«Աշխատանքային ժամերին մանիկյուր, մակիաժ չանել». նախարարի հորդորը կանանց

«Պետք է աշխատանքային ժամերին զգաստ, զգոն նստել: Գիտեմ, որ այս ծառայությունում աշխատողների 95 տոկոսից ավելին կանայք են: Աշխատանքային ժամերին մանիկյուր, մակիաժ չանել: Հասկանում եմ, որ դժվար է, բայց կտրուկ վերացնել: Քաղաքացին մտնում է աշխատասենյակ, պետք է նորմալ աշխատանքային վիճակ լինի», – ասաց  արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների ղեկավարների հետ օրերս կայացած հանդիպման ժամանակ:  Որքանո՞վ են կոռեկտ  նախարարի  դիտարկումները  ոլորտում աշխատող կանանց մասին   – այս  խնդրի  շուրջ  WomenNet.am –ը  մի  փոքր հարցախույզ անցկացրեց: 

 

 

Նշենք,  որ նախարարի հետ հանդիպման առիթը ծառայության աշխատակիցների դժգոհությունն էր աշխատանքային պայմանների, ցածր աշխատավարձի, ծանրաբեռնված աշխատանքի և այլնի վերաբերյալ: Նախարարն, ի  պատասխան դրան, շեշտադրեց իր պահանջները՝ աշխատանքը բարելավելու, աշխատանքային ժամերին այլ գործերով չզբաղվելու  եւ   ծառայությունից օգտվող բոլոր քաղաքացիների նկատմամբ բարեկիրթ վերաբերմունք ցուցաբերելու մասին: Ըստ էության, կողմերը երկուստեք փաստեցին, որ  ոլորտը լի է հիմնախնդիրներով:  Ակնհայտ է  սակայն, որ  դրանք  կանանց շպարվելու հետեւանքով չէ, որ գոյություն ունեն …  Հենց այդ պատճառով էլ  WomenNet.am –ի զրուցակիցներից շատերի մոտ նախարարի մտահոգությունները մակիաժի եւ մանիկյուրի  մասով  զարմանք են առաջացրել…

 

 

«Մեր գրասենյակում ընդամենը մի կին աշխատող ունենք, բայց այսքան տարվա մեջ երբեք չենք նկատել, որ գործի ժամանակ քսվում է կամ որևէ այլ բան»,-ասաց համակարգչային ծառայություններ մատուցող ընկերություններից մեկի աշխատակից Գարեգին Ղուկասյանը:

 

Լրագրող Հասմիկ Համբարձումյանը  մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց, որ նախարար  Հովհաննես Մանուկյանի հանձնարարականները տարօրինակ էին եւ  ոչ կոռեկտ դահլիճում նստած կանանց նկատմամբ::

 

«Ինչ է  նշանակում «աշխատանքային ժամերին զգաստ, զգոն նստել» կամ «մանիկյուր, մակիաժ չանել»: Միգուցե նախարարը մտածում է, որ եթե կանայք են , ապա համատարած մանիկյուր անելով են զբաղվում աշխատավայրում: Ցավալի է, եթե ղեկավարը նման կարծրատիպերով է առաջնորդվում: Լավ կլիներ, որ մտածեին այդ համակարգում աշխատող կանանց աշխատանքային պայմանները բարելավելու մասին և հետո միայն մտահոգվեին  մատնահարդարմամբ զբաղվողներով: Հայտնի է, որ ՔԿԱԳ-երի մեծ մասը /եթե ոչ բոլորը/ շարունակում են աշխատել դեռևս խորհրդային տարիներից ժառանգություն մնացած գրասենյակներում, որտեղ փայտե հատակը ոտքերիդ տակ ճռճռում է, իսկ նստելու համար առաջարկվող կիսախարխուլ փայտե աթոռի կտորը մաշված…  Միջավայրն այնքան անշուք է ու վանող, որ երիտասարդ զույգերը, ովքեր գալիս են ամուսնությունը գրանցելու, մտածում են ոչ դե լուսանկարելու իրենց կյանքում  նշանավոր  այդ պահը, այլ  սենյակից արագ դուրս պրծնելու մասին:   Համաձայն եմ, որ բարեկրթությունը  պարտադիր պայման է քաղաքացիների հետ աշխատանքում, սակայն նման  պայմաններում գործող ծառայության  վարկանիշը  ամենահամբերատար աշխատակիցներն  էլ  չեն փրկի», – ասաց Հասմիկ Համբարձումյանը, ով  ախատանքի բերումով  արդեն մի քանի տարի    է լուսաբանում  այդ  ոլորտի գործունեությունը:

 

 

Լաուրա Մովսիսյանն էլ տարօրինակ համարեց փաստը, որ դահլիճում նստած կանանցից որևէ մեկը չարձագանքեց նախարարի հայտարարությանը: «Դա նշանակում է, որ ոմանք իսկապես նման բաներով կարող են զբաղված լինել, բայց դրա պատճառը ոչ թե այն է, որ համակարգում առավել շատ կանայք են աշխատում, այլ որ այդ համակարգը բարձիթողի վիճակում է ու հայտնի էլ չէ, թե տղամարդիկ ինչով են զբաղված, գուցե նրանք ընդհանարպես աշխատանքի չե՞ն գալիս»,-ասաց նա:

 

Հարցման տղամարդ մասնակիցներից մեկն էլ նկատեց, որ կրթության ոլորտում էլ մոտ իննսուն տոկոսը կանայք են: «Ի՞նչ է, պետք է հայտարարենք, որ նրանք էլ են ողջ օրը շպարվում ու մանիկյուր քսում, այդ դեպքում ո՞վ է մեր երեխաներին կրթում»,-ասաց Գ. Ասատրյանը:

 

Իսկ Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը՝ արձագանքելով նախարարի հայտարարությանը, գրել էր. «Այսպես եք անում, որ կանանց անունը գցում եք»…

 

Հ. Կարապետյան

Դիտումների քանակը` 4109

Գլխավոր էջ