«Ուզում եմ բուժել աշխարհի բոլոր հիվանդներին»
Իննա Դանիելյանի հետ ծանոթացել եմ, երբ ծառայում էի հայոց բանակում: Պեյո Յավորովի անվան թիվ 131 դպրոցի աշակերտները նամակ էին գրել բանակում ծառայող զինվորներին: Ես մի շարք նամակներից ընտրեցի հենց Իննայի ուղարկածը եւ պատասխանեցի, որին հաջորդեց իր ջերմ արձագանքը, եւ այդպես սկսվեց մեր նամակագրական ընկերությունը:
Իննան 10 տարեկան է, հիմնական դպրոց հաճախելուց բացի սովորում է նաեւ Ալեքսանդր Աճեմյանի երաժշտական դպրոցում (դաշնամուր), մասնակցում է «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնին, դպրոցական օլիմպիադաների, նախկինում պարի եւ նկարչության դասերի է հաճախել Աջափնյակի գեղագիտական կենտրոնում, ամռանը լողի դասերի է գնում…: Երբ Իննան պատմում է, թե որքան ուսումնական կենտրոններ է հաճախել եւ ինչքան բան է արդեն արել, անհավատալի է թվում, սակայն նրա ծնողների հետ ծանոթությունից հետո հասկանալի է դառնում, թե փոքրիկին ինչպես է հաջողվում այդ ամենը հասցնել:
Վարդուհին եւ Դանիելն ամեն ինչ անում են հանուն իրենց միակ զավակի ապագայի: «Ես շատ ուշադիր եմ դասերի առումով, մշտապես հետեւում եմ, որ Իննան լավ սովորի, իսկ Դանիելն էլ ամեն ինչ անում է, որ երեխան հասցնի հարակից պարապունքներին հաճախել, մեքենայով տանում-բերում է դասերի»,- պատմում է Վարդուհին:
Իննան կազմակերպված, ինքնուրույն եւ կամային աղջիկ է, աշխատասեր եւ նպատակասլաց, երբեք չի տրտնջում եւ դժգոհում պարապունքների առատությունից, մշտապես փորձում է դասագրքերից բացի կարդալ նաեւ գեղարվեստական գրականություն, հեքիաթներ եւ առակներ: Սակայն իրեն չի պարփակում միայն գրքերով, նա շատ ընկերասեր եւ մարդամոտ անձնավորություն է եւ բազմաթիվ հոբբիներին զուգահեռ շատ է սիրում ժամանակ անցկացնել բնության գրկում, հատկապես հայրենի Գորիսում:
«Ես լավ եմ սովորում, որպեսզի կյանքում ինքնուրույն գտնեմ իմ տեղը»,- ասում է Իննան: Նա ուզում է բժիշկ դառնալ, ինչպես ինքն է ասում` «որպեսզի հիվանդ մարդ չլինի աշխարհում, բոլորին պիտի բուժեմ»: Ծնողները թեեւ համարում են, որ դեռ վաղ է ապագա մասնագիտության ընտրության հարցում, այնուամենայնիվ, չեն փորձում խոչընդոտել երեխայի նախասիրություններին. «Դա իր ընտրությունն է»,- ասում է Դանիելը:
Արման Ղարիբյան
Դիտումների քանակը` 5058