«Ահավոր ապրումների մեջ էի, որովհետև չէի ճանաչում իմ Արմենին»…

Մինչև վերջերս խաղամոլությունը մեզանում ընդունում էին ավելի շուտ որպես վնասակար սովորություն, իրականում մոլեխաղերի նկատմամբ պաթոլոգիկ հակումը, համարվում է բավական ծանր հիվանդություն։  Այդ մոլուցքով տառապող մարդկանցից շատերը հանուն իրենց կրքի պատրաստ են անցնել բարոյական նորմերը, ֆինանսական և բարոյական ճգնաժամի հասցնել սեփական ընտանիքը: Նրանք հաճախ իրենք էլ խոր տառապանքների մեջ են հայտնվում, զգում են, որ գնում են դեպի կործանում, սակայն ի վիճակի չեն կանգ առնել, հրամայել իրենց: Որոշ մասնագետների գնահատմամբ, պաթոլոգիկ խաղամոլների թիվը միայն մայրաքաղաքում անցել է տասը հազարից… 

 

 

…Կարինեն ու Արմենն ամուսնացան անմիջապես համալսարանն ավարտելուց հետո.  բժշկուհի  մոր ու ինժեներ հոր միակ  դստերը  շատ  երկրպագուներ  ուներ, բայց Կարինեի սիրտը կպավ բանակից վերադարձած իրենց կուրսի նորեկ Արմենին` բոյով-բուսաթով էր, ճարտար լեզու ուներ ու ծաղիկներ բռնել էր չէր ամաչում: Այնպես որ ոչ մեկի համար զարմանալի չէր, որ դիպլոմները ստանալու օրը կուրսեցիները  հարսանիքի  հրավեր ստացան:

 

 

Ամեն ինչ կարծես լավ էր ընթանում, Կարինեի մայրը ընկերուհու շնորհիվ կարողացավ փեսային տեղավորել աշխատանքի՝  բանկերից մեկի հաճախորդների սպասարկման բաժնում , այն էլ  կարիերային աճի հեռանկարով: Խնդիրները սկսվեցին, երբ ծնվեց Հայկը. Արմենը սկսեց ուշանալ, երբեմն տուն էր վերադառնում կեսգիշերից հետո ու եթե սկզբում արդարանում էր, թե այս կամ այն ընկերոջ ծնունդն էր, գործնական ընթրիք կամ նույնիսկ ստուգումներ բանկում, ինչ-որ  ժամանակ  անց նույնիսկ  չէր էլ բացատրում`  ուշանում էր և վերջ:  Իսկ մի օր  էլ ընդհանրապես  չվերադարձավ տուն ու մեկ ամիս էլ չանցած հեռացվեց աշխատանքից:

 

Կարինեն ասում է, որ շատ բան իմացել է արդեն ամուսնուց  բաժանվելուց հետո` մայրը խնայել է դստերն, ով առանց այդ էլ մանկահասակ երեխա էր պահում ու ավելորդ նյարդեր չպետք է ծախսեր ամուսնու արկածների պատճառով:Իսկ արկածներ իսկապես եղել են. Արմենի աշխատանքից ազատման հիմնական պատճառը եղել է այն, որ հաճախորդներին  սպասարկելուց  բացի Արմենը որոշ ժամանակ ինչ-որ  գումար  իրենով է արել….  իհարկե «պարտքով»,  ինչպես հետագայում  բացատրել է ղեկավարությանը,  բայց ղեկավարությունը  ամենևին  էլ չի  գնահատել նրա  ուշացած  անկեղծությունն ու հեռացրել  աշխատանքից:  Իսկ այն, որ  տանից էլ որոշ  իրեր սկսել են անհետանալ, Կարինեն հայտնաբերել է  բավականին ուշ.

 

 

«Գուցե  զարմանալի է, բայց ես միանգամից հասկացա` իր ուշանալը,  գիշերները տուն  չգալը  ամենևին  էլ  կնոջ պատճառով  չէ: Այսինքն ես,  իհարկե, ահավոր  ապրումների մեջ էի,  որովհետև  չէի ճանաչում  իմ Արմենին, իմ հոգատար,  միշտ ճտպտան ու կատակասեր  Արմենին, ով  հիմա օրերով  կարող էր չխոսալ  ինձ հետ, բայց ես  զգում էի, որ սիրուհին չի պատճառը, ուրիշ է խնդիրը»,- պատմում է  Կարինեն:

 

 

Թե որն է խնդիրը, նա իմացավ միայն այն ժամանակ, երբ իր ամբողջ ոսկեղենը  գրավատանը հայտնվեց ` Արմենը  կնոջը համոզել էր,  որ հենց գործ  գտնի ,  առաջինը  ոսկեղենը կհանի,  բայց հիմա  գումար է  հարկավոր` տան տղամարդ է, ձեռքին գումար չկա, ամոթ է ի վերջո: Մի օր  էլ լուսաբացին, երբ Կարինեն մնացել էր  ծնողների  տանը, նրա բջջայինին զանգ եկավ, մի տղամարդ ներկայացավ ինչ-որ  խաղատան մենեջեր ու տեղեկացրեց, որ ամուսինը` Արմենը, իրենց մոտ է`  արբած, կռիվ է արել, խաղատանը նյութական վնաս պատճառել, բայց քանի որ Արմենը  նրանց մշտական հաճախորդն է, ոստիկանություն չեն զանգահարել.

