Հայազգի դուդուկահարուհին երազում է տեղափոխվել Հայաստան

          Կարինեի հետ ծանոթացա այս ամռանը Լվովում կայացած բնապահպանական երիտասարդական հավաքի շրջանակներում: «Я Армянка»,- միջազգային կոնֆերանսներին Բելառուսի դրոշի ներքո հանդես եկող  Կարինեն մշտապես ներկայանում է որպես հայ եւ թեեւ հայերեն լավ չի կարողանում խոսել, այնուամենայնիվ, իրեն լիարժեք հայ է համարում: 

 

29-ամյա Կարինե Դռնոյանը մասնագիտությամբ երաժիշտ է, դասավանդում է Մինսկի երաժշտական դպրոցներից մեկում: Նրա հիմնական երաժշտական գործիքը դուդուկն է:

 

«Ես տարիներ առաջ դուդուկ էի գնել, բայց հասկանում էի, որ ինքնուրույն չեմ կարողանա սովորել նվագել, ինձ ուսուցիչ էր պետք, բայց Մինսկում դուդուկի մասնագետ չկար: Ես երազում էի դուդուկ նվագելու մասին, բայց մի քանի տարի չէի մոտենում գործիքին»,-  պատմում է Կարինեն «WomenNet.am»-ին:

 

Երիտասարդ աղջկա համար ճակատագրական է եղել աշխարհահռչակ դուդուկահար Ջիվան Գասպարյանի մենահամերգը Մինսկում: «Համերգի ավարտին ես մտա Գասպարյանի հանդերձասենյակը եւ նրան հարցեր տվեցի դուդուկի մասին: Նա ասաց, որ ես կարող եմ սովորել նվագել Հայաստանում, եւ ես վճռեցի, որ պետք է գնամ Երեւան»,- հիշում է Կարինեն:

 

Հայաստանում ընդամենը մեկ ամսում Կարինեն սովորում է դուդուկ նվագել, իսկ վերադառնալով Մինսկ` շարունակում է կատարելագործել իր տեխնիկան ինքնուրույն: «Ես չէի կարող պատկերացնել, որ այսքան արագ այսպիսի արդյունքի կհասնեմ: Դուդուկը ուղղակի հրաշալի գործիք է»:

Կարինեն խոստովանում է, որ սկզբում ինքն էլ այն կարծրատիպն ուներ, թե դուդուկը տղամարդու գործիք է, սակայն երբ սկսել է նվագել, վայրկյաններ անց այս միտքը առհավետ դուրս է եկել իր գլխից:

 

«Ինձ թվում է` աղջիկները խուսափում են դուդուկ նվագելուց էսթետիկայից ելնելով, քանի որ դուդուկը փչելիս այտերդ ուռեցնում ես, բացի այդ ֆիզիոլոգիապես էլ տղամարդկանց համար ավելի հեշտ է դուդուկ նվագելը: Բայց դուդուկը եւ կնոջ եւ տղամարդու համար է»,- վստահ է Կարինեն:

 

Կարինե ծնողները եւս երաժիշտներ են: Հայրը ազգույթամբ հայ է, մայրը` բելառուս,սակայն Կարինեն իրեն բացարձակ հայ է համարում եւ հպարտանում է իր ազգությամբ:

 

«Ես շատ եմ ուզում տեղափոխվել Հայաստան, առանց չափազանցության եմ ասում` ուղղակի երազում եմ այդ մասին: Բայց իհարկե, ես այդտեղ տուն չունեմ, ոչ էլ աշխատանք»:

 

Բացի դուդուկից Կարինեն նաեւ շվի է նվագում, ցանկություն ունի սաքսոֆոն գործիքը եւս տիրապետել: Երաժիշտը շատ է ցանկանում Երեւանում աշխատանքի անցնել ըստ իր մասնագիտության:

 

«Ես երաժիշտ եմ եւ ցանկանում եմ իմ երաժշտությունը նվիրել մարդկանց: Եթե Երեւանից հարմար առաջարկ լինի, առանց երկմտելու կտեղափոխվեմ Հայաստան: Կարող եմ երեխաներին դասավանդել, ինչպես նաեւ անհատական ելույթներ ունենալ: Համաձայն եմ նաեւ ռեստորաններում նվագել,միայն թե Հայաստանում ապրեմ,- ասում է Կարինե Դռնոյանը եւ ավելացնում, որ կցանկանար նաեւ ՀՀ ոստիկանության հատուկ ստորաբաժանումում («հրեշտակների» ջոկատ) ծառայել:

 

Բելառուսում Կարինեն ապահովված է աշխատանքով, սակայն չի ցանկանում ապրել Մինսկում: «Այստեղի մարդիկ շատ տարբեր են հայերից, նույնիսկ երեխաներից է զգացվում այդ տարբերությունը: Ես ջերմություն միայն Հայաստանում եմ զգում»:

 

Ամիսներ առաջ Երեւան ժամանած Կարինեն հետադարձ թռիչքից րոպեներ առաջ  մի կերպ է իրեն զսպել, որպեսզի չպատռի ինքնաթիռի տոմսը: «Ես չեմ ուզում պարզապես ամուսնանալ հայ տղայի հետ եւ «հարս գալ» Հայաստան: Ուզում եմ իմ հայրենիքում ապրել ինքնուրույն, սեփական աշխատանքով եւ նվագել իմ սիրելի դուդուկը հենց հայերի համար»:

 

Արման Ղարիբյան

Դիտումների քանակը` 5615

Գլխավոր էջ