Ոստիկանության խորհուրդներն ու իրավապաշտպանների արձագանքը

ՀՀ  Ոստիկանությունը սեռական բռնությունից խուսափելու վերաբերյալ խորհուրդներ  է հրապարակել կանանց համար:  Ոստիկանության կայքում « Կանացի անվտանգություն»  խորագրի ներքո  տեղադրված  տեքստում, մասնավորապես, ասված է.

 

…Բռնության զոհ չդառնալու լավագույն երաշխիքն անծանոթ ու տարօրինակ վարք ունեցող տղամարդկանց չվստահելն է: Կասկածամտությունը յուրօրինակ ինքնապաշտպանական «բնազդ» է, որ երբեմն դիմացինին ստիպում է վերանայել իր մտադրությունը: Իսկ բուն ինքնապաշտպանության անհրաժեշտ է դիմել միայն այն ժամանակ, երբ կարող եք ակնկալել ուրիշների օգնությունը: Հարձակումը կարելի է կասեցնել հարձակվողի ուղղությամբ անսպասելի ինչ-որ իր նետելով` պայուսակ, բանալիների խուրձ եւ այլն: Եթե նկատում եք, որ ձեզ հետապնդում են, փորձեք փոխել երթուղին, սակայն նախապատվությունը տվեք ձեզ հայտնի եւ հնարավորինս մարդաշատ ուղիներին:

– Գիշերային ժամերին ինչ-որ տեղ ուղեւորվելիս խնդրեք, որ հնարավորության դեպքում ձեզ ուղեկցեն կամ դիմավորեն:

– Ուշ ժամերին ժամադրվեք միայն մարդաշատ եւ լուսավորված վայրերում:

Երեկոյան ժամերին զբոսնելիս աշխատեք այնպիսի հագուստ կրել, որը չի սահմանափակի ձեր շարժումները եւ չի գայթակղի հնարավոր մոլագարներին: Երկար վարսեր ունեցողներին խորհուրդ է տրվում մազերը հավաքած պահել, քանի որ դրանք, ինչպես նաեւ` վզնոցները, կարող են հարձակման ժամանակ հանցագործի համար «գործիք» հանդիսանալ: Աշխատեք ձեռքերը չծանրաբեռնել պայուսակներով:

– Հարձակման ժամանակ կնոջ համառ դիմադրությունը երբեմն ավելի է գրգռում դիմացինին: Առավել ցանկալի է հոգեբանական «հարձակումը», քանի որ կնոջ համար դժվար է տղամարդու նկատմամբ համարժեք ֆիզիկական ուժ կիրառել: Ամեն գնով անհրաժեշտ է ժամանակ շահել, ասենք` առաջարկել «ագրեսորին» մի տեղ նստել, մի բան խմել, քննարկել. այս մարտավարությունը կարող է հնարավորություն ընձեռել հարձակվողին մարդաշատ վայր տեղափոխել: Առավել զգուշավորություն է պետք ցուցաբերել զինված հանցագործի հետ շփվելիս: Խուճապը, լացն ու բղավոցը կարող են հանցագործին դրդել դիմելու վտանգավոր միջոցների:

Երբեմն բռնության ենթարկված կանայք ամոթից կամ այլ պատճառով չեն դիմում իրավապահներին եւ այդպիսով հանցագործի համար ստեղծում են անպատժելիության պատրանք, որը նոր հանցանքների պատճառ է դառնում:

 

 

Մեկնաբանելով այս խորհուրդները  «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ի համանախագահ, իրավապաշտպան Լարա Ահարոնյանը   Epress.am-ի հետ զրույցում նկատել է, որ ոստիկանությունը  դրանք   հրապարակելուց առաջ չի խորհրդակցել կանանց իրավունքներով զբաղվող ՀԿ-ների հետ, որոնք կարող էին բացատրել խնդրի նրբությունները և օգնել ավելի պրոֆեսիոնալ խորհուրդներ մշակել։

 

 

«Ըստ ոստիկանության խորհուրդների  կինը  պաշտպանված լինելու համար որոշակի վարք պետք է ձևավորի։ Այսինքն՝ ոստիկանությունը ամրապնդում է այն կարծրատիպերը, որ արդեն կան։ Մասնավորապես, այն կարծրատիպը, թե եթե բռնաբարվել է, ապա մի բան հաստատ արել է, հաստատ կարճ էր հագել և այլն։ Ոստիկանությունն էլ է փաստորեն այդ կարծրատիպը պաշտպանում։ Նրանք պետք է փոխեն այդ մտածելակերպը…», – նշել է Լարա Ահարոնյանը։

 

 

Իրավապաշտպանի խոսքով՝ ՀՀ ոստիկանությունը միայն հրապարակային հայտարարություններով չէ, որ ապացուցում է կարծրատիպերով շարժվելը, այլև կոնկրետ գործերի քննությամբ։ Մասնավորապես, 28-ամյա բռնաբարված կնոջ գործով (անունը գաղտնի է պահվում) Ոստիկանությունն առաջ է տանում վարկածը, թե կինը ուշ ժամերին համաձայնել է հանդիպել իրեն հետագայում բռնաբարած անձի հետ, նշում է, թե կինը շփվել է նրա հետ, թե տեղի ունեցածը բռնաբարություն չէր, այլ սեռական ակտ կողմերի համաձայնությամբ։

 

 

«Կինը մերկ էլ քայլի փողոցով, չպետք է բռնաբարվի։ Նման հայտարարություններ անելուց հետո՝ ՀՀ ոստիկանություն ավելի քիչ կանայք կդիմեն, առանց այն էլ չեն դիմում՝ վախենալով, որ իրենց են մեղադրելու»,- ասել է Ահարոնյանը։

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Ինչպե՞ս հասկանալ ոստիկանության խորհուրդները

 

 

Դիտումների քանակը` 4118

Գլխավոր էջ