Կնոջը խոշտանգելու մեջ մեղադրվող ամուսինը համաներմամբ ազատ արձակվեց
Գավառի ընդհանուր իրավասության դատարանում դեկտեմբերի 22-ին հրապարակվեց 28-ամյա Հասմիկ Խաչատրյանի՝ բախտագուշակ Վարսիկի հարսի նկատմամբ ընտանեկան բռնության գործով դատավճիռը: Հասմիկի նախկին ամուսին Սարգիս Հակոբյանը դատապարտվել է 1.5 տարվա ազատազրկման և համաներմամբ ազատ արձակվել դատարանի դահլիճից։
Հիշեցնենք, որ Սարգիս Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածով այն բանի համար, որ նա գտնվելով ամուսնական հարաբերությունների մեջ Հասմիկ Խաչատրյանի հետ, խոշտանգել, պարբերաբար ծեծի է ենթարկել, մարմնական և հոգեկան տառապանք պատճառել նրան: Մեղադրող կողմը դատարանին միջնորդել էր Սարգիս Հակոբյանին մեղավոր ճանաչել խոշտանգման մեջ, դատապարտել 5 տարվա ազատազրկման եւ կալանավորել նրան հենց դատարանի դահլիճում:
Հասմիկ Խաչատրյանը պահանջել էր նաեւ՝ առողջական վնասի փոխհատուցում մեկ միլիոն դրամ, իսկ բարոյական փոխհատուցում՝ երեք միլիոն դրամ, ինչը մերժվեց:
Ընդդեմ կանանց նակտմամբ կոալիցիան, որը դատավարության ողջ ընթացքում աջակցում էր Հասմիկին՝ իր իրավունքները պաշտպանելու հարցում, հետեւյալ բովանդակությամբ գրառում է արել դատավճռի վերաբերյալ.
«Այսօր կայացավ որոշում Գավառում Հասմիկ Խաչատրյանի դատական գործով. բռնարարին դատապարտեցին 1 տարվա ազատազրկման և նա ժպիտը դեմքին հեռացավ դատարանից: Որքան դեռ պետք է շարունակվեն նման անարդար դեպքեր քննվել Հայաստանի Հանրապետությունում, որքան դեռ պետք է բռնարարը դաժանաբար՝ մինչև մահ ծեծի իր կնոջը, ապա ուղղակի մի քանի ամիս կալանավայրում անցկացնի և հետո ազատորեն շրջի՝ փնտրելով իր հաջորդ զոհին: Որքան դեռ պետք է լինեն ոչ կոմպետենտ ոստիկաններ, բժիշկներ, դատավորներ և այլոք: Որքան պետք է բոլորը խրախուսեն բռնությունը՝ սխալ պատիժներով, անհեթեթ սերիալներով, արդարացնելով դաստիարակչական ծեծը, հրահրելով անպատասխան թողնել բռնությունը»…
Նշենք, որ դեկտեմբերի 24-ին ժամը 13-ին «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա Հասմիկ Խաչատրյանի մամլո ասուլիսը, որին մասնակցելու են նաեւ «Կանանց աջակցման կենտրոնի» փաստաբան Նոնա Գալստյանը, «Կանանց աջակցման կենտրոնի» ծրագրերի ղեկավար Հասմիկ Գևորգյանը: Հասմիկ Խաչատրյանն ու«Կանանց աջակցման կենտրոնի» անդամները կներկայացնեն իրենց դիրքորոշումը դեկտեմբերի 22-ին Գավառի դատարանի որոշման վերաբերյալ:
Հիշեցնենք, որ ըստ տուժող Հասմիկ Խաչատրյանի, ամուսինը իր երեխայի ծննդյան օրվանից ալկոհոլի ազդեցության տակ մշտապես բռնությունների է ենթարկել իրեն՝ աթոռով, ոտքով, բռունցքով ծեծի ենթարկել, ծխախոտը հանգցրել իր թեւերի վրա: Առավել մանրամասն մեր կայքի եւ Հետք – ի հրսպարակումներում մեջ:
