«Ժամանակն է «ոչ» ասելու մարդկային թրաֆիքինգին։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ուղերձը
Մարդկային թրաֆիքինգը համաշխարհային անզգա արդյունաբերություն է, որը մերժում է զոհերի իրավունքներն ու արժանապատվությունը և միլիարդավոր դոլարներ ստեղծում կազմակերպված հանցավոր ցանցերի համար։ Թրաֆիքինգի ենթարկված անձանց մեծ մասը խոցելի կանայք ու երեխաներ են, ովքեր խաբեությամբ ներքաշվել են տառապանքով լի կյանք։
Մարդկային թրաֆիքինգի դեմ համաշխարհային այս առաջին օրը գործողությունների կոչ է՝ վերջ տալու այս հանցագործությանը և հույս ներշնչելու զոհերին, ովքեր հաճախ աննկատ ապրում են մեր շարքերում։ Թրաֆիքինգի հեղինակներին կանգնեցնելու համար մենք պետք է փակենք ֆինանսավորման խողովակները և կալանք դնենք ակտիվների վրա։ Հորդորում եմ բոլոր երկրներին՝ վավերացնել և լիարժեքորեն իրականացնել «Անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ» ՄԱԿ-ի կոնվենցիան և դրա արձանագրությունը «Մարդկային թրաֆիքինգի մասին»։
Պարտավորությունների իրականացման ապահովում, սահմանակից պետությունների համագործակցություն և տեղեկությունների փոխանակում՝ այս ամենը կարող է արդյունավետ լինել, սակայն մարդկային թրաֆիքինգի դադարեցումը նաև նշանակում է խորքային պատճառների կարգավորում։ Ծայրահեղ աղքատությունը, արմատացած անհավասարությունը և կրթության ու հնարավորության պակասը մարդկանց դարձնում են խոցելի, ինչն էլ շահագործում են թրաֆիքինգի հեղինակները։ Վերջիվերջո, լավագույն պաշտպանությունը բոլորի համար զարգացման խթանումն է։
Թրաֆիքինգի այն զոհերը, որոնք բավարար հաջողակ են եղել ազատություն ստանալու, օգնության կարիք ունեն՝ վերստանալու իրենց իրավունքները և վերաինտեգրվելու հասարակությունում։ Մարդկանց թրաֆիքինգի զոհերի ՄԱԿ-ի կամավոր հավատարմագրային հիմնադրամը գործում է նրանց համար, սակայն հավելյալ միջոցների կարիք ունի։ Դիմում եմ բոլորիդ՝ աջակցելու «Կարեկից եղեք մարդկային թրաֆիքինգի զոհերին» ՄԱԿ-ի արշավին։
Եկեք բաց աչքերով նայենք այս հանցանքին և բաց սրտով վերաբերվենք զոհերին։ Ժամանակն է «ոչ» ասելու մարդկային թրաֆիքինգին։
Բան Կի-Մուն,
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար
Դիտումների քանակը` 4644