Աշխատող մայրերը դժգոհ են կառավարության հավանությանն արժանացած նախագծից
Ինչպես արդեն հաղորդել ենք, ՀՀ կառավարության սեպտեմբերի 25-ի նիստում հավանություն է տրվել «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծերի փաթեթի: Կարծես էե, փաթեթի միակ առաջընթացը կայանում է նրանում, որ այն հնարավորություն կտա նպաստ տրամադրել նաև չաշխատող շուրջ 30 հազար մայրերի : Դրա հետ մեկտեղ փաթեթը անհանգստություն առաջացրեց աշխատող մայրերի մոտ, քանի որ պարզվեց, որ դրանով առաջարկվում է կրճատել մինչև երկու տարեկան երեխայի խնամքի համար տրվող նպաստի չափը, տևողությունը, ինչպես նաև սահմանափակել նախածննդյան ու հետծննդյան 140 օրվա համար տրամադրվող գումարի չափը:
«Բողոքի նոր ակցիա է հասունանում»,-մեկնաբանելով «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը գրել է Քրիստնե Վարդանյանը:
Բանն այն է, որ գործադիր մարմնի վերջին նիստում հավանության է արժանացել նախարար Արտեմ Ասատրյանի ներկայացրած փաթեթը, որը նախատեսում է լուծել չաշխատող մայրիկներին մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ տրամադրելու հարցը: Սակայն հարցը լուծվում է ոչ ավել ոչ պակաս աշխատող մայրիկներին տրամադրվող նպաստների նվազեցման հաշվին:
Ներկայացված ու հավանության արժանացած նախագծով նախատեսվում է կրճատել երեխայի խնամքի նպաստի տևողությունը՝ մինչև երեխայի մեկ տարին լրանալը (այսօր վճարվում է մինչև երեխայի 2 տարին լրանալը):
Ըստ նախագծի, հաշվի առնելով ժամանակավոր անաշխատունակության նպաստների ոլորտում առկա խնդիրները, առաջարկվում է.
- Նպաստը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձի մեծությունը փոխկապակցել աշխատանքային ստաժի տևողությանը, այսպես նպաստը հաշվարկվում է միջին ամսական աշխատավարձի.
1) 40 տոկոսից՝ եթե աշխատանքային ստաժի տևողությունը 1 տարուց պակաս է,
2) 60 տոկոսից՝ եթե աշխատանքային ստաժի տևողությունը 1-3 տարի է,
3) 80 տոկոսից՝ եթե աշխատանքային ստաժի տևողությունը 3 տարուց ավելի է:
4) Առաջարկվում է, հղիության և ծննդաբերության նպաստը վերանվանել մայրության նպաստի և սահմանել, որ 2016 թվականից սկսած, այն վճարվում է նաև չաշխատող կնոջը՝ հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի (140 օր) համար:
- Չաշխատող կնոջը տրվող նպաստը հաշվարկել նվազագույն ամսական աշխատավարձից, վերանայելով նպաստը հաշվարկելու կարգը (նպաստ հաշվարկելու համար՝ հիմք ընդունվող միջին ամսական եկամուտը բաժանվում է 30,4-ի (մեկ ամսվա միջին օրերի) և բազմապատկվում հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի օրացուցային օրերի թվով):
- Սահմանել աշխատող մոր հղիության և ծննդաբերության (մայրության) նպաստը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձի առավելագույն չափ՝
1) առաջին և երկրորդ երեխայի դեպքում՝ նվազագույն ամսական աշխատավարձի 7-ապատիկի չափով (նպաստի առավելագույն չափը՝ շուրջ 2 400 000 դրամ),
2) երրորդ և հաջորդ երեխայի դեպքում՝ նվազագույն ամսական աշխատավարձի 10-ապատիկի չափով (նպաստի առավելագույն չափը՝ շուրջ 3 500 000 դրամ):
Հիշեցնենք, որ մի քանի տարի առաջ առաջարկվող հենց նմանատիպ փոփոխության ու սահմանափակման պատճառով էր՝ կանայք փողոց դուրս եկան ինչի արդյունքում, փոփոխություններն իրավական ուժ չստացան:
Մայրիկներից մեկը՝ Մ. Հարությունյանը նման փոփոխություններն անհեթեթ որակեց. «Չեմ կարծում, որ նման անհեթեթությունը կընդունվի: Թող իրենց աշխատավարձերից կրճատեն ու տան չաշխատող մայրերին»:
Մեկ այլ մայրիկ, Ս. Պետրոսյանն էլ նկատեց, որ ծնելիությանը խթանելու փոխարեն, այնպես են անում, որ երկրում մնացածները թողնեն գնան, կամ էլ մեկ երեխայից ավելի չունենան:
Բայց մի հարցում բոլոր մայրիկները համակարծիք են, խտրականություն չպետք է լինի, չաշխատող մայրիկներին էլ պետք է նպաստ տրամադրվի, չէ որ այն հատկացվում է երեխայի ու նրա կարիքները հոգալու համար, բայց դա պետք չէ անել աշխատողների նպաստի չափի ու տևողության կրճատման հաշվին:
Հ. Կարապետյան
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Նախատեսվում է ներդնել «Մայրության նպաստ» գաղափարն ու նպաստ տրամադրել նաև չաշխատող մայրերին
Աշխատող և չաշխատող մայրեր. միթե՞ դա կարևոր է երեխայի նպաստի առումով
Որքա՞ն կձգվի երեխայի նպաստի հարցում աշխատող եւ չաշխատող մայրերի խտրականության վերացումը
Չաշխատող ծնողների նպաստին կանդրադառնան մեկ տարի հետո
Մայրությունը թվերով / ինֆոգրաֆիկա
«Ամեն ընտանիքում մեկ նոր զավակ, մեկ նոր մանուկ». Խ.Սուքիասյանի առաջարկը
Երկու և ավելի երեխա ունեցող ուսանողների ուսման վարձը սեպտեմբերից փոխհատուցվելու է
Չաշխատող ծնողների նպաստին կանդրադառնան մեկ տարի հետո
«Կառավարության կողմից սահմանված ծննդյան միանվագ գումարների չափերը տարօրինակ են»
Ծնունդների թիվը Հայաստանում նվազում է
Կառավարությունը փող չունի չաշխատող մայրերին երեխայի նպաստ տրամադրելու համար
Ինչպես խրախուսել բազմազավակությունը
Ժողովրդագրական մարտահրավերներ՝ ինչպե՞ս դիմակայել
Փորձագետ. «Ծնելիությունը պետք է խթանել երկրորդ երեխայից սկսած »
Դիտումների քանակը` 5243