«Ինչ օրենք էլ ընդունվի, միայն ծայրահեղ դեպքում պետք է խառնվենք ընտանիքի ներքին գործերին»

Այսպիսի կարծիք հայտնեց   ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը ՝ «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի նախագծի  կապակցությամբ: Նշենք, որ օրենքը ներկայացվել է   «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի կողմից եւ օրերս քննարկվել է  հանձնաժողովում  կոալիցիայի  անդամների մասնակցությամբ:  

 

Թեմային  է անդրադառնում  Aysor.am-ը,  որի հետ  զրույցում Հ. Սահակյանն ասաց, որ սա բավականին նուրբ և շատ  զգայական խնդիր է և նմանատիպ օրենքը պետք է դիտարկել մի շարք տեսանկյուններից` առաջնային հաշվի առնելով ընտանիքի դերը հայ հասարակության մեջ, ինչպես նաև մեր մենթալիտետը: Եվ հաշվի առնելով այս գործոնները` պետք է կարողանանք գնահատել խնդիրներ ծնող պատճառները, որոնք կան ընտանիքում ու  հասկանանք, թե ինչպիսի կանխարգելող մեթոդներ ու միջոցներ պետք է կիրառվեն, որպեսզի դրանից հետո նոր անցնենք ավելի կտրուկ քայլերի.

 

«Ես կարծում եմ, որ ինչպիսի օրենք էլ որ ընդունվի կամ դրվի շրջանառության մեջ, պետք է ելնենք այն մտքից, որ միայն ծայրահեղ դեպքում պետք է խառնվենք ընտանիքի ներքին գործերին»,- ասաց ՀՀԿ-ական հանձնաժողովի նախագահը` կարծիք հայտնելով նաև, որ «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքը բավականին ուսումնասիրության և բավականին քննարկելու կարիք ունի և այն տեսքը, որով ներկայացվել է նախագիծը ԱԺ-ին, միանշանակ փոփոխման կարիք ունի: Հ.Սահակյանն ընդգծեց` գնահատելով այն հսկայական աշխատանքը, որ կատարվել է նախագծի վրա, այդուհանդերձ դեռ շատ անելիք կա:

 

«Օրենքը այս տեսքով ոչ իրավական տեխնիկայի առումով, ոչ էլ գաղափարական առումով դեռ պատրաստ չէ մտնել ԱԺ շրջանառության մեջ: Հաշվի առնելով նախագծի կարևորությունը, որ այն պետք է ունենա հասարակական հարաբերությունների կարգավորման առումով, ես ինքս պատրաստակամություն հայտնեցի  անմիջական մասնակցություն ունենալ դրա հետագա մշակման հարցում»,- հավելեց նա:

 

Վերադառնալով հայ ընտանիքի դերին ու նշանակությանը՝ պատգամավորն ասաց, որ անգամ եթե նույնիսկ առկա են ընտանեկան բռնության դեպքեր, ապա շատ կարևոր է կարողանալ ճիշտ ախտորոշել դրանք ծնող պատճառները, որպեսզի նախևառաջ փորձ արվի հենց դրանք վերացնել ու դրանից հետո միայն անցում արվի հաջորդող քայլերին.

 

«Սա է իմ մոտեցումը` կապված ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքի նախագծին»:

 

Մեր զրուցակիցը նշեց, որ  այսպիսով դեռ ժամանակ կա աշխատելու օրենքի նախագծի վրա, ավելին` ինքը հակված է, որպեսզի այս թեմայի շուրջ լսումներ, քննարկումներ կազմակերպվեն, որի արդյունքում էլ կունենանք իրական պատկերը` արդյոք Հայաստանում այնպիսի ահագնացնող իրավիճակ է և ընտանեկան բռնության խնդիրն այն ծայրահեղ աստիճանին է հասել, որ պետք է իրավական միջոցներ ձեռնարկենք, որպեսզի այդ արատավոր երևություները կանխարգելենք:

 

Նշենք, որ 2014թ-ի ընթացքում 12 կին մահացել են ՝  ընտանեկան բռնության պատճառով….

 

Աղբյուրը՝ Aysor.am

Դիտումների քանակը` 3516

Գլխավոր էջ