 

 

«Սկզբում ասացի` դուք երևի սխալվել եք, իմ ամուսինը ձեզ մոտ ի՞նչ գործ ունի, իմ  ամուսինը կազինո չի գնում: Բայց զգում էի,  որ  սիրտս  կծկվում է,  ոնց որ մեկը  բռի մեջ առներ  ու սեղմեր, արդեն ուզած-չուզած  ընդունեցի ճշմարտությունը….  հոգուս  խորքում  մի  տենց  բան  սպասում էի,  մի օր  ճշմարտությունը  բացվելու էր,  բայց ես ինքս  էլ վախենում էի  դրանից  ու շատ  բաների  վրա  գերադասում  աչք  փակել,  միայն թե ընտանիքիս դրվածքը փոփոխության չենթարկվի»,- ասում է  Կարինեն,  ով մինչև  հիմա էլ,  թեև վեց տարի  է անցել , ինքն իրեն է մեղադրում, ասում է , որ եթե մի քիչ  շատ ժամանակ  հատկացներ ամուսնուն,  գուցե հենց սկզբից  կկարողանար  բռնել Արմենի  ձեռքը ու թույլ չէր տա առաջինը նրա կյանքը քայքայվեր, երկրորդն էլ` իրենց ընտանիքը:

 

 

Խաղատնից արբած փեսային տուն է բերում Կարինեի հայրը, ընդ որում Արմենը սկզբում  նույնիսկ աներոջ  հետ  է փորձում  իր  կռիվը  շարունակել,  բայց  խաղատան  աշխատակիցների  օգնությամբ նրան  կարողանում են  նստացնել ավտոմեքենան:  Կնոջը զանգահարած  մենեջերը  աներոջը  պատմում է, որ  Արմենը իրենց  մշտական հաճախորդն է, այնքան «մշտական», որ  խաղատունը Արմենին  ամեն գալ-գնալուց  անվճար  տաքսի է  տրամադրում,  երբեմն էլ,  երբ պարտությունը  բավականին  զգալի է լինում,  անվճար ֆիշկաներ:  Բայց այդ գիշեր  Արմենը սկզբից  հենց շատ նյարդային է  լինում,  պարտությունն էլ,  ալկոհոլն էլ հունից  հանում են նրան  ու  գարեջրի  դատարկ շիշը  Արմենը կոտրում է ապարատներից մեկի վրա, ինչի հետևանքով էր առաջացնում է  նյութական  վնասը:  Դրանից  հետո խաղատան  աշխատակիցների  հետ է ընդհարվում,   հայհոյում,  մեկին  ինքը  հարվածում,  մյուսը` նրան….  ու արդյունքում  ստիպված  են լինում  զանգահարել կնոջը:  Մենեջերը նշել է`  խաղատան  կանոններն  արգելում են հաճախորդների  հարազատների  հետ շփում,  բայց սա  արդեն այն դեպքն էր, երբ այլ տարբերակ չէր մնում:

 

 

Կարինեն այդպես էլ մնաց ծնողների տանը, թեև դեպքից մեկ ամիս անց Արմենը նրան գրեթե համոզել էր, որ էլ չի խաղում,  խաղատան  ճանապարհն էլ  մոռացել է:  Բայց այն պահին,  երբ  Կարինեն  արդեն  պատրաստ էր  վերադառնալ իրենց տուն  (որը վարձում էին),  Արմենը մի ամբողջ  երեկո կորում է`  բջջայինն անջատած,  տանը պատասխանող չկա:  Դժվար չէր գլխի ընկնելը, որ Արմենը խաղատուն է գնացել` թերևս ուրիշ խաղատուն,  որովհետև նախորդ խաղատանը  նյութական  վնասը այդպես էլ չէր փակել, թեպետ  այնտեղից  պարտքը շատ ակտիվ չէին էլ պահանջում… երևի այդ գումարի եռակին-քառակին էր տանուլ տվել:

 

 

…Արմենն այսօր Ռուսաստանում է, արտագնա աշխատանքի: Կարինեն  տեղեկություն  չունի  նրանից:   Սկզբում Արմենը  մի քանի  ամիսը մեկ զանգահարում էր,  տեղեկանում որդուց,  մեկ անգամ նույնիսկ  գումար  է  ուղարկել,  երբ  փոքրիկի ձեռքն էր կոտրվել:  Բայց արդեն տարիուկես է,  ինչ  նրանից  նորություն չկա.   Կարինեն  ասում է,  որ մտավախություն  ունի, թե  նախկին  ամուսինը  նորից  խաղում  է  կամ  էլ  ավելի  վատ  պատմության մեջ է ընկել…. ինչը նրան չի էլ զարմացնի, բայց որդին է մնում առանց հոր…

 

Է.Մակարյան

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Պատգամավորները առաջարկում են արգելել հիվանդագին խաղամոլների մուտքը խաղատուն

 

 

Դիտումների քանակը` 3931

Գլխավոր էջ