«Քարից հաց քամող» կին հերոսները

Տիկին Սաթենիկը մեծ  հոգատարությամբ  դասավորում էր սեղանի վրա իր հայրենի Արամուս համայնքից բերված թարմ լավաշը, մեղրն ու մեղրամոմը, բանջարեղենը, միրգը – այն ամենը, ինչ մշակել, ստեղծել էր իր սեփական ձեռքերով  ողջ տարվա ընթացքում:  Գունային բազմազանությամբ աչքի էր ընկնում նաև տիկին Ռիմայի սեղանը, որն ամբողջովին զարդարված էր  Արևշատ գյուղից բերված գույնզգույն ու անչափ համեղ չրերով: Ընկույզ, յուղ, մեղր, փոխինձ, պանիր, մինչև անգամ պահածոներ ու ձեռագործ աշխատանքներ. սա էլ հեռավոր Ամասիայից եկած հյուրերի տաղավարն էր…

 

Համեղ ու առատ այս սեղանները  պատրաստել  էին մարտի 8-ին Հայաստանի տարբեր մարզերից մայրաքաղաք ժամանած բոլոր այն կանայք, ովքեր ակտիվ գյուղատնտեսությամբ են զբաղվում, ունեն ֆերմերային տնտեսություններ ու իրենց փոքրիկ բիզնեսը:

 

Հանդիպման առիթը՝ «Օքսֆամ-ՄԲ» Հայաստան կազմակերպության և Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի կողմից հայտարարված` «Գյուղմթերքների արտադրության ոլորտի կին հերոս» մրցանակաբաշխությունն էր, որ անցնում էր Կոնգրես հյուրանոցի սրահներից մեկում:

 

Մրցույթը  հնարավորություն տվեց բացահայտել, գտնել այն կանանց, ովքեր զբաղվում են գյուղատնտեսությամբ, և կին գյուղատնտեսների դրական օրինակները, նրանց անցած ճանապարհն ու հաջողված  փորձը տեսանելի դարձնել բոլորին:

 

Մրցույթին մասնակցելու համար հայտ էին ներկայացրել 100-ից ավելի կանայք` Հայաստանի  գրեթե բոլոր մարզերից: Տարիքային սահմանափակում չկար,  ամենատարեց մասնակիցը – 76 տարեկան էր, իսկ ամենաերիտասարդը՝ 19 տարեկան: Ի դեպ, հայտեր էին ներկայացրել   ոչ միայն Օքսֆամի շահառուները,  անհատ ձեռներեցներից շատերը նոր բացահայտում էին մրցույթի կազմակերպիչների համար:  Թեպետ  բոլոր այն կանանց, ովքեր հայտ էին ներկայացրել՝ պատմելով իրենց անցած ճանապարհի  և արված աշխատանքի մասին,  արդեն իսկ կարելի է  դժվարությունների դեմ պայքարում կին հերոսներ համարել:

 

Դրա համար էլ ընտրություն կատարելը բավականին դժվար էր, հայտերից յուրաքանչյուրի ետևում գյուղի կնոջ կյանքի յուրովի պատմություն էր, գուցե դժվարություններով լի, բայց ի վերջո  հաջողված՝ իր նպատակասկացության,  կամքի ու աշխատասիրության շնորհիվ:   Մեկը քաղաքում երկար տարիներ աշխատելուց հետո է տեղափողվել գյուղ և դիմակայելով բոլոր դժվարություններին իր շուրջն է համախմբել համայնքի կանանց, մյուսը՝ ընտանեկան տնտեսությունը  զարգացնելով օգնում է  գյուղի բոլոր բնակիչներին խորհուրդներով ու տնկիներով, երրորդը՝ հատուկ վերապատրաստում է անցել միջազգային ծրագրին  մասնակցելով և այժմ արդեն  ղեկավարում է Ֆերմերային դաշտային դպրոցը՝ սովորեցնելով իր նման երիտասարդ կանանց ոչ ավանադական խոտաբույսեր աճեցնել, չորրորդի այգին էլ ամենալավն է ողջ համայնքում…

