«Մայրս միշտ ասում էր` դու ծնվել ես գյուղի համար»…

Չնայած վաղ գարուն է ու ծառերն էլ անհրապույր, սակայն տիկին Սառան այնքան մեծ սիրով ու հոգատարությամբ էր ցույց տալիս իրենց այգին՝ մեկ առ մեկ պատմելով յուրաքանչյուր ծառի խնամքի ու հասունացած բերքի մասին, որ ակամայից պատկերացնում էիր նրա այգին բերքառատ աշնանը:

 

Խնամված այգի, փոքրիկ հավանոց, ուր կռիվ են տալիս հավերն ու հնդկահավերը: Փոքրիկ բադիկն է ձայն տալիս իր հարևան «ընկերներին», նապաստակը, ով շուտով կուրախացնի իր տիրուհուն նոր ձագուկներով: Ահա, տարվա ցանկացած եղանակին  օրը տիկին Սառայի համար սկսվում է հազար ու մի զբաղմունքով: Բայց ինչպես ինքն է ասում, ամեն բան անում  է մեծ սիրով:

 

-Երևանում սեփական տանն էինք ապրում, փոքրիկ ջերմոց ունեինք, այնտեղ ես միշտ ցանում էի տարբեր կանաչիներ, աճեցնում էի ծաղիկներ: Հողի հետ աշխատանքը շատ եմ սիրում: Մայրս միշտ ասում էր` դու  ծնվել ես գյուղի համար… Եվ այդպես էլ եղավ, ծանոթացանք ամուսնուս հետ, սիրահարվեցինք ու եկա Գինեվետ գյուղ: Այստեղի կյանքը շատ եմ սիրել…Երեք աղջիկ ունենք, մեր տան ուրախությունն են…

 

Ծաղիկների նկատմամբ նրա մեծ սերն էլ այսօր զարդարում է ոչ միայն բակը, այլև տան բոլոր պատուհանագոգերը :

 

-Ամեն ինչ ինձ շատ է գերում, երբ ծառերը ծաղկում են ու մեղուները սկսում են խաղալ ծառերի վրա: Այդ ձայնը շատ եմ սիրում…Հաճախ եմ մոտենում ծաղկած ծիրանենիներին ու  հոտ քաշում:

 

 

Իսկ բերքի ժամանակ բոլորս  համախմբված աշխատում են: Քաղում ենք, որոակավորում: Պապիկն էլ բերքը շուկա է տանում: Ամառային խնձորենիներ ունենք, տանձենիներ, բալենիներ, ծիրանենիներ, շատ համեղ թուզ, ընկույզի ծառեր: Սուջուխ եմ սարքում իմ բալիկների համար: Բոլորը մեր հողամասի բերքն ու բարիքն է, ոչինչ չենք գնում:

 

Տիկին Սառան նաև շատ համեղ չրեր է պատրաստում,  որոնք նաև վաճառում է: Իսկ ստեղծագործելիս միշտ էլ մի նոր բան է ծնվում.

 

– Քիչ-քիչ անելով, սկսեցի սովորել. որքան ծծումբ է հարկավոր, շիրայի չափը… Մի օր խնձորի չիր էի պատրաստում, բայց այն ավել եփեց ու շատ փափկեց: Ես էլ տրորեցի և սկուտեղի մեջ հաստ շերտով տարածեցի: Չորանալուց հետո, կտրատեցի. լոխումի նման էր դարձել, շատ համեղ էր: Հիմա ամեն տարի հենց այդպես էլ պատրաստում եմ:

 

Տան ամեն մի անկյուն հուշում է, որ այստեղ տանտիրուհու ձեռքն է դիպչել. սփռոցներ, բռնիչներ, ծածկոցներ ու անգամ տան վարագույրները տիկին Սառայի ձեռքի աշխատանքներն են: Նրա փոքր աղջիկն էլ, առաջ գալով, ցույց է տալիս իր վարդագույն գործվածքից վերնաշապիկը, թե սա էլ է մայրիկը կարել:

 

 

-Հորաքրոջիցս եմ սովորել գործել, կարել, – ասում է տիկին Սառան, ով «Ակադեմիա» պատկերասրահում իր աշխատանքների ցուցադրությունն է ունեցել: Երևի թե չկա ձեռագործի մի տեսակ, որ տիկին Սառան չիմանա.  հելյուն, ասեղնագործ, մաքոքագործություն, կանվա, մաքրամե…

Տարիներ առաջ անգամ փոքրիկ խմբակ էր տիկին Սառան ստեղծել իրենց գյուղում:

 

– Սկզբում մեր տանը, վառարանի շուրջ հավաքվւմ էի երեխաներին ու սկսում սովորեցնել, հետո դպրոցի տնօրենը մեզ դասասենյակ հատկացրեց:

 

Սառա Ալիշանյանը նաև շատ ակտիվ հասարակական կյանքով է ապրում: Ակտիվ ծնող է: Դպրոցում՝ ծնողական խորհրդի նախագահ է ընտրվել,  հետո նաև դպրոցի կառավարման  խորհրդի ութ անդամներից մեկն է դարձել: Կազմակերպչական ցանկացած հարց տիկին Սառայի ուշադրության կենտրոնում է:

 

Տեսնելով այս աշխույժ, պրպտող ու ստեղծագործ կնոջը, երեք չքնախ աղջիկների  մորը, հասկանում ես, որ այս կյանքում  անհնարին ոչինչ չկա, պետք է միայն շատ ցանկանալ.

 

– Տարիներ առաջ, երբ փոքր բալիկս դեռ մեկ տարեկան էր, իմացա, որ Հայորդաց տանը մաքոքագործության դասեր են կազմակերպում, իսկ այն իմ մանկության երազանքն էր, ու ես այն իրականացրեցի,- ասում է տիկին Սառան ու ցույց տալիս անավարտ ժանյակը, որը չնայած մեծ զբաղվածությանը անպայաման շուտով կավարտի ու կսկսի նոր ստեղծագործական պրպտումները… Այլ կերպ նա ուղղակի րի կարող…

Լիլիթ Քոչինյան

Երեւան-Գինեվետ

 

Տես նաեւ այլ նյութեր այս թեմայի շուրջ մեր կայքում.

 

«Քարից հաց քամող» կին հերոսները

 

«Երջանկություն է, երբ մարդը իր սիրած գործով է զբաղվում»…

 

«Ասացի՝ հետները երգում եմ, սիրով են հոգի առնում»…

Դիտումների քանակը` 8260

Գլխավոր էջ