“Գյուղի կանայք այն հավաքական ուժն են, որ կարող է արագացնել ողջ աշխարհի առաջընթացը”

Այսօր` հոկտեմբերի 15-ին ողջ աշխարհում նշվում է  Գյուղաբնակ կանանց միջազգային օրը: Այդ օրը  հայտնվեց ՄԱԿ-ի պաշտոնական օրացույցում  2008-ին, թեպետ գաղափարը ծագել էր շատ ավելի վաղ` Պեկինում կայացած Կանանց չորրորդ համաշխարհային գագաթնաժողովի ժամանակ: Օրվա կապակցությամբ ՄԱԿ-ի Գլխավոր  քարտուղար Բան Կի Մունը  հանդես է եկել  ուղերձով, որում մասնավորապես ասվում է.

 

” Մայրս ողջ կյանքն ապրել է գյուղում: Թեպետ նա բավարար կրթություն չի ստացել, ես մեծացել եմ՝ խորությամբ զգալով նրա իմաստությունը, տոկունությունն ու խելքը: Կյանքիս հաջորդ փուլերում ընդգրկված լինելով հանրային ծառայության մեջ՝ ես հասկացա, որ այս որակները բնորոշ են միլիոնավոր գյուղաբնակ կանանց ամբողջ աշխարհում:

 

Գյուղի  կանայք   այն հավաքական ուժն են, որը կարող է արագացնել ողջ աշխարհի  առաջընթացը: Մենք պետք է օգտագործենք այդ ուժը գալիք տարվա մեր երեք փոխկապակցված նպատակների իրականացման համար. Հազարամյակի զարգացման նպատակների ուղղությամբ մեր աշխատանքի խթանում, կայուն զարգացման նոր տեսլականի որդեգրում և կլիմայի վերաբերյալ ծանրակշիռ համընդհանուր համաձայնագրի կնքում:

 

Հաճախ ապրելով ծայրահեղ աղքատության, բնական աղետների և այլ վտանգների առաջագծում՝ գյուղաբնակ կանայք հատկապես հետաքրքրված են  մեր համաշխարհային արշավների հաջողություններով:

 

Գյուղական բնակավայրերի կանանց մեծամասնությունը կենսամիջոցների ապահովման հարցում կախված է բնական պաշարներից: Զարգացող երկրներում նրանք գյուղատնտեսական աշխատուժի ավելի քան 40 տոկոսն են: Նրանք արտադրում են, մշակում և պատրաստում հասարակությանը մատուցվող սննդի զգալի մասը՝ հաճախ հանդիսանալով կենցաղային սննդի անվտանգության, առողջական վիճակի և կրթական հնարավորությունների հիմնական պատասխա­նատուները:

 

Հնարավորություն տալով գյուղաբնակ կնոջն օգտվելու գյուղատնտեսական և բնական արտադրական պաշարներից՝ մենք նրանց ուժ ենք տալիս: Կանայք  էլ, իրենց հերթին, կարող են ավելի նպաստել սովի կրճատմանը,  իրենց համայնքների՝ կլիմայի փոփո­խության, հողերի դեգրադցիայի և սողանքների հետևանքների հաղթահարմանը:  Սա շահավետ է բոլորի համար:

 

Բայց նման արդյունքի հասնելու համար մենք պետք է հաղթահարենք խտրականությունը և զրկանքները, որոնց շարունակում են ենթարկվել գյուղաբնակ կանայք: Շատ-շատերին հասանելի չեն հողատարածքները, շուկաները, ֆինանսական միջոցները, սոցիալական պաշտպանությունը և ծառայությունները: Շատերը նաև խիստ վտանգների են ենթարկվում իրենց կյանքի համար անհրաժեշտ գործերն իրականացնելիս, ինչպիսիք են ջուր կամ վառելիք հավաքելը:

 

Գյուղաբնակ կանանց միջազգային օրը առիթ է՝ լսելու նրանց ձայնը և արձագանքելու նրանց մտահոգություններին: Եկե′ք միասին ձգտենք բացահայտել գյուղական բնակավայրերի կանանց ներուժը՝ պաշտպանելով նրանց մարդու իրավունքները, աջակցելով նրանց տնտեսական առաջխաղացմանը և հնարավորություն տալով իրենց լիարժեք ներդրումն ունենալ մեր ընդհանուր ապագայի կերտմանը:

 

 

Դիտումների քանակը` 3345

Գլխավոր էջ