Հայաստանից ընդամենը 36 տղամարդ է միացել «HeForShe» արշավին
Անտոնիո Բանդերասը,Մեթ Դեյմոնը եւ Պատրիկ Ստյուարտը համաշխարհային ճանաչում ունեցող այն տղամարդիկ են, որոնք միացել են «HeForShe» համերաշխության արշավին՝ հանուն գենդերային հավասարության: Քարոզարշավը հայտարարվել է Պեկին+20 գործընթացի շրջանակներում եւ նպատակ ունի համախմբել մեկ միլիարդ տղամարդկանց և պատանիների՝ հանդես գալու ընդդեմ այն անհավասարության, որին բախվում են կանայք և աղջիկներն ողջ աշխարհում:
«HeForShe» արշավը մեկնարկել է այս տարի՝ Կանանց միջազգային օրը: Աշխարհահռչակ աստղերից ընտրվել է դերասանուհի Էմմա Ութսոնը, ով որպես ՄԱԿ-ի Կանանց բարի կամքի դեսպան փորձում է ներգրավել տղամարդկանց այս արշավին: Բոլորովին վերջերս սեպտեմբերի 20-ին նա հադես եկավ ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակում ֆեմինիզմի եւ գենդերային հավասարության մասին կրքոտ մի ելույթով, որը աննկարագրելի ազդեցություն թողեց բոլորի վրա:«Ես ձեզ կոչ եմ անում քայլ առաջ կատարել, երեւան գալ, խոսել, լինել մեկը, ով պայքարում է կանանց իրավունքների համար: Եվ հարցրեք ինքներդ ձեզ՝ եթե ոչ ես, ապա ո՞վ, եթե ոչ հիմա, ապա ե՞րբ»,- ասաց դերասանուհին՝ կոչ անելով տղամարդկանց միանալ քարոզարշավին:
Այսօր աշխարհի տարբեր մայրացամաքներում ապրող տղամարդիկ միանում են «HeForShe» շարժմանը, սոցիալական ցանցերում իրենց լուսանկարներն են տեղադրում #HeForShe հաշթեգով, հանդես են գալիս կոչերով:
«Եթե ցանկանում ենք լուծել հսկայական խնդիրներից որեւէ մեկը, ինչպիսին է օրինակ ծայրահեղ աղքատությունը, ապա պետք է ներգրավենք կանանց»,- Մեթ Դեյմոնի կոչն է ամբողջ աշխարհի քաղաքական լիդերներին: Ուելսի արքայազն Հենրին եւս միացել է արշավին հետեւյալ կարգախոսով. «Սա միայն կանանց մասին չէ, մենք՝ տղամարդիկ եւս պետք է գիտակցենք մեր դերը»:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը եւս ընդգծել է գենդերային անհավասարության դեմ միասնաբար պայքարելու կարեւորությունը. «Կանանց նկատմամբ բռնությունը գլոբալ խնդիր է, դա վնասում է կանանց, ընտանիքներին, համայնքներին եւ հասարակություններին: Մենք կարող ենք այն դադարեցնել միայն միասին աշխատելով՝ կանայք եւ տղամարդիկ»:
«HeForShe» համերաշխության արշավին Հայաստանից միացել է ընդամենը 36 տղամարդ: Մեր հարեւան պետություններից արշավին միացած տղամարդկանց թվային պատկերը հետեւյալն է.
Ադրբեջան 31
Վրաստան 132
Իրան 214
Թուրքիա 884
Ամենաշատ թվով տղամարդիկ արշավին միացել են ԱՄՆ-ից (մոտ 53 հազար) եւ Մեծ Բրիտանիայից (մոտ 25 հազար): Արշավին միանալու համար հարկավոր է գրանցվել «HeForShe» արշավի պաշտոնական կայքում http://www.heforshe.org/ :
Արման Ղարիբյան
Դիտումների քանակը` 4066