Բուժծառայությունների մատչելիությունը հաշմանդամություն ունեցող կանանց համար

Ի՞նչ խնդիրների են առնչվում հաշմանդամություն ունեցող կանայք և աղջիկները հայաստանյան բուժհաստատություններում` վերարտադրողական  առողջության հետ կապված ծառայություններից օգտվելիս:   Այս և մի շարք այլ հարցերի պատասխանները  փորձել են ստանալ հաշմանդամություն ունեցող  մի խումբ կանայք` նախաձեռնելով  «Վերարտադրողական  առողջության ծառայությունների ներառականությունն ու հասանելիությունը հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկների համար Հայաստանում» հետազոտությունը: Նշենք, որ Հայաստանում ապրում է հաշմանդամություն ունեցող 195.925 մարդ, որոնցից  93.134-ը կանայք են:  

 

 

Ծրագրի հեղինակ և ղեկավար Զարուհի Բաթոյանի ներկայացմամբ   մինչ այժմ   հաշմանդամություն ունեցող կանանց կարիքների վերաբերյալ որևէ հետազոտություն չէր արվել և իրենց նախաձեռնությունը կոչված էր լրացնել այդ  բացը՝  ուսումնասիրելով   այս հարցում առկա իրավիճակը Հայաստանի բժշկական հաստատություններում:

 

 

Բանախոսը նշեց, որ  իր անձնական փորձից գիտի ՝ հաշմանդամություն ունեցող կանայք  բուժհաստատություն   դիմելով  առնչվում են   շատ տարբեր խնդիրների, որոնց մի մասը կապված է ֆիզիկական մատչելիության, մյուս մասը վերաբերմունքի և առկա կարծրատիպերի հետ: Հետազոտության շրջանակում  հավաքագրված պատմությունները   դա հաստատում են .

 

 

… «Գնացել եմ հղիության քարտ հանելու համար, աշխատողը նայում ա դեմքիս , ասում. «Իյա~, էս դու հղի ե՞ս (շատ խիստ զարմացած), բա կարա՞ս բերեց, որ հղիացել ես, չե՞ս վախում»:  (ք.Վանաձոր. հենաշարժողական հաշմանդամություն ունեցող կին)

 

… «Բժիշկը առանց իմանալու` ամուսնացա՞ծ եմ, թե ոչ,  չգիտես ինչու որոշեց, որ ես 32 տարեկանում դեռևս սեռական հարաբերություն չեմ ունեցել»: ( ք.Երևան, ֆիզիկական հաշմանդամություն ունեցող կին).

 

…«Լսողության խնդիր ունեմ և առանց ժեստերի լեզվին տիրապետող անձի օգնության չեմ կարող հիվանդանոց գնալ: Ծննդաբերության ժամանակ գիշերն ինձ շտապ պետք է հիվանդանոց գնալ: Ստիպված զանգեցի իմ թարգմանիչին: Ստիպված էի նրան խնդրել, քանի որ դա նրա աշխատանքային ժամից դուրս էր»: ( ք.Երևան, լսողության խնդիր ունեցող կին)

 

Նշենք, որ հետազոտության շրջանակում  դիտարկում է իրականացվել մարզերի բուժհաստատություններում հաշմանդամություն ունեցող 28 կանանց և աղջիկների մասնակցությամբ:  Հարցումներ են անցկացվել  Հայաստանի մարզային բուժհաստատությունների  164  աշխատակիցների  հետ, իրականացվել են նաեւ  օնլայն  հարցումներ 18-40  տարեկան հաշմանդամություն ունեցող կանանց շրջանում: Ուսումնասիրության արդյունքում բացահայտվել են առողջապահության ոլորտում առկա խտրականության դեպքեր՝  հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկների նկատմամբ, որոնք բուժծառայությունների անմատչելիության,  բուժանձնակազմերի ոչ լիարժեք պատրաստվածության եւ կարծրատիպային կամ ոչ կոռեկտ վերաբերմունքի,  օրենսդրական բացերի հետևանք են հանդիսացել:

 

 

Հետազոտության արդյունքները ի հայտ են բերել հետևյալ խնդիրները. Բուժհաստատությունների միայն 41 տոկոսն ունի հատուկ ձև, որով գրանցւոմ է հիվանդի տվյալները հեռախոսով ընդունելության համար , ընդ որում  դրանցից միայն 41 տոկոսն է ներառում հիվանդի հաշմանդամության վերաբերյալ հարցը այդ ձևի մեջ:

 

Հարցմանը մասնակցած ընդունարանի աշխատակիցների միայն 13 տոկոսն է համարում, որ իրավունք ունի մերժել հաշմանդամություն ունեցող  հիվանդին մատուցելու համապատասխան ծառայություն` հիմնավորելով դա բժշկական հաստատության և դրանում առկա սարքավորումների  անմատչելիությամբ: Նրանց մոտ 66 տոկոսը համարում է, որ իրավունք ունի հաշմանդամություն ունեցող անձին խնդրել բժշկական հաստատություն այցելել օգնական-ուղեկցողի հետ, ով կօգնի վերջինիս հաղթահարելու հաստատության ֆիզիկական անմատչելիությունն ու հաղորդակցման խոչընդոտները: Այլ կերպ ասած` նրանց մտքով չի անցնում, որ ոտնահարվում է հաշմանդամություն ունեցող կնոջ առողջապահական խնդրով, այդ թվում` կանացի առողջության հարցերով միայնակ բժշկի այցելելու իրավունքը:

 

Ընդհանուր  հարցվածների 68 տոկոսը պատկերացում չուներ, թե իրենց հիվանդների քանի տոկոսն են կազմում հաշմանդամություն ունեցող կանայք: Այսինքն` պոլիկլինիկան կամ հիվանդանոցը, որպես կանոն, վիճակագրություն չի վարում հաշմանդամություն ունեցող կանանց այցելությունների վերաբերյալ:  Իսկ այն փաստը,   որ հաշմանդամություն   ունեցող այցելուները քիչ են,  անուղղակի վկայում է, որ տվյալ  պոլիկլինիկան կամ հիվանդանոցը իր առջև խնդիր չի դնում ներառական և մատչելի դարձնել իր կողմից առաջարկվող ծառայությունները հաշմանդամություն ունեցող կանանց համար:

 

Խնդիր է նաև այն, որ հարցմանը մասնակցած բուժող անձնակազմի  122 ներկայացուցիչներից միայն 4-ն են ` 3 տոկոսը,  երբևէ վերապատրաստվել հաշմանդամություն ունեցող կանանց մատչելի ծառայություններ մատուցելու թեմայով:

 

Ի դեպ,  արված բացահայտումների  հիման վրա մշակվել են առաջարկություններ օրենսդրական փոփոխություններ կատարելու նպատակով, ինչպես նաև համակարգային այլ ցանկալի միջամտությունների վերաբերյալ: Մասնավորապես, առաջարկվում է, որպեսզի`

  • Վերարտադրողական առողջության ծառայությունները հաշմանդամություն ունեցող մարդկանց պետք է մատուցվեն  ոչ հաշմանդամ անձանց նույն ծառայությունները մատուցելու պայմաններով և գներով` պահպանելով հաշմանդամություն ունեցող անձանց համար անհրաժեշտ հատուկ պայմանները , ինչպես  նաև այն արտոնությունների տրամադրմամբ, որոնք կարող են  սահմանվել  օրենսդրությամբ կամ առաջարկվել վերարտադրողական առողջության ծառայություններ  մատուցող սուբյեկտի կողմից:
  • Վերարտադրողական առողջության ծառայությունները  պետք է  հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի լինեն: Վերարտադրողական առողջության ծառայություններ մատուցող սուբյեկտները չեն կարող մերժել վերարտադրողական ծառայությունների մատուցումը հաշմանդամություն ունեցող  կանանց կամ դեռահասներին`  նրանց հաշմանդամության հիմքով` բացառությամբ, եթե տվյալ ծառայության մատուցումը վտանգ է սպառնում նրա կյանքին կամ առողջությանը:

 

Նշենք, որ հետազոտության նպատակն է ուսումնասիրել բուժհաստատությունների  մատչելիությունը, վեր հանել նյութատեխնիկական հագեցվածության  և վերաբերմունքային խոչընդոտները, անել հիմնավոր  առաջարկություններ` դրանք բարելավելու նպատակով: Ուսումնասիրությունն իրականացվել է ԵՊՀ  Գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոնի  փոքր դրամաշնորհային ծրագրի շրջանակում:

Էնզելա Մակարյան

 

 

 

 

Դիտումների քանակը` 4135

Գլխավոր էջ