5 տարի ազատազրկում ամուսնուն՝ կնոջը խոշտանգելու համար

Դատախազ Լալայանը կարծում է, որ կնոջը տարիներ շարունակ խոշտանգած ամուսինը պետք է դատապարտվի 5 տարվա ազատազրկման:

Երեկ  Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում կայացած դատական նիստի ժամանակ մեղադրող կողմը դատարանին միջնորդել է Սարգիս Հակոբյանին մեղավոր ճանաչել խոշտանգման մեջ, դատապարտել 5 տարվա ազատազրկման եւ կալանավորել նրան հենց դատարանի դահլիճում:

 

Հասմիկ Խաչատրյանի շահերը ներկայացնող փաստաբան Տիգրան Մուրադյանը, սակայն, կարծում է, որ 5 տարին մեղմ պատիժ է: Նա դատարանին միջնորդել է դաժան ամուսնու համար նշանակել 7 տարվա ազատազրկում:

 

Նշենք, որ Սարգիս Հակոբյանը հայտնի գուշակ Վարսիկի տղան է, նախկինում դատապարտվել է խուլիգանության մեջ, դատվածությունը դեռ չմարված դարձյալ հայտնվել է ոստիկանությունում՝ այս անգամ կնոջը տեւականորեն ծեծի ու նվաստացումների ենթարկելու համար:

 

«Տարիներ շարունակ ամեն փոքր առիթով ամուսինս ծեծում ու ստորացնում էր ինձ: Սկզբում ձեռքերով էր խփում, հետո անցավ ոտքերին, հետո արդեն ինչ ձեռքի տակ ընկնում էր, դրանով սկսում էր ծեծել…»,- պատմում է Հասմիկը:

 

Նոյեմբերի 20-ին կայանալու է այս գործով վերջին դատական նիստը, որի ընթացքում մեղադրյալը հանդես կգա պաշտպանական ճառով:

 

Հիշեցնենք, որ ինչպես նախաքննության, այնպես էլ դատաքննության ընթացքում Սարգիս Հակոբյանը գտնվել է ազատության մեջ, ինչը նրան թույլ է տվել ոչ միայն շարունակել ճնշումներ գործադրել կնոջ նկատմամբ, այլեւ անհարգալից վերաբերմունք ցուցաբերել դատական նիստերին մասնակցող ակտիվիստների հանդեպ, որոնք դատարան են գնում Հասմիկ Խաչատրյանին աջակցելու համար:

 

Ի դեպ, դատաքննության ընթացքում ապացուցվել է, որ Սարգիս Հակոբյանը կեղծ ցուցմունքներ է տալիս: Նա հայտարարել է, թե կնոջը ընդամենը մեկ անգամ է հարվածել, ինչպես նաեւ հերքել է այն փաստը, որ ինքը ծխախոտը հանգցրել է կնոջ ձեռքին, ինչը, սակայն, ապացուցվել է դատաբժշկական փորձաքննությամբ, որի մասին մենք արդեն գրել ենք:

 

Արման Ղարիբյան

Առավել  մանրամասն այս դեպքի մասին կարդացեք.

 

Ծխախոտը հանգցրել է ձեռքին. այրվածքն ապացուցվել է փորձաքննությամբ

 

Խոշտանգումների ենթարկված հարսն արդարություն է փնտրում

 

Բախտագուշակ Վարսիկի` խոշտանգումների ենթարկված հարսն արդարություն է փնտրում

 

7-ամյա երեխան դարձել է ծնողների վեճի զոհը

 

Տանից փախուստի դիմած կինը պնդում է՝ ամուսինը երեխաներին որպես զենք է օգտագործում իր դեմ

 

 

Դիտումների քանակը` 4240

Գլխավոր էջ