանով ապահովելու խնդիրը: Այս բոլորը պահանջներ են, որոնք ամրագրված չեն գործող օրենքներում:  Միայն  ՀԿ-ներն են, որ  ապահովում են այս քայլերը»,-ընդգծեց Գալստյանը:

 

Ըստ բանախոսների՝ օրենքը նախատեսում է նաև իրազեկվածության մակարդակի բարձրացմանը միտված քայլերի իրագործում՝   իրավապահ մարմինների  շրջանում:
Ասուլիսին ներկա գտնվող «Կանանց ռեսուրսային կենտրոնի» սեռական բռնության ճգնաժամային ծառայության ծրագրերի պատասխանատու Տաթևիկ Աղաբեկյանը անդրադարձավ նաև մեկ ամիս առաջ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի և մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովներում անցկացված քննարկումներին վերոնշյալ օրենքի նախագծի շուրջ:

 

«Հանձնաժողովների նախագահները պատրաստակամություն հայտնեցին համագործակցելու մեզ հետ: Իհարկե, հիմա ավելի շատ իրենցից ենք սպասում հետագա քայլեր, բայց նախնական որոշվել է, որ պետք է ստեղծվի ինչ որ աշխատանքային խումբ: Միգուցե որոշակի փոփոխություններ արժի անել օրինագծում, բայց չեմ կարծում, որ ինչ-որ սկզբունքային մասեր պետք է հանվեն օրենքի նախագծից»,-ասաց Աղաբեկյանը:

 

Վերջում անդրադառնալով նաև հունվարի 22-ին  ՄԱԿ-ում տեղի ունեցած համապարփակ դիտարկման շրջանակներում Հայաստանի՝ մարդու իրավունքների մասին ազգային զեկույցի քննարկմանը, բանախոսները ընդգծեցին, որ կանանց նկատմամբ խտրականության և բռնության հարցում դրական տեղաշարժ կա:

 

«Երկրների մեծ մասը անդրադարձավ  իրավական ակտերի ընդունմանը Հայաստանում գենդերային և ընտանեկան բռնության կանխարգելման հարցում: Իրականում սա նշանակում է, որ միջազգային մակարդակով այս խնդիրը գիտակցվում է, որ կա Հայաստանում, և պետությունները առաջարկություններ են կատարում, որ վիճակը բարելավվի: Սա խթան պետք  է հանդիսանա կառավարության համար ու, հերթական լծակը պետք է լինի, որ ընդունվի ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենք Հայաստանում», – հավելեց Նիկողոսյանը:

 

Ասուլիսի ամբողջական տեսագրությունը դիտեք այստեղ:

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Ինչ հարցեր է կարգավորում «Ընտանեկան բռնության կանխարգելման» օրենքը

 

 

«Ինչ օրենք էլ ընդունվի, միայն ծայրահեղ դեպքում պետք է խառնվենք ընտանիքի ներքին գործերին»

 

Ի՞նչն է խանգարում Ընդդեմ գենդերային բռնության ազգային ծրագրի իրականացմանը

 

Այս տարի ընտանեկան բռնություններից տասներկու կին մահացել է

 

Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքը հասավ Ազգային Ժողով (տեսանյութ)

 

«Մի՛ լռիր, ԽՈՍԻ՛Ր: Մենք կարող ենք օգնել քեզ». պատրաստվել է երկրորդ տեսահոլովակը

 

 

Դիտումների քանակը` 3684

Գլխավոր էջ