Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքը հասավ Ազգային Ժողով (տեսանյութ)

2014-ի սկզբից առ այսօր Հայստանում տեղի է ունեցել ընտանեկան բռնության 427 դեպք,

արդեն մահացել է 12 կին,ո՞վ է հաջորդը…  

Այսօր Կանանց նկատմամբ բռնության  վերացման միջազգային օրն է… Փոքրիկ Արմանը եւ Սյուզին ընտանեկան բռնության զոհ դարձած Լուսինե Դավթյանի երեխաներն են: Լուսինեն մեկն է այն տասնյակ կանանցից, որոնք ամեն տարի ընտանեկան բռնության զոհ են դառնում: Այսօր Լուսինեի երեխաները եկել էին Հանրապետության Հրապարակ` ընտանեկան զոհերի հիշատակին նվիրված մոմավառությանը մասնակցելու: Ակցիան կազմակերպել էր «Ընդդեմ ընտանեկան բռնության կանանց կոալիցիան»:

 

Մոմավառությունից հետո զոհվածի հարազատները Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի անդամների հետ միասին երթով շարժվեցին դեպի Ազգային Ժողով: Կանանց իրավունքների համար պայքարող կոալիցիան ԱԺ 131 պատգամավորներից յուրաքանչյուրին փոխանցեց «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի նախագիծը, ինչպես նաեւ 1000-ից ավելի քաղաքացիների ստորագրությունները` հանուն օրենքի ընդունման:

«Այժմ, երբ պատգամավորները ստացան օրենքի նախագիծը, մենք սպասելու ենք իրենց քայլերին: Ակնկալում ենք, որ իրենք պետք է նախաձեռնություն ցուցաբերեն, որպեսզի օրենքի նախագիծը մտնի ԱԺ օրակարգ»,- «WomenNet.am»-ին ասաց կոալիցիայի անդամ Տաթեւիկ Աղաբեկյանը:

 

 

Օրենքի նախագծի հետ միասին ԱԺ պատգամավորներին ուղարկվել է նաեւ նամակ, որով կոալիցիայի անդամները կոչ են անում ընդունել օրենքը: «Իրավիճակը չի կարող բարելավվել, եթե չունենանք ընտանեկան բռնությունը կանխարգելող օրենք, նման օրենքի նախագիծ արդեն կա, մնում է, որ օրենսդիրները կամք դրսեւորեն եւ միաձայն կողմ քվեարկեն այդ օրենքին», – նշում է Պերճուհի Կաժոյանը:

 

Արման Ղարիբյան

 

 

Դիտումների քանակը` 5836

Գլխավոր էջ