Բռնաբարության գործով բողոքը մերժվեց (տեսանյութ)

«Մենք աղջիկներին խրախուսում ենք, որ բռնության ենթարկվելու դեպքում դիմեն ոստիկանություն, դատարան, բայց երբ նրանք տեսնեն, որ ոստիկանությունն ու դատարանը նման վերաբերմունքի են արժանացնում իրենց, այլեւս ինչպե՞ս կվստահեն այս մարմիններին»,- «WomenNet.am»-ին տված հարցազրույցում ասաց «Կանանց ռեսուրսային կենտրոնի» ղեկավար Լարա Ահարոնյանը:

 

Խոսքը մեծ հնչեղություն ստացած բռնաբարության գործի  մասին է, որով քրեական գործի հարուցումը մերժվել է, իսկ քննիչի կողմից միակողմանի եւ շահախնդիր քննություն անցկացնելու հանգամանքը մնացել է անպատիժ:

 

Երիտասարդ կինը դիմել է ոստիկանություն` հայտնելով, որ իրեն բռնաբարել են, անցել է դատաբժշկական փորձաքննություն, որով ապացուցվել է, որ դեպքի օրը նա ենթարկվել է բռնության, նրա մարմնի վրա առկա են եղել բռնության հետքեր, սակայն ոստիկանությունը քրեական գործ չի հարուցել բռնարարի նկատմամբ:

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ գործը քննող քննիչ Ա.Կավեյանը մտերմիկ հարաբերությունների մեջ է գտնվել բռնաբարության մեջ կասկածվող տղամարդու հետ: Վերջինս օգնել է քննիչին վաճառել իր ավտոմեքենան եւ նրան ծառայություններ է մատուցել` կապված ավտոմեքենաների մասերի հետ:

 

«Քննիչներն իրականացրել են ակնհայտ միակողմանի եւ սուբյեկտիվ քննություն, ինչի արդյունքում անհիմն որոշումներ են կայացրել գործի վարույթը կարճելու մասին»,- ասում է տուժողի փաստաբան Նոնա Գալստյանը:

 

Վերջինս բողոք է ներկայացրել ՀՀ դատախազությանը, Հատուկ քննչական ծառայությունը քննություն է անցկացրել եւ եզրահանգել է, որ քննիչի գործողություններում հանցագործություն չկա:

 

Փաստաբանը ՀՔԾ-ի որոշումը բողոքարկել է ընդհանուր իրավասության դատարանում, վերջինս մերժել է բողոքը: Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում քննվում էր բողոքն ընդդեմ ընդհանուր իրավասության դատարանի կայացրած որոշման: Դատավոր Կարինե Ղազարյանը մերժեց տուժողի բողոքը` ընդհանուր իրավասության դատարանի որոշումը թողնելով ուժի մեջ: Մանրամասները տեսանյութում:

 

 

Արման Ղարիբյան

 

Լուսանկարում`

դատավոր Կարինե Ղազարյանն է

Դիտումների քանակը` 4300

Գլխավոր էջ