Օքսֆամ. «Ունենալով ամեն ինչ, ցանկանում են ավելին»
«Դուք ուզու՞մ եք ապրել մի աշխարհում, որտեղ մեկ տոկոսի հարստությունը գերազանցում է մեր բոլորիս հարստությունը միասին վերցրած…»
Օքսֆամն այսօր, Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումին ընդառաջ, զգուշացնում է, որ մինչև 2016թ. աշխարհի ամենահարուստ մարդկանց 1%-ի մեկ տոկոսի ընդհանուր հարստությունը կգերազանցի երկրագնդի բնակչության 99 տոկոսի հարստությունը, եթե անհավասարության աճի ներկայիս միտումը չզսպվի:
Այսօր Օքսֆամը հրապարակել է իր «Ունենալով ամեն ինչ, ցանկանում են ավելին» հետազոտությունը, որը ցույց է տալիս, որ աշխարհի ամենահարուստ մարդկանց 1%-ի մասնաբաժինը աշխարհի ընդհանուր հարստության մեջ, որը 2009թ-ի կազմում էր 44%, 2014թ-ին հասել է 48%-ի: Աճի նման տեմպերով այդ մասնաբաժինը 2016թ-ին կկազմի ավելի քան 50 տոկոս: 2014թ-ին համաշխարհային այս վերնախավի յուրաքանչյուր չափահաս անդամի միջին հարստությունը կազմել է 2.7 մլն դոլար:
Աշխարհի հարստության մնացած 52 տոկոսը, գրեթե ամբողջությամբ (46 տոկոսը), պատկանում է երկրագնդի բնակչության ամենահարուստ 5 տոկոսին: Մնացած 80 տոկոսին բաժին է ընկնում ընդամենը 5.5 տոկոս՝ յուրաքանչյուր չափահասի հաշվով միջինում կազմելով 3,851 դոլար, որը կազմում է 1 տոկոսի միջին հարստության 1/700- ական մասը:
Օքսֆամի հաշվետվությունը վկայում է, որ անհավասարությունը հասել է զարհուրելի չափերի և շարունակում է աճել: Ժամանակն է փոխել համաշխարհային այս համակարգը՝ այն դարձնելով առավել ներառական, արդար և կայուն:
Այս հետազոտությունը, որը կատարվել է Օքսֆամի հոկտեմբեր ամսին մեկնարկած «Պայքար հավասարության համար» միջազգային քարոզարշավից հետո, ցույց է տալիս, թե ինչպես է չափազանց մեծ հարստությունը փոխանցվում սերնդե սերունդ և ինչպես է վերնախավը համախմբում իր հսկայական ռեսուրսները քաղաքական որոշումները իր շահերին ծառայեցնելու համար: Ֆորբսի ցանկում ընդգրկված 1645 միլիարդատերերի մեկ երրորդից ավելին մասամբ կամ ամբողջությամբ ժառանգել է իր հարստությունը:
Միլիարդատերերի քսան տոկոսը հետաքրքրություններ ունի ֆինանսական և ապահովագրության ոլորտներում: Սա այն խումբն է, որ 2013թ-ին Վաշինգտոնում և Բրյուսելում ծախսել են 550մլն դոլար՝ քաղաքականություն մշակողների լոբբինգի համար: Միայն 2012թ-ի ԱՄՆ-ի ընտրական քարոզարշավի համար ֆինանսական ոլորտը ծախսել է 571մլն դոլար:
Այն միլիարդատերերը, որոնք հետաքրքրություն ունեն դեղագործության և առողջապահության ոլորտներում, 2013թ-ին ծախսել են ավելի քան $500մլն դոլար Վաշինգտոնի և Բրյուսելի քաղաքականություն մշակողների լոբբինգի համար:
Օքսֆամը մտահոգված է, որ մեծահարուստների քաղաքական որոշումների վրա ազդեցություն ունենալու (լոբբինգի) կարողությունը մեծ խոչընդոտ է հատկապես հարկային համակարգի բարեփոխումների համար, որը գործում է ի վնաս աշխարհի ամենաաղքատների, որոնք զրկված են առաջին անհրաժեշտության դեղորայքային միջոցներից և առողջապահական ծառայություններից:
Արժույթի Միջազգային Հիմնադրամը, ի թիվս այլոց, ավելի հաճախ է նշում այն փաստը, որ ծայրահեղ անհավասարությունը խոչընդոտում է տնտեսության զարգացումը:«Ծայրահեղ աղքատությունը ոչ միայն բարոյական անարդարություն է: Այն բացասական է անդրադառնում տնտեսական աճի վրա և սպառնում մասնավոր հատվածի արդյունավետ գործունեությանը:
Օքսֆամը կոչ է անում կառավարություններին ընդունել յոթ կետից բաղկացած ծրագիր՝ անհավասարության դեմ պայքար մղելու համար.
