«Մենք ցանկանում ենք բռնության ենթարկված կանանց տեղեկացնել, որ նրանք միայնակ չեն»
«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան դեռեւս անցյալ տարի հանդես եկավ առաջարկով հայտարարել հոկտեմբերի 1-ը՝ Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օր: Այս տարի կոալիցիայի անդամ կազմակերպությունները նորից դիմելու են ՀՀ կառավարությանը՝ հոկտեմբերի 1-ը Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օր հռչակելու առաջարկով: Նշենք,որ օրը պատահական չէ ընտրված՝ 2010 թվականի հենց հոկտեմբերի 1-ին էր մահացել ընտանեկան բռնության ենթարկված Զարուհի Պետրոսյանը, ում դեպքը առաջինն էր, որ արժանացավ հանրության լայն շրջանակների ուշադրությանը:
Օրվա առիթով կոալիցիան միջոցառումների շարք է նախաձեռնել, որոնց հիմնական նպատակն է հորդորել ՀՀ կառավարությանը Ազգային ժողով ներկայացնել «Ընտանեկան բռնության մասին» օրենքը:
Կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունները վստահ են, որ «Ընտանեկան բռնության մասին» օրենքը կարող է կանխել բռնությունը, քանի որ ընդունելով նման օրենք պետությունը արձանագրում է խնդրի կարեւորությունը եւ ցույց է տալիս բռնարարներին օրենքի ողջ խստությամբ պատժելու իր պատրաստակամությունը:
«Օրենքի ընդունումը ոչ միայն մարդկանց գիտակցության մեջ կամրապնդի, որ ընտանեկան բռնությունը հանցանք է եւ պատժելի է, այլեւ ինչ-որ չափով կկանխարգելի ապագա բռնությունները: Իսկ բռնության ենթարկված կանայք էլ կիմանան, որ պետությունն իրենց կողքին է եւ պաշտպանելու է իրենց»,- «WomenNet.am»-ին ասաց կոալիցիայի անդամ Պերճուհի Կաժոյանը:
Հոկտեմբերի 1-ին կոալիցիայի անդամներն ու համակիրները շրջելու են Երեւանի գրեթե բոլոր համայնքներով` քաղաքացիներին ներկայացնելով ընտանեկան բռնության զոհերի պատմությունը, վիճակագրությունը եւ «Ընտանեկան բռնության մասին» օրենքն ընդունելու անհրաժեշտությունը:
«Այս տարի կոալիցիան որոշեց շրջել Երեւանի համայնքներով, քանի որ մշտապես բոլոր միջոցառումները կենտրոնացված են մայրաքաղաքի Կենտրոնում: Սակայն մարդիկ միայն կենտրոնում չէ , որ կարիք ունեն իմանալ, թե ինչ է ընտանեկան բռնությունը կամ ինչպես տարբերակել բռնությունը առողջ ընտանեկան հարաբերություններից: Դրա համար էլ որոշվեց «ապակենտրոնացնել» տեղեկատվական միջոցառումները»,- «Womennet.am»-ին փոխանցեց կոալիցիայի անդամ Նվարդը Մարգարյանը:
Հոկտեմբերի 1-ին` ժամը 18:00-ին, Կարապի լճի շրջակայքում տեղի կունենա մոմավառություն` ի հիշատակ ընտանեկան բռնության զոհերի, իսկ հոկտեմբերի 2-ին` ժամը 10:00-ին, ակտիվիստները հավաքվելու են ՀՀ կառավարության շենքի դիմաց, որպեսզի հանձնեն իրենց պահանջ-նամակը` այդպիսով գործադիր իշխանությանը հորդորելով ՀՀ Ազգային ժողովին ներկայացնել «Ընտանեկան բռնության մասին» օրենքը:
«Ակցիաների այս շարքը մեկ այլ նպատակն էլ ունի. մենք ցանկանում ենք բռնության ենթարկված կանանց տեղեկացնել, որ նրանք միայնակ չեն, կան մարդիկ, ովքեր մշտապես կաջակցեն նրանց, կբարձրաձայնեն նրանց խնդիրները եւ սատար կկանգնեն»,- ասում է Նվարդ Մարգարյանը:
Արման Ղարիբյան
Դիտումների քանակը` 4537