Կառավարությունը հաստատել է Հայաստանի հերթական զեկույցը՝ CEDAW –ի կատարման վերաբերյալ

ՀՀ կառավարության հոկտեմբերի 9-ի նիստում  հաստատվել է ՄԱԿ-ի «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» կոնվենցիայի (CEDAW) կատարման վերաբերյալ Հայաստանի  հինգերորդ և վեցերորդ համատեղ պարբերական զեկույցը:   Այն  սահմանված կարգով կթարգմանվի անգլերեն և կտրամադրվի ՀՀ արտաքին գործերի նախարարությանը՝ ՄԱԿ-ի Կանանց նկատմամբ խտրականության վերացման կոմիտեին ներկայացնելու համար:

 

Ինչպես նշել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Մանասարյանը, 1993 թվականին  Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է ՄԱԿ-ի Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիան: Կոնվենցիայի գլխավոր առանձնահատկությունն այն է, որ այն նախատեսում է պետության ստանձնած պարտավորությունների կատարման պարբերական հաշվետվություն:

 

Փաստաթղթի  համաձայն,  մասնակից պետությունները պարտավորվում են, պարբերաբար զեկույցներ ներկայացնել ՄԱԿ-ի Կանանց նկատմամբ խտրականության վերացման կոմիտեին   Կոնվենցիայի դրույթների կատարման  համար ձեռնարկված քայլերի  և ձեռք բերված առաջընթացի վերաբերյալ:

 

Վավերացումից հետո անցած ժամանակաշրջանում Հայաստանը Կոնվենցիայի կոմիտեին է ներկայացրել չորս հաշվետվություն: 2009 թվականի փետրվարին կոմիտեն դիտարկել է  ՀՀ 3-րդ և 4-րդ համատեղ զեկույցը, ինչի արդյունքում ընդունվել են համապատասխան հանձնարարականներ, որոնց կատարման ընթացքի մասին երկիրը պետք է տեղեկացնի Կոմիտեին` հաստատված ժամկետների համաձայն:

 

Ըստ այդմ,  ՀՀ 5-րդ և 6-րդ համատեղ պարբերական զեկույցը նախապատրաստելու նպատակով հիմնվել էր միջգերատեսչական հանձնաժողով, որի աշխատանքները համակարգել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը:

 

 Ա.Հակոբյան

 

 

Հ.Գ. Նշենք, որ  Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին ՄԱԿ-ի կոնվենցիան՝ ընդունված 1979 թ. դեկտեմբերի 18-ին, ըստ էության,  ներկայումս միակ միջազգային իրավաբանական գործիքն է, որը նախատեսված է տղամարդկանց և կանանց անհավասարության դեմ պայքարի համար: Կոնվենցիան նաեւ ամենամեծ թվով երկրների  կողմից վավերացված մարդու իրավունքների վերաբերյալ  փաստաթուղթն է:

 

Հայաստանը՝ վավերացնելով 1993 թվականին  այս կոնվենցիան , դրանով իսկ պարտավորություն է ստանձնել ոչ միայն դե-յուրե  հռչակելու  կանանց և տղամարդկանց հավասար իրավունքները ,  այլ նաև  դե- ֆակտո ապահովելու հավասար հնարավորությունները դրանց իրականացման համար: 2013-ին ընդունված Կանանց ու տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին ՀՀ օրենքը հենց այս Կոնվենցիայի շրջանակում ստանձնած պարտավորություններից է բխում:

 

Հիշեցնենք նաեւ, որ 2006 թվականի մայիսի 23-ին, հանրապետության Ազգային ժողովը վավերացրել է նաեւ  Կոնվենցիայի Կամընտիր արձանագրությունը, որն ընդունվել է 2000 թ. դեկտեմբերին: Այս փաստաթղթով կանանց նոր հնարավորություն է ընձեռում ազգային բոլոր միջոցներն սպառելուց հետո  անձամբ կամ կազմակերպությունների անունից բողոք ներկայացնելու Կանանց նկատմամբ խտրականության վերացման կոմիտե կոնվենցիայով պաշտպանվող իրենց իրավունքների խախտման մասին:

 

Կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կատարման անհրաժեշտությունը արտացոլված է գենդերային հավասարությանը նվիրված ՄԱԿ-ի բոլոր հետագա փաստաթղթերում, մասնավորապես, Պեկինյան գործողությունների ծրագրում և Հազարամյակի զարգացման հռչակագրում, որոնց նույնպես Հայաստանը միացել է:

 

 

 

Դիտումների քանակը` 6000

Գլխավոր էջ