Պահանջում են խստացնել մեղադրանքը կնոջը առանձնակի դաժանությամբ սպանած ամուսնու նկատմամբ
Ընտանեկան բռնության ցանկացած դեպք ցնցող է եւ հուզիչ, սակայն Դիանա Նահապետյանի սպանությունն առանձնակի դաժան է: Մահացածի հարազատները ցանկանում են, որպեսզի դատախազությունը եւս ընդունի այս փաստը եւ սպանության մեջ մեղադրվող ամուսնուն առաջադրված մեղադրանքը խստացնի` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 5-րդ մասով («առանձնակի դաժանությամբ սպանություն»):
Նախորդ դատական նիստին տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը դատարանին միջնորդել է խստացնել պահանջը: Մեղադրող դատախազը սեպտեմբերի 24-ին կայանալիք դատական նիստի ժամանակ պետք է իր դիրքորոշումը հայտնի ներկայացված միջնորդության վերաբերյալ, քանի որ այն հենց դատախազությանն է հասցեագրված:
Վոլոդյա Մուրադյանը 35 Դիանա Նահապետյանին առանձնակի դաժանությամբ է սպանել` ծաղկամանով բազմաթիվ հարվածներ է հասցրել գլխին, 21 անգամ դանակով հարվածել է մարմնի տարբեր հատվածներին:
Այս ոճրագործույթան մեջ ամենացնցող դրվագը թերեւս այն է, որ ամուսինը կնոջը սպանել է երկու դուստրերի ներկայությամբ: Սեպտեմբերի 24-ին, ժամը 12:00-ին նշանակված դատական նիստի ժամանակ պարզ կդառնա` արդյոք դատախազությունը կվերաորակի մեղադրանքը եւ կխստացնի կատարված հանցագործության համար նախատեսվող պատիժը` այն դարձնելով 12-20 տարվա ազատազրկում:
Արման Ղարիբյան
ՀԳ – «Հասարակություն առանց բռնության» հասարակական կազմակերպությունը տրանսպորտ է տրամադրում Արտաշատ մեկնելու եւ Արարատ և Վայոց Ձոր մարզերի ընդհանուր իրավասության դատարանում նշանակված դատական նիստին մասնակցելու համար: Ցանկացողները կարող են նախօրոք՝ մինչև սեպտեմբերի 23-ը, ժամը 18:00-ն կապվել կազմակերպության հետ: Տրամադրվող տաքսիները Երևանից շարժվելու են սեպտեմբերի 24-ին, ժամը 11:00-ին Հանրապետության Հրապարակից: Կոնտակտային հեռախոսահամար` 091 428192 (Սոնա Հովակիմյան):
Դիտումների քանակը` 3450