«Հայ օգնության միություն»-ը կպատմի իր մասին ՄԱԿ-ում և մեծ էկրանից՝ Մանհեթենում
«Հայ օգնության միություն» (Armenian Relief Society) կանանց բարեգործական կազմակերպությունը կմասնակցի ՄԱԿ-ի Կանանց իրավիճակի հանձնաժողովի 56-րդ նստաշրջանին , որը կանցկացվի փետրվարի 27-ից մարտի 9-ը` Նյու Յորքում: Նստաշրջանի գլխավոր թեման է «Գյուղաբնակ կանայք նրանց դերը աղքատության և սովի դեմ պայքարում»:
Հայ օգնության միությունը, որն անցյալ տարի տոնեց իր 100-ամյակը, նստաշրջանին կմասնակցի տարբեր ծրագրերով, որոնց թվում գյուղաբնակ կանանց միկրոֆինանսավորմանը, նրանց հնարավորությունների ընդլայնմանը և վերարտադրողական առողջության պահպանմանը ուղղված նախաձեռնություններն են: Ի դեպ, Հայ Օգնության Միությունը ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի (ECOSOC) անդամ է: Կազմակերպության կողմից պատրաստված զեկույցը տեղադրված է Կանանց կարգավիճակի հանձնաժողովի կայքում. http://www.un.org/womenwatch/daw/csw/56sess.htm
Ինչպես հայտնում է ՀՕՄ-ի Կենտրոնական վարչությունը (գրասենյակը ԱՄՆ-ում), օգտվելով բացառիկ առիթից և նկատի ունենալով ՄԱԿ-ի Կանանց իրավիճակի հանձնաժողովի 56-րդ նսրաշրջանի գումարումը, որոշեցին Նյու Յորքի Թայմս-սկվերի մեծ էկրաններից մեկի վրա տեղադրել ՀՈՄ-ի մասին պատմող տեսահոլովակը: 30 վարկյանանոց այս հոլովակը կցուցադրվի փետրվարի 18-ից մինչև ապրիլի 18-ը ժամական մեկ անգամ ՝ Մանհեթենի 42-րդ փողոցի վրա, 7-րդ և 8-րդ ավենյուների միջև գտնվող CBS ընկերության հսկայական պաստառի վրա:
Նստաշրջանի շրջանակներում նախատեսվող «Ընդդեմ կանանց և աղջիկների նկատմամբ բռնության» հատուկ պանելային քննարկմանը կմասնակցի նաև Հայաստանի Կանանց իրավունքների կենտրոնի ղեկավար Սուսաննա Վարդանյանը: Արդեն իսկ հայտարարված է, որ այս թեման առանցքային է լինելու մյուս տարվա 57-րդ նստարջանի աշխատանքների համար:
Ի թիվս ՄԱԿ-ում տարբեր երկրների ներկայացուցիչների` քննարկումներին նախատեսված է նաև ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Կարեն Նազարյանի մասնակցությունը, որը նախորդ երկու տարվա ընթացքում այս Հանձնաժողովի ղեկավարն է եղել :
Դիտումների քանակը` 6928