Ի՞նչն է խանգարում Ընդդեմ գենդերային բռնության ազգային ծրագրի իրականացմանը
Գենդերային բռնության դեմ պայքարի 16 օրյակը մոտեցավ իր ավարտին: Սակայն այս օրերին չհնչեց որեւէ պաշտոնական հայտարարություն , որով պետությունը իր աջակցությունը կհայտներ բռնության եւ խտրականության դեմ պայքարին: Այնինչ դեռեւս 2011 թվականից ՀՀ Կառավարությունը «Ընդդեմ գենդերային բռնության» ազգային ծրագիր է ընդունել, ինչպես նաեւ 2011-2015 թվականների համար նախատեսված ռազմավարական ծրագիր, որոնց նպատակն է նպաստել գենդերային բռնության կրճատմանը Հայաստանում:
Չորս տարի առաջ ընդունված ծրագիրը բավականին հավակնոտ է, եւ եթե այն լիովին իրականացվեր, Հայաստանն այսօր գենդերային բռնության նվազեցման հարցում պետք է որ լուրջ առաջընթաց արձանգրած լիներ: Հասկանալու համար թե որքանով եւ ինչպես է իրագործվել ծրագիրը, մենք զրուցեցինք ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարարության Կանանց հիմնահարցերի բաժնի պետ Արմենուհի Թանաշյանի հետ:
Վերջինս նշում է, որ այսօր անհնար է չափել, թե որքանով է Հանրապետությունում կրճատվել գենդերային բռնությունը, քանի որ ծրագրի իրականացման մեկնարկից հետո ոչ մի համապետական հետազոտություն չի իրականացվել: «Այս պահին մենք համեմատելու համար չունենք որեւէ չափանիշ: Հուսով ենք, որ հաջորդ տարի հետազոտություն կունենանք»,- ասում է Արմենուհի Թանաշյանը:
Փաստորեն, անկախ նրանից, թե ծրագիրն ինչպես է իրականացվել, այսօր դժվար է գնահատական տալ արված աշխատանքին, քանի որ չկա որեւէ վիճակագրական թարմ տվյալ, ինչպես նաև չկան սահմանված չափորոշիչներ՝ գնահատելու պետության կողմից արված աշխատանքը և դրա արդյունքները:
Այնուամենայնիվ, Կանանց հիմնահարցերի բաժնի պետը նշում է, որ իրականացվել է հսկայական աշխատանք ամբողջ հանրապետության տարածքում: «Բռնության կանխարգելման համար կարեւոր նշանակություն ունեն իրազեկման աշխատանքները, որոնք իրականացվել են ՀՀ բոլոր մարզերում եւ Երեւանում: Կրթական ոլորտում աշխատողների հետ էլ տարվել են վերապատրաստման աշխատանքներ, քաղաքացիական ծառայողներն են հատուկ դասընթաց անցնում»:
Մեր ձեռքի տակ են Ընդդեմ գենդերային բռնության տարեկան միջոցառումների հաշվետվությունները, որտեղ թվարկված է կատարված աշխատանքը ըստ գերատեսչությունների: Կատարված աշխատանքին գնահատական տալու խնդրանքով մենք դիմեցինք Կանանց ռեսուրսային կենտրոնի փորձագետներին, ովքեր ուսումնասիրել են Ազգային ծրագրի իրականացումը:
Նշենք, որ ըստ Կառավարության հաստատած ծրագրի՝ Հանրապետությունում գենդերային բռնության կրճատմանն ուղղված պետական քաղաքականության հիմնական ուղղություններից մեկը գենդերային բռնության կանխարգելումն է: «Կանանց ռեսուրսային կենտրոն»-ի հետազոտողները կարծում են, որ ազգային ծրագրով նախատեսված կրթական կոմպոնենտը անհրաժեշտ, սակայն բավարար նախապայման չէ գենդերային բռնությունը կանխարգելելու համար: Իրենց դիտարկմամբ , կոնկրետ գործողություններ, որոնք կնպաստեին դեպքերի նվազեցմանը` աշխատանք բռնարարների հետ, ապաստարանի տրամադրում, մշտական և նպատակային հոգեբանական և սոցիալական ծառայությունների մատուցում, նախատեսված չեն ծրագրով:
Ծրագրում ներառված էր նաեւ գենդերային բռնության ենթարկված անձանց պաշտպանությունը: Որքանո՞վ է Կառավարությունն այսօր պաշտպանում բռնության զոհերին:
«Ազգային ծրագրով նախատեսված գենդերային բռնության զոհերի պաշտպանությունը լիարժեք չի արվում, որոշ գործողություններ արվել են, որոշները՝ ոչ: Հիմնականում գործողությունները արվել են ՀԿ-ների և միջազգային կազմակերպությունների հետ համատեղ»,- նշում է «Կանանց ռեսուրսային կենտրոն» (ԿՌԿ) հասարակական կազմակերպության համահիմնադիր Գոհար Շահնազարյանը: Նրա խոսքով՝ գենդերային բռնության զոհերի պաշտպանության լավագույն մեխանիզմը գենդերային բռնության դեմ առանձին օրենքի ընդունելը կլիներ:
ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարարության Կանանց հիմնահարցերի բաժնի պետ Արմենուհի Թանաշյանը, այնուամենայնիվ, կարծում է, որ իրենք լուրջ առաջընթաց են արձանագրել անցած տարիների ընթացքում.
«Դաշտը պատկերացրել ենք, տարբեր հետազոտություններ ենք իրականացրել, մարզպետարաններում թիմեր են ստեղծվել, հանձնաժողովներ կան, որոնք քննարկում են այս հարցերը: Այսօր մենք ունենք աշխատանքային թիմեր նախարարությունների եւ մարզպետարանների մակարդակով: Շատ լավ համագործակցություն ունենք թե տեղական, թե միջազգային կազմակերպությունների հետ…», – ասում է նա:
ԿՌԿ հետազոտողների կարծիքը , սակայն, տարբերվում է պաշտոնյայի կարծիքից: «Ընդհանուր առմամբ պլանավորած գործողությունները կատարվել են, սակայն որոշակի վերապահումներով` կան վերապատրաստումներ, որոնք ֆինանսավորման պակասի պատճառով չեն արվել, բացի այդ, ուսուցիչների և աշակերտների համար նախատեսված վերապատրաստումները ասվում է, որ արվել են, բայց մասնակցիներին գտնելը դժվար է», – ասում են նրանք:
Արմենուհի Թանաշյանը խոստովանում է, որ սայլը տեղից դանդաղ է շարժվում, պատճառը, ըստ նրա, ֆինանսականն է: «Եթե մենք ունենանք լուրջ մասնագիտացված ծառայություններ սկսած խորհրդատվությունից մինչեւ բռնության ենթարկվածների համար ապաստարաններ, մեր աշխատանքը շատ ավելի արդյունավետ կլինի»:
Արդյո՞ք ՀՀ կառավարությանը ֆինանսներն էին պակասում Գենդերային բռնության դեմ պայքարի 16 օրյակի ընթացքում պաշտոնական հայտարարությամբ հանդես գալու համար: Թե՞ այս դերը միայն միջազգային կառույցներին եւ օտարերկրյա դեսպաններին է վերապահված:
Ինչեւէ, երկրում գենդերային անհավասարության վիճակով «մտահոգված» Կառավարությունը 2015 թվականին պետք է ամփոփի «Ընդդեմ գենդերային բռնության» ռազմավարական ծրագիրը եւ նորը ընդունի՝ 2016-2020 թվականների համար: Մնում է, որ ապագա ռազմավարական ծրագիրը ոչ միայն լիովին իրագործվի, այլեւ ծրագրի արդյունավետությունը գնահատելու համար սահմանվեն հստակ չափորոշիչներ, որպեսզի չստացվի, որ գենդերային բռնության դեմ պետական մակարդակով պայքարը տարվում է զուտ «պտիչկայի» համար:
Արման Ղարիբյան
Հոդվածը պատրաստվել է «Հասարակություն առանց բռնության» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ ՄԱԿ-ի՝ Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության ֆոնդի աջակցությամբ:
Դիտումների քանակը` 4006