Aysor.am-ը մեջբերումներ է հրապարակել Դատական տեղեկատվական համակարգի նյութերից: Ըստ մեղադրանքի՝ Սարգիս Հակոբյանը 2013 թվականի մայիսի 05-ին ժամը 23-ի սահմաններում եկել է ՀՀ Գեղարքունիքի մարզի իրենց բնակարան և ննջասենյակում տեսել է, որ դստեր դեմքի շրջանում քերծվածքներ կան: Կնոջը՝ Հասմիկ Խաչատրյանին հարցրել է, թե ինչի հետևանքով է դուստրը ստացել այդ վնասվածքները: Վերջինս նրան պատասխանել է, որ ընկնելու հետևանքով, սակայն Սարգիս Հակոբյանը պատճառաբանել է, որ ընկնելուց հնարավոր չի նման վնասվածք ստանա ու կատարվածի համար մեղադրել է կնոջը Հասմիկ Խաչատրյանին և ձեռքի ափային մասով հարավածել է նրա ձախ այտին, որից Հասմիկ Խաչատրյանն ուժեղ ցավ է զգացել ու բղավել է, որը լսելով ննջասենյակ է մտել Սարգիս Հակոբյանի մայրը և ցանկացել է Հասմիկ Խաչատրյանին դուրս հանել ննջասենյակից, սակայն Սարգիս Հակոբյանը բռնել է Հասմիկ Խաչատրյանի մազերից և հետ քաշել ու մորը դուրս է հանել սենյակից:
Դրանից հետո, նա Հասմիկ Խաչատրյանին ասել է, թե իր ձեռքից ուր էր փախչում ու հայհոյել, որից հետո վերցրել է պահարանի վրա դրված ջրով լի բաժակը և հարվածել Հասմիկ Խաչատրյանի գլխի գագաթային մասին, որի հետևանքով վերջինս ընկել է հատակին և Սարգիս Հակոբյանը շուրջ 20 րոպե անհանգիստ ման է եկել ննջասենյակում և ձեռքերով ու ոտքերով հարվածել է Հասմիկ Խաչատրյանի գլխին, դեմքին և մեջքին, այդպես 6-7 անգամ Հասմիկ Խաչատրյանը լաց է եղել և Սագիս Հակոբյանից խնդրել է, որպեսզի իրեն չհարվածի, սակայն Սարգիս Հակոբյանը նրա խոսքերին ուշադրություն չի դարձրել և կարծես թե ոգևորվել և հաճույք է զգացել նրան հարվածելուց, որից հետո վերցրել է սենյակում գտնվող փայտյա աթոռը և հարվածել է Հասմիկ Խաչատրյանի մեջքի հատավածին, որի հետևանքով աթոռը կոտրվել է և աթոռից պոկված փայտյա գլխիկով ինքը բազմաթիվ հարվածներ է հասցրել Հասմիկ Խաչատրյանի գլխին և մարմնի տարբեր հատվածներին, որից վերջինս ուշագնաց է եղել և ուշքի է եկել կրկին ստացած հարվածներից, որից հետո քաշել է Հասմիկ Խաչատրյանի մազերից և ասել, որպեսզի գնա լվացվելու:
Այս ամենի հետևանքով Հասմիկ Խաչատրյանը ստացել է գլխի մազածածկ հատավածի` աջից ճակատ-գագաթային, գագաթային, գագաթ-ծոծրակային շրջանների և ծոծրակային միջին շրջանի մեկական սալջարդ վերքեր, ձախ դաստակի թիկնային մակերեսի 2-րդ նախադաստակային ոսկրի պրոյեկցիայով, ձախ սրունքի միջին երրորդի առաջային մակերեսի շրջանների մեկական սալջարդ վերքեր և գլխուղեղի ցնցում Հասմիկ Խաչատրյանի առողջությանը պատճառվել է թեթև վնաս առողջության քայքայումով:
Բացի այդ, 2013 թվականի մայիս ամսվա վերջին և հունիս ամսվա սկզբին Սարգիս Հակոբյանը իրենց տան խոհանուցում վիճաբանել է Հասմիկ Խաչատրյանի հետ ասելով, թե կասկածում է, որ ինքը լավ տղա է և միաժամանակ ասել է, եթե ինքը կասկածի, որ Հասմիկ Խաչատրյանը դավաճանում է իրեն աչքերը կհանի և ձեռքին եղած ծխախոտը մոտեցրել է վերջինիս դեմքին ու Հասմիկ Խաչատրյանը ձեռքերով փակել է իր դեմքը, որից հետո Սարգիս Հակոբյանը ծխախոտի այրվող գլանակով այրել է Հասմիկ Խաչատրյանի ձախ նախաբազուկը:
Դրանից հետո, 2013 թվականի հունիսի 16-ին ժամը 23-ի սահմաններում, Սարգիս Հակոբյանն իրենց տան բակում վիճաբանել է կնոջ Հասմիկ Խաչատրյանի հետ, որի ընթացքում Սարգիս Հակոբյանը ձեռքի ափային մասով հարվածել է Հասմիկ Խաչատրյանի աջ ականջին, որից վերջինս ուժեղ ցավ է զգացել և վազելով գնացել է տան ուղղությամբ: Սարգիս Հակոբյանը ձայն է տվել ասելով, թե ուր է փախչում իր ձեռքից, որից հետո ոտքով հարվածել է Հասմիկ Խաչատրյանի դեմքին և մարմնի տարբեր մասերին, որի հետևանքով Հասմիկ Խաչատրյանը ձախ բազկի վերին երրորդականի դրսային մակերեսի, նախաբազկի ստորին երրորդականի դրսային մակերեսի շրջանների, ձախից զստային շրջանի` զստոսկրի կատարի պրոյեկցիայով, արյունազեղումների ձևով ստացել է վնասվածքներ, որոնք նրա առողջությանը պատճառել են թեթև վնաս` առողջության կարճատև քայքայումով:
Հասմիկ Խաչատրյանի ձայնից դուրս են եկել Սարգիս Հակոբյանի մայրը և հայրը, վերջինս վիճաբանել է նրանց հետ ու նստելով ավտոմեքենան գնացել է և հետ է վերադարձել մոտ մեկ ժամ հետո և իրենց 2-րդ հարկի հյուրասենյակում ձախ ձեռքով հարվածել է Հասմիկ Խաչատրյանի ձախ այտին, որից հետո Հասմիկ Խաչատրյանը դուրս է եկել տանից: Սարգիս Հակոբյանը գնացել է նրա հետևից, սակայն Հասմիկ Խաչատրյանը վախենալով ամուսնուց թաքնվել է և մինչև հունիսի 17-ը ժամը 04-ի սահմանները մնացել է դրսում, որից հետո գնացել է իր հայրական տուն:
Նշենք, որ տանից փախչելուց ի վեր՝ Հասմիկ Խաչատրյանին օգնության ձեռք մեկնեց Կանանց աջակցման կենտրոնը, որի կացարանում նա ապրում էր դստեր հետ:
Առավել մանրամասն այս դեպքի մասին կարդացեք.
5 տարի ազատազրկում ամուսնուն՝ կնոջը խոշտանգելու համար
Ծխախոտը հանգցրել է ձեռքին. այրվածքն ապացուցվել է փորձաքննությամբ
Խոշտանգումների ենթարկված հարսն արդարություն է փնտրում
Բախտագուշակ Վարսիկի` խոշտանգումների ենթարկված հարսն արդարություն է փնտրում
7-ամյա երեխան դարձել է ծնողների վեճի զոհը
Տանից փախուստի դիմած կինը պնդում է՝ ամուսինը երեխաներին որպես զենք է օգտագործում իր դեմ
Դիտումների քանակը` 5137