Կրծքով սնուցման մասին օրինագիծը ընդունվեց միաձայն
«Վերջերս ռուսական հեռուստաալիքներից մեկով տեսա մի գովազդ, որտեղ գովազդում էին այնպիսի մանկական սնունդ, որն իբրև թույլ է տալիս , որպեսզի երեխան խելացի մեծանա… սա ուղղակի աբսուրդ է: Մայրական կաթից ավելի հարուստ, հարմար և կարևոր սնունդ հատկապես մինչև մեկ տարեկան երեխաների համար գոյություն չունի : Մանկական սնունդը բացի բացասական ազդեցությունից , եթե դրանով փոխարինվում է կրծքով սնուցումը չի կարող ունենալ» ,- ասաց ԱԺ Առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը՝ խորհրդարանին ներկայացնելով «Երեխաներին կրծքով կերակրման խրախուսման և մանկական սննդի շրջանառության մասին» նախագիծը երրորդ ընթերցմամբ:
Հիշեցնենք, որ օրենքի նախագիծը 2011-ից ԱԺ շրջանառության մեջ է, 2013-ի ապրիլին ներկայացվել էր դրա լրամշակված տարբերակը, որն ընդունվել էր երկրորդ ընթերցմամբ դեռ անցած սեպտեմբերին ու այդքանով հարցի քննարկումը անհայտ պատճառով կանգ էր առել, թեև դեռ 2013-ի հոկտեմբերին ներկառված է եղել չորսօրյա նիստերի օրակարգում:
Նշենք, որ օրենքի նախագիծը ոչ միայն կարևորում է կրծքով սնուցման խրախուսումը, դրա համար անհրաժեշտ համարելով որոշակի միջոցառումների, քարոզչական քաղաքականության կիրառումը, այլև արգելում է առողջապահական կազմակերպությունների կողմից մանկական սննդի և հարակից ապրանքների վաճառքն ու գովազդը: Օրենքը արգելում է՝ համապատասխանության գնահատում չանցած կամ պիտանելիության ժամկետանց մանկական սննդի և հարակից ապրանքների վաճառքը, մանկական կաթնախառնուրդ չհանդիսացող սննդամթերքի վաճառքը կամ ներկայացումը որպես պիտանի 6 ամսականից փոքր մանուկների կերակրման համար, ինչպես նաև մանկական սննդի և հարակից ապրանքների վաճառքը` լիազոր մարմնի կողմից սահմանված պահպանման համապատասխան պայմաններ չունեցող առևտրի օբյեկտի, սպառողական ապրանքների շուկայի, շրջիկ առևտրի կետի և առեւտրի կենտրոնի կողմից: Կարծիք կա, որ հենց այս արգելքներն են օրինագծի ընդունումն երկարաձգելու պատճառ հանդիսացել:
Բացի այդ, արգելվում են մանկական և վաղ տարիքի երեխաների կաթնախառնուրդների, հարակից ապրանքների և մինչև 6 ամսական մանուկների համար մանկական կաթնախառնուրդ չհանդիսացող ցանկացած սննդամթերքի գովազդը և խրախուսման այլ ձևերը, որոն ընդգրկում են գովազդը, զանազան զեղչային հնարքները, ինչպիսիք են` հատուկ ցուցահանդես-վաճառքները, շնորհանդեսները, շահումները, պարգևների, մրցանակների, նվերների շնորհումը, զեղչի կտրոնների կիրառումը և սպառման ավելացմանն ուղղված խրախուսման ցանկացած այլ հնարք, իջեցված գներով վաճառքը` բացառությամբ այն դեպքերի, երբ իջեցված գներով վաճառքը բխում է արտադրողի կամ բաշխողի գնային քաղաքականությունից և ուղղված է գների երկարատև իջեցմանը: Օրինագծով ամրագրվում է, որ հավելյալ սննդի գովազդը թույլ է տրվում միայն այն դեպքերում, եթե այդ գովազդը տեղի չի ունենում առողջապահական կազմակերպություններում:
Մինչդեռ հիշեցնենք, վերջերս հաճախակիացել են հրապարակումներն ու մայրիկների ահազանգերն այն մասով, որ ծննդատներում ու հիվանդանոցներում արհեստական կաթնախառնուրդների խրախուսումը մեծ տարածում է գտել, որոշ տեղերում մայրերին անգամ պարտադրում են երեխային կերակրել կաթնախառնուրդներով՝ երբեմն դիմելով այնպիսի սպեկուլյատիվ հնարքների, թե մոր կաթը քիչ է և այլն: Առողջապահության նախարարությունը այս ահազանգերին խոստացել էր արձագանքել, իսկ Մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը WomenNet.am-ի հետ զրույցում նշել էր, որ նախարարության դիրքորորշումը այս հարցում միանշանակ է. կրծքով կերակրելը երեխայի կյանքի լավագույն սկիզբն է: Ավելին, մասնագետները պնդում են, որ կրծքով սնուցումը Հայաստանում կարող է տարեկան 60 և ավելի երեխայի կյանք փրկել:
Օրինագծի համահեղինակ Արա Բաբլոյանը իր եզրափակիչ խոսքում նշեց, որ երկրորդից- երրորդ ընթերցման ռեժիմում հանձնաժողովը որևէ առաջարկություն չի ստացել, նախագիծը միայն խմբագրական փոփոխություններ է կրել: Եվ հույս հայտնեց, որ Ազգային Ժողովը վերջապես կողմ կքվեարկի և նախագիծը կընդունվի:
Այսօր Ազգային ժողովը միաձայն ընդունեց «Երեխաներին կրծքով կերակրման խրախուսման և մանկական սննդի շրջանառության մասին» նախագիծը երրորդ, վերջնական ընթերցմամբ:
Է.Մակարյան
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Օգոստոսի 1-7՝ Կրծքով կերակրման համաշխարհային շաբաթ
«Մինչև 6 ամսեկան հարկավոր է երեխային բացառապես կրծքով կերակրել»
Խորհրդարանական լսումներ` կրծքով կերակրող մայրերին խրախուսելու վերաբերյալ
Կրծքով սնուցում. բնականից ճիշտը չկա
Դիտումների քանակը` 3818