– Թույլ չտալ, որպեսզի խոշոր առևտրական կազմակերպություններն ու հարուստ անհատները խուսափեն հարկերից,
– Ներդրումներ կատարել համընդհանուր, անվճար հանրային ծառայություններում, ինչպիսիք են առողջապահությունը և կրթությունը
– Արդարացիորեն կիսել հարկային բեռը՝ փոխադրելով այն աշխատուժից և սպառման ոլորտից դեպի կապիտալ և հարստություն,
– Սահմանել նվազագույն աշխատավարձ և բոլոր աշխատողների համար ապահովել նվազագույն սպառողական զամբյուղից ոչ պակաս աշխատավարձ,
– Ներդնել հավասար վարձատրություն սահմանող օրենսդրություն և նպաստել կանանց համար արդար պայմաններ ապահովող տնտեսական քաղաքականության վարմանը,
– Ամենաաղքատների համար ապահովել անվտանգության համապատասխան համակարգեր, ներառյալ նվազագույն եկամուտ ուենալու երաշխիքը,
– Համաձայնություն ձեռք բերել անհավասարության դեմ պայքարի ընդհանուր նպատակի շուրջ:
«Դուք ուզու՞մ եք ապրել մի աշխարհում, որտեղ մեկ տոկոսի հարստությունը գերազանցում է մեր բոլորիս հարստությունը միասին վերցրած: Անվասարությունը ողջ աշխարհում պարզապես զարհուրելի չափերի է հասնում ու թեև այս հարցը հաճախ է դրվում միջազգային օրակարգերում, անդունդն ամենահարուստների և բնակչության մնացած մասի միջև ավելի արագ տեմպերով է խորանում», – բարձրաձայնում է Օքսֆամի Միջազգային Գործադիր տնօրեն Ուինի Բիանիման, ով համանախագահելու է Դավոսի տնտեսական ֆորումում:
Ուինի Բիանիման կօգտվի Դավոսում իր զբաղեցրած պաշտոնից և կոչ կանի անհապաղ միջոցներ ձեռնարկել անհավասարության աճող ալիքը զսպելու համար:
Ծանոթագրություն հետազոտության մասին
«Ունենալով ամեն ինչ, ցանկանում են ավելին» հետազոտությունն առկա է հետևյալ կայքում՝ http://oxf.am/Zwji
Կրեդիտ Սուիս (Credit Suisse) հետազոտական ինստիտուտի Աշխարհի բնակչության հարստության 2013 և 2014թթ տեղեկատուից վերցրած տվյալներ՝ 1%, 50%, 80% և 99%-ի հարստության վերաբերյալ՝ https://www.credit-suisse.com/uk/en/news-and-expertise/research/credit-suisse-research-institute/publications.html: Մեկ տոկոսի հարստության վերաբերյալ կանխատեսումները հաշվարկված են Օքսֆամի կողմից՝ այդ տվյալների հիման վրա:
Ամենահարուստ 80 տոկոսի հարստությունը հաշվարկված է Ֆորբսի միլիարդատերերի ցուցակի հիման վրա: Կայք՝ http://www.forbes.com/: Այս ցուցակից վերցրած տարեկան տվյալները հրատարակվել են մարտ ամսին:
Կրեդիտ Սուիս (Credit Suisse) հետազոտական ինստիտուտը 2013 և 2014թթ-ին փոփոխություններ է կատարել իր մեթոդաբանության մեջ: Այս մեթոդաբանության կիրառումը ցույց է տալիս, որ անցյալ տարվա ‘85’-ը կարող էր լինել ‘90’: Սա նշանակում է, որ միլիարդատերերի քանակը, որոնց հարստությունը նույնքան է, որքան ամենաաղքատ 3.5 միլիարդի հարստությունը, վերջին 12 ամիսների ընթացքում 90-ից նվազել և հասել է 80-ի:
Օքսֆամի «Պայքար հավասարության համար» քարոզարշավի մանրամասները ներկայացված են հետևյալ կայքում՝
oxfam.org//en/campaigns/even-it-up
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Ֆինանսական ճգնաժամից ի վեր միլիարդատերերի քանակն ամբողջ աշխարհում կրկնապատկվել է
Օքսֆամ.«Միասին կանգնեցնե՛նք խորացող անհավասարությունը»
Օքսֆամը հրավիրում է մասնակցել հանուն հավասարության քարոզարշավի մեկնարկին
«Աշխատելով մի քանիսի համար» – Օքսֆամը բացահայտում է անարդարությունը.
Դիտումների քանակը` 4366