Ամուսինը ստիպել է կնոջը զբաղվել մարմնավաճառությամբ
Փետրվարի 28-ին Երեւանի բնակչուհի Ա-ն հայտարարություն է տվել այն մասին, որ նույն օրը` 16:30-ի սահմաններում, իր փաստացի ամուսինը` Հ. Գեւորգյանը, բռնություն գործադրելով` ձեռքերով եւ ոտքերով ծեծելով, ստիպել է իրեն զբաղվել մարմնավաճառությամբ:
Ըստ հայտարարության` ամուսնու բռնությունների ազդեցության տակ կինը պարտադրված մարմնավաճառությամբ զբաղվել է մի քանի տարի, իսկ ստացված գումարները հանձնել նրան:
Գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից Womennet.am-ին հայտնեցին, որ նախապատրաստված նյութերի ուսումնասիրության արդյունքում Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազությունում հարուցվել է քրեական գործ` «Մարդու թրաֆիքինգը կամ շահագործումը» ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին մասով (… մարդուն շահագործելը կամ շահագործման վիճակի մեջ դնելը` կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով …):
Քրեական գործն ուղարկվել է ոստիկանության Քննչական գլխավոր վարչության հատուկ կարեւորագույն գործերով վարչություն` նախաքննություն կատարելու համար:
Հ. Հ.
Դիտումների քանակը` 4814