 

Ի վերջո, նախապատվությունը տրվեց այն կանանց, ովքեր իրենց ջանասիրությամբ ու եռանդով  կարողացել են ոչ միայն  «քարից հաց քամել»,  բերք ու բարիք ստանալ, այլև  օգնել են իրենց համայնքի բնակիչներին՝ օրինակ ծառայելով կամ նույնիսկ  նրանց համար աշխատեղեր ստեղծելով:

 

Մրցույթի մասնակից կանացից  11-ը արժանացան մրցանակների , 6-ը խրախուսական շնորհակալագրերի: Եվս մեկ անակնկալ էին պատրաստել կազմակերպիչները. տեղի ունեցավ մրցույթին մասնակցած  կին հերոսների մասին պատմող փոքրիկ գրքույկի և ֆիլմի ցուցադրություն:

 

Հիշեցնենք, որ այս տարվա  Մարտի 8-ը ՄԱԿ-ի հորդորով նվիրված է գյուղաբնակ կանանց հիմնախնդիրներին  և այդ առումով գյուղատնտես կանանց մասնակցությամբ անցած   այս միջոցառումը առավել քան  հատկանշանական էր :

 

Իսկ  ոլորտի  կին հերոսների պատմություններին մենք ավելի մանրամասն  կանդրադառնանք հաջորդիվ:

 

Լիլիթ Քոչինյան

Լուսանկարները՝ հեղինակի

 

 

 

Շնորհավորում ենք՝

  «Գյուղամթերքների արտադրության ոլորտի կին հերոս»

կոչմանը արժանացած  բոլոր կանանց.

 

 

Աիդա Ավետիսյանին,  Շիրակի մարզ, Ամասիա գյուղ;

 

Վերա Գրիգորյանին, Արագածոտնի մարզ, գյուղ Օշական;

 

Արմինե Ասուլյանին, Լոռու մարզ , գյուղ Լոռի Բերդ;

 

Ալվարդ Շահնազարյանին,   Գեղարքունիքի մարզ, գյուղ Թթուջուր;

 

Սառա Ալիշանյանին, Արարատի մարզ, գյուղ Գինեվետ;

 

Էմմա Հակոբյանին, Տավուշի մարզ գյուղ Գանձաքար;

 

Գայանե Պետրոսյանին, Տավուշի մարզ, գյուղ Ակնաղբյուր;

 

Արմենուհի Ստեփանյանին, Սյունիքի մարզ, գյուղ Դարբաս;

 

Նաիրա Մնացականյանին, Վայոց Ձորի մարզ, գյուղ Հերմոն;

 

Հայկուշ Ենոքյանին,  Արմավիրի մարզ, գյուղ Ակնաշեն;

 

Սաթենիկ Ղազարյանին, Կոտայքի մարզ, գյուղ Արամուս:

Շնորհավորում ենք նաեւ՝

խրախուսական պատվոգրեր ստացած կանանց.

 

Շաղիկ Մխիթարյանին,  Տավուշի մարզ, գ. Ակնաղբյուր;

Ջավահիր Դալլաքյանին, Լոռու մարզ, ք. Շամլուղ;

Աղունիկ Հազրյանին,  Շիրակի մարզ, գ. Արեգնադեմ;

Ռիմա Սիմոնյանին -Արարատի մարզ, գ. Արևշատ;

Սուսաննա Մովսիսյանին -Արարատի մարզ, գ. Շահումյան;

Նարինե Մկրտչյանին -Վայոց Ձորի մարզ, գ. Արենի;

 “Լուսաբեր” կանանց կոմիտեին, Արարատի մարզ, գ. Նիզամի:


Դիտումների քանակը` 7652

Գլխավոր էջ