«Հայ կնոջը պետք է պարզապես հնարավորություն ընձեռել»…
Սփյուռքի կանայք Երևանում
Հոկտեմբերի 10- 12 ը ՀՀ սփյուռքի նախարարության և Հայաստանի ամերիկյան համալսարանի աջակցությամբ անցկացվեց Հայ կանանց միջազգային ընկերակցության 7-րդ համաժողովը: Համաժողովին մասնակցում էին աշխարհի 13 երկրներից Հայաստան ժամանած կազմակերպության 200 անդամներ :
Համաժողովի մասնակիցներին ուղերձով դիմել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, իր օրհնանքի խոսքն էր հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց Կաթողիկոսը: Համաժողովի աշխատանքներին մասնակցեց ու նաև ելույթ ունեցավ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը:
Համաժողովի օրակարգում ընդգրկված էին «Կանանց դերը Հայոց Ցեղասպանության տարիներին և հետո», «Հայ կանանց դերը գլոբալացված աշխարհում», «Դիմագրավելով Հայաստանում կանանց առողջապահության մարտահրավերներին», «Հայաստանում գործող ՀԿ-ները», «Կանայք գրականության մեջ» թեմատիկ քննարկումները:
«Հայ կինը պատմության մեջ հայտնի է իր նվիրյալ գործունեությամբ, և հայ թագուհիներն աշխարհում առաջիններից էին, ովքեր նպաստեցին քրիստոնեության տարածմանը: Մեծ էր հայ կնոջ դերը նաև 1915թ., երբ նա ցուցաբերեց բացառիկ տոկունություն և աշխարհի տարբեր ծայրերում կարողացավ պահել ու պահպանել հայ ընտանիքը», – համաժողովի բացման ժամանակ ասաց Սփյուռքի նախարար և ՀԿՄԸ (AIWA) հայաստանյան մասնաճյուղի նախագահ Հրանուշ Հակոբյանը, հատկապես շեշտադրելով այն փաստը, որ համաժողովը գումարվել է Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցի նախաշեմին: Դրա հետ կապված նա համաժողովի մասնակիցներին երեք խնդրանք և ուղերձ ուներ :« Հայ կանայք պետք է ամեն գնով պահպանեն հայերեն լեզուն, հայկական անուն-ազգանունները, հայի տեսակը և շատ զավակներ ունենան»:
Համաժողովի նախապատրաստման աշխատանքներում մեծ ներդրում էր ունեցել ՀԿՄԸ Լոս Անջելեսի մասնաճյուղի ատենապետ Սիլվա Քաջիկյանը,ով WomenNet-ի հետ զրույցում նշեց,որ իրենց կազմակերպության նպատակն է մեկ տանիքի տակ հավաքել կանանց, ովքեր հանդիսանում են գիտելիքի, փորձի, ուժի, տաղանդի մարմնացում:Եվ ստեղծել մի հարթակ, որպեսզի նրանք իրենց գործունեությունը կարողանան համահավասար գործունեություն ծավալել:
Լոս-Անջելեսից ժամանած ցեղասպանագետ Ռուբինա Փիրումյանն էլ WomenNet-ի հետ զրույցում նշեց,որ նմանօրինակ միջոցառումները հնարավորություն են տալիս Հայաստանում ապրող հայ կանանց ցույց տալ իրենց ներուժը:
« Իհարկե մեծ տարբերություն կա քսան տարի առաջ ու հիմա:Բայց մենք դեռևս չենք հասել այնտեղ ,որ հայ կինը ցույց տա իր ամբողջ ներուժը: Ի տարբերություն Հայաստանի Սփյուռքում հայ կանայք ավելի արժեվորված ու գնահատված են թե’ համայնքում,թե’ քաղաքական դաշտում: Իսկ հայ կանանց ներդրումը շատ կարևոր է մեր երկրի կայացման գործում ,թե’ տնտեսական,թե’ քաղաքական և թե’ մշակութային ոլորտներում:Հետևաբար հայ կնոջը պետք է պարզապես հնարավորություն ընձեռել իր ամբողջ ներուժը ցույց տալու համար», -ասաց Ռուբինա Փիրումյանը:
Համաժողովի մասնակիցները այցելեցին նաև Ծիծեռնակաբերդի Հայոց Ցեղասպանության հուշահամալիր և ծաղկեպսակ դրեցին անմեղ զոհերի հուշակոթողին, որից հետո Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում նրանց համար «Կանանց և Հայոց Ցեղասպանության մասին նոր տեսակետներ» թեմայով զեկուցում կարդաց թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:
Համաժողովի մասնակիցներին ընդունեց նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Համաժողովի մասնակիցները մասնակցեցին նաև «Էրեբունի-Երևան» տոնակատարությանը և այլ մշակութային միջոցառումներին:
Հիշեցնենք, որ Հայ կանանց միջազգային ընկերակցությունը (AIWA)հիմնադրվել է 1990 թ. բոստոնաբնակ երեք հայ կանանց` Եվա Մեծորյանի, Բարբառա Մեռգուերյանի և Օլգա Պրուդյանի կողմից: Այսօր աշխարհի տարբեր երկրներում անդամներ ունեցող կազմակերպությունը կազմակերպում է միջոցառումներ և կլոր սեղաններ՝ նվիրված կրթությանը, բիզնեսին, հասարակական խնդիրներին և մշակույթին, ինչպես նաև սատարում է հայ երիտասարդ կանանց լավագույն կրթություն ստանալուն:
Արմինե Գևորգյան
Դիտումների քանակը` 3165