Թե ինչպես մի կին փոխեց մի ամբողջ գյուղ

 Կարելի է ասել, որ կյանքը Շիրակի մարզի Ամասիա գյուղում սկսեց փոխվել  1999 թվականից: Այդ տարեթիվը գյուղի համար նշանավորվել է նրանով, որ Մերի Մելիքյանը Գյումրիից հարս  եկավ  այստեղ: Իր ակտիվ եւ ստեղծարար գործունեության շնորհիվ նա շատ բան է փոխել եւ դեռ փոխում է հեռավոր Ամասիայում:

 

«Երբ նոր էի հարս եկել, մտածում էի` ի՞նչ կարելի է անել այստեղ: Իսկ երբ տղաս ծնվեց այս շենքի շուրջն էի անընդհատ պտտվում ու  մտածում, որ կարելի է մի հասարակական կազմակերպություն ստեղծել, կարելի է տիկնիկային թատրոն ունենալ, բեմ ստեղծել, ծրագրեր անել, երեխաների համար մարզասրահ ունենալ: Եվ մի երկու տարի հետո ՀԿ-ն դարձավ իրականություն»,- պատմում է Մերին:

«Ամասիայի քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը ստեղծման օրվանից մոտ 14 ծրագրեր է իրականցրել Ամասիայում: «Այն ժամանակ, երբ համակարգիչը հազվադեպ հանդիպող բան էր, մեզ մոտ 3 համակարգիչներ կային, երեխաները գալիս էին այստեղ սովորելու: Առաջ որ այստեղ ասում էինք «կամավոր», մարդիկ հարցնում էին` մեզ բանակ պիտի տանե՞ք: Կամաց-կամաց սակայն հասկացան, թե ինչ է կամավորությունը»:

 

Մերի Մելիքյանը սեփական նախաձեռնությամբ մանկապարտեզ է հիմնել Ամասիայում: «Զանգում էի ծանոթ կանանց, հարցնում էի` կբերե՞ք երեխաներին: Երկու կին էի գտել, որոնք պատրաստ էին կամավոր աշխատել: Տնից հաց էինք բերում, հետո այստեղ էինք հաց թխում: Բոլորը շատ մեծ սիրով էին աշխատում, ես նրանց ասում էի` ոչ ոք չի անի մեր երեխաների համար, մենք ինքներս պիտի անենք»,- հիշում է Մերի Մելիքյանը:

Հետագայում մանկապարտեզն այնքան է հզորացել, որ պետական գրանցում է ստացել եւ այժմ 15 գյուղացիներ (12 կին եւ 3 տղամարդ) աշխատում են գյուղի մանկապարտեզում: Մերին երկու տարի աշխատել է որպես մանկապարտեզի տնօրեն, ապա դուրս է եկել աշխատանքից` շարունակելով հասարակական կազմակերպության հզորացումը:

Երբ  Care միջազգային մարդասիրական  կազմակերպության  ներկայացուցիչը Մերիից հետաքրքրվել է, թե ինչ կարելի է նախաձեռնել Ամասիայում տեղի ընտանիքներին աջակցելու համար, Մերին առաջարկել է զբաղվել բրդի մշակմամբ: «Աչքիս առաջ այդ բուրդը թափում էին, այնքան շատ էր, չէին կարողանում ամբողջը սպառել: Մոտ մեկ տարուց հետո ինձ «Care International»-ը  հրավիրեց Ավստրիա` գյուղերից մեկում բրդի մշակման տեխնոլոգիային ծանոթանալու»,- պատմում է «Ամասիայի քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն» ՀԿ-ի ղեկավարը:

 

Մերի Մելիքյանը խոստացել է իր ստացած գիտելիքներով կիսվել ամասիացի կանանց հետ եւ իր խոստումը կատարում է մինչ օրս:  Care International  կազմակերպության աջակցությամբ՝  JOIN  ծրագրի շրջանակներում   Մերին Ամասիայի 12 կնոջ սովորեցրել է բրդի մշակման եւ տարբեր իրեր պատրաստելու տեխնոլոգիան:

Այժմ Ամասիայի կանանց արտադրանքն ունի իր բրենդը` «Նռանե»: «Նռանե»-ն արտադրում է էկոլոգիապես մաքուր կոշիկներ, շարֆեր, բարձեր, հուշանվերներ, բիժուտերիա: Որպես հումք կիրառում են տեղական բուրդն ու դրսից ներկրված մետաքսն ու տարբեր նրբաբրդերը:

«Ես անձամբ գնում եմ գոմեր, արդեն նայելով հասկանում եմ` որն է լավ, որը չէ: Գնում ենք բուրդը, լվանալ եմ տալիս, գյուղացի կանայք լվանում են, պահեստավորում ենք մեզ մոտ, ապա գզում ենք բուրդը սանդերքի վրա, հետո փռում ենք, օճառաջրում»,- հարցազրույցի ընթացքում Մերին մեզ համար շարֆ է պատրաստում` ցուցադրելով նաեւ դիզայներական հմտություններ:

Ինժիների մասնագիտություն ստացած Մերի Մելիքյանը պրոֆեսիոնալ մոտեցում է ցուցաբերում իր աշխատանքում: Նա իր մագիստրոսական թեզը պաշտպանել է բրդի մշակման թեմայով. «Մեր հաջորդ քայլն այն պետք է լինի, որ լիցենզավորենք մեր արտադրանքը որպես էկոլոգիապես մաքուր արտադրանք եւ հանենք եվրոպական շուկա»:

Մերին բրդի մշակման աշխատանքներում ներգրավել է ինչպես Ամասիայի տասնյակ կանանց, այնպես էլ Գյումրիում ապրող իր ընկերուհուն: «Սկզբում որ Մերին ասաց բդրի մշակման մասին, լուրջ չվերաբերեցի, ծիծաղում էի նույնիսկ: Բայց հիմա ամեն օր 40 կմ կտրում-գալիս եմ Ամասիա, որպեսզի աշխատեմ»,- ասում է 45-ամյա Նարինե Խաչատրյանը:

 

Ամասիայում բնակվող 37-ամյա Սոնա Սիսակյանն էլ նշում է, որ ինքը մշտապես սիրով է մասնակցում բրդյա իրերի պատրաստման աշխատանքներին: Նա եռամյսա դասընթաց է անցել եւ այժմ տիրապետում է ձեռքի աշխատանքի հմտություններին:

«Ամուսինս եւ տան մյուս անդամները դեմ չեն, որ աշխատեմ, եթե ես ուրախ եմ, իրենք էլ են ուրախ»,- ասում է Սոնան: Ներկայումս 2 երեխաների մայրը կոսմետոլոգիայի դասերի է հաճախում գյուղում դիմահարդարի  ծառայություններ մատուցելու համար:

Ի դեպ, Ամասիայի կանանց ձեռքի աշխատանքները սեպտեմբերի 24-ին կներկայացվեն Գյումրիում: «Թաղիքե իրերի» ցուցահանդես-վաճառքի բացումը   կկայանա «Բեռլին Արտ Հօթել»-ում  ժամը 12.30-ին:  Ցուցահանդեսը կազմակերպվւմ է  Care International  կազմակերպության աջակցությամբ՝  JOIN  ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է  Ավստրիական Զարգացման Գործակալության (ADA) կողմից:

 

Արման Ղարիբյան    

Դիտումների քանակը` 5967

Գլխավոր էջ