Ջոն Լենոնի «IMAGINE»` ներկայացնում է ՅՈՒՆԻՍԵՖ-ը Հայաստանում
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակը (ՅՈՒՆԻՍԵՖ) նշեց Հայաստանում իր գործունեության 20-ամյա հոբելյանը՝ ներկայացնելով հանրությանը անցած տարիների ընթացքում արձանագրված ձեռքբերումները եւ հետագա ծրագրերը:
Երեկ կայացած հանդիսավոր միջոցառմանը ներկայացվեց նաեւ Ջոն Լենոնի «IMAGINE» հայտնի երգի հիման վրա ստեղծված հայկական տարբերակը, որի միջոցով Հայաստանը միացավ ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների մասին Կոնվենցիայի 25-ամյակի կապակցությամբ վերջերս մեկնարկած համաշխարհային քարոզարշավին :
Հիշեցնենք, որ քարոզարշավի շրջանակներում աշխարհի տարբեր երկրներում Ջոն Լենոնի «IMAGINE» հայտնի երգի հիման վրա ստեղծված տեսահոլովակներով փորձ է արվում ուշադրություն հրավիրել երեխաների իրավունքների պաշտպանությանը:
Imagine.unicef.org կայքի միջոցով նախաձեռնությանը արդեն իսկ միացել են հազարավոր երեխաներ, ծնողներ, արվեստի գործիչներ աշխարհի տարբեր ծայրերից:
««IMAGINE» -ի հայկական տեսահոլովակը ստեղծել են ռեժիսոր Հրաչ Քեշիշյանն ու պրոդյուսեր Արմեն Մարտիրոսյանը, ռեմիքս տարբերակը` դիջեյ Վակցինան: Լենոնի երգը համախմբել է Ալլա Լեւոնյանին, Սերժ Թանկյանին, Գոռ Սուջյանին, Արթո Թունջբոյաջյանին, կանադահայ օպերային երգչուհի Իզաբել Բայրակդարյանին եւ Հայաստանի փոքրիկ երգիչներին:
Երգի ամբողջացված , այսպես կոչված համաշխարհային տարբերակը, որը հեղինակելու է հայտնի դիջեյ Դավիդ Գետան, կթողարկվի ամանորի նախաշեմին։ Ձայնագրության վերբեռնումից ստացված դրամական միջոցները կհանգանակվեն 150 երկիր` երեխաների պաշտպանության եւ օգնության ծրագրեր իրականացնելու համար:
Նշենք, որ 1971-ին գրված Լենոնի հանրաճանաչ «IMAGINE» երգը վաղուց արդեն խաղաղության համար պայքարողների համաշխարհային օրհներգ էր հանդիսանում: Այս տարվա սեպտեմբերին Լենոնի այրին Յոկո Օնոն փոխանցեց այս երգի իրավունքները ՄԱԿ-ին եւ այժմ նա հնչելու է նոր առաքելությամբ՝ հանուն երեխաների համար ավելի լավ ապագայի.
« Կարող եք մտածել, թե երազող եմ,սակայն ես միակը չեմ… Միայն պատկերացրեք , որ բոլոր մարդիկ ապրում են խաղաղության մեջ… Միայն պատկերացրեք երեխաների համար ավելի լավ ապագա… »
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
«Միայն պատկերացրեք երեխաների համար ավելի լավ ապագա»…/ տեսահոլովակ
UNICEF-ի «վիդեոխաղը» շոկ առաջացրեց…/ տեսահոլովակ
ՅՈՒՆԻՍԵՖ. 2014-ը կործանարար տարի էր երեխաների համար
Դիտումների քանակը` 4492