Դեկտեմբերի 1-ը ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն է:

Այս տարի ՁԻԱՀ-ի խնդրի ջատագովության և հետազոտության խմբի հանային միջոցառումների ընթացքում քաղաքացիներին առաջարկվում է արագ և անվճար թեստավորում, ի դեպ, այն նաև անանուն է: Ընդամենը 15 րոպեների ընթացքում դուք կիմանաք ձեր ՄԻԱՎ կագավիճակի մասին: Իսկ սպասելու ժամանակ ձեզ կհյուրասիրեն տաք թեյ կամ սուրճ: Շարժական կլինիկան տեղակայված կլինի ժամը 11:00-13:00 Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի տարածքում: Իսկ ժամը 14:00-18:00 Ուսանողական այգու մոտ (Տերյան փողոց):

***

Առողջապահության համաշխարհային կազմակերպության օրերս հրապարակված զեկույցի տվյալներով՝ վերջին 10 տարվա ընթացքում իմունային անբավարարության վիրուսով վարակվածների թիվը  Ռուսաստանում ու նախկին Խորհրդային Միության ամբողջ տարածքում միջին հաշվով կրկնապատկվել է:

 

2004 թվականին նախկին Խորհրդային Միության երկրներում իմունային անբավարարության վիրուսով 50 հազար վարակակիր կար, իսկ 2013-ի տվյալներով՝ ավելի քան 105 հազար: Զեկույցում նշվում է որ, վարակակիրների թվի նման աճի պատճառները թմրամիջոցների ներարկումներ են ու առանց պաշտպանական միջոցների սեռական հարաբերությունները: Զեկույցը նշում է, որ իմունային անբավարարության վիրուսով վարակվածների մեջ մեծամասնությունը 30-39 տարեկան մարդիկ են:

 

Ավելացել է նաև հիվանդների թիվը: Զեկույցում նշված է, որ ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշով հիվանդների թիվը նախկին Միության տարածքում երեք անգամ ավելացել է, մինչդեռ Եվրոպայի մյուս շրջաններում այդ հիվանդությունից մահվան դեպքերը շարունակում են նվազել:

 

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության զեկույցի՝ 2013 թվականի վերջին իմունային անբավարարության վիրուսով ամբողջ աշխարհում 35 միլիոն մարդ կար վարակված, այդ թվում 2 միլիոն 100 հազարը տարվա ընթացքում արձանագրված նոր վարակվածներ են: Նոր վարակակիրները ամենաշատը Ռուսաստանում և Ուկրաինայում են:

 

ՀՀ-ում ՄԻԱՎ-ի դեպքերի գրանցումն սկսվել է 1988 թ.: 1988թ.-ից մինչև 2014թ. հոկտեմբերի 31-ը ՀՀ քաղաքացիների շրջանում գրանցվել է ՄԻԱՎ-ի 1906 դեպք: 2012-2013թթ. գրանցված դեպքերի շուրջ 75 տոկոսը կապված է միգրացիայի հետ: ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի իրավիճակի գնահատումը ցույց է տալիս, որ ՀՀ-ում ՄԻԱՎ-ով ապրում է մոտավորապես 3700 մարդ:

 

2001թ.–ից Հայաստանում արյան փոխներարկման ժամանակ ՁԻԱՀ–ի փոխանցման դեպք չի գրանցվել։ Հայաստանում արձանագրված դեպքերի մեծամասնությունը նկատվում է աշխատանքային միգրանտների մոտ, որոնք վարակվել են արտերկրում, 90 տոկոս դեպքերում՝ ՌԴ-ում: Այս տարի ավելի շատ դեպքեր են արձանագրվել:

 

Հայաստանի 100 գյուղական համայնքում իրականացվում են ՁԻԱՀ–ի կանխման ծրագրեր բնակչության խոցելի շերտերի` աշխատանքային միգրանտների և նրանց ընտանիքների շրջանում։ Այսօր Հայաստանում գործում են շարժական բժշկական խմբեր, ինչպես նաև` շարժական ախտորոշիչ կլինիկա։ Բարելավվել է նաև ՁԻԱՀ–ով հիվանդների իրավունքները կարգավորող օրենսդրական դաշտը։

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Կասեցնել ՄԻԱՎ-ի համաճարակը մինչև 2020 թվականը

 

 

Դիտումների քանակը` 3477

Գլխավոր էջ