«Երիտասարդները հզոր ուժ են» – ՄԱԲՀ-ի գործադիր տնօրենի ուղերձը

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ և ՄԱԲՀ Գործադիր տնօրեն

դ-ր Բաբատունդե Օսոտիմեհինի ուղերձը

 

Այսօրվա 1,8 միլիարդ երիտասարդ մարդիկ հզոր ուժ են՝ թե՛ անհատապես, թե՛ հավաքականորեն: Նրանք ձևավորում են սոցիալական և տնտեսական իրողությունները, մարտահրավեր են նետում նորմերին ու արժեքներին և գցում են ապագա աշխարհի հիմքը:

 

Կառավարությունները և միջազգային հանրությունն ավելի ու ավելի մեծ չափով են գիտակցում բոլոր երիտասարդներին ռեսուրսներով և հնարավորություններով ապահովելու կարևորությունը, որպեսզի նրանք, որպես անհատներ և քաղաքացիներ, լիարժեքորեն իրացնեն սեփական ներուժը: Նրանք ընդունում են, որ հանուն երիտասարդության արված ներդրումները և երիտասարդությանը մարդու իրենց իրավունքներից օգտվելու հնարավություն տալը ոչ միայն օժանդակում է հենց իրենց՝ երիտասարդներին, այլև կարող է օգնել  նրանց երկրներին ժողովրդագրական օգուտներ քաղելու:

 

Մենք գիտենք, որ առողջ, կրթված, արդյունավետ և լիովին ներգրավված երիտասարդները կարող են օգնել կտրել սերնդեսերունդ ձգվող աղքատության շղթան․ նրանք նաև ավելի տոկուն են անհատական ​​և հասարակական մարտահրավերներին դեմ հանդիման: Որպես հմուտ և տեղեկացված քաղաքացիներ, նրանք կարող են ավելի լիարժեքորեն սատարել իրենց համայնքներին և ժողովուրդներին:

 

Ողջ աշխարհում միլիոնավոր դեռահասների համար սեռական հասունացման շրջանը ոչ միայն փոփոխում է նրանց մարմինները, այլև խոցելի է դարձնում մարդու իրավունքների ոտնահարման տեսանկյունից՝ հատկապես սեռականության, ամուսնության և հղիության առումով: Միլիոնավոր աղջիկների անցանկալի սեռական հարաբերություն կամ ամուսնություն է պարտադրվում, ինչը մեծացնում է անցանկալի հղիությունների, վտանգավոր աբորտների և սեռական ճանապարհով փոխանցվող վարակների, այդ թվում` ՄԻԱՎ-ի, ինչպես նաև ծննդաբերության հետևանքով մահվան կամ հաշմանդամության վտանգը:

 

Սա է պատճառը, որ երիտասարդները, հատկապես դեռահաս աղջիկները, գտնվում են ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամում մեր աշխատանքի կիզակետում: Աշխատելով բազմաթիվ գործընկերների, մասնավորապես իրենց՝ երիտասարդների հետ, ՄԱԲՀ-ն առաջ է մղում այնպիսի քաղաքականություններ և ծրագրեր, որոնք ներդրումներ են բերում հանուն դեռահասների և երիտասարդության ու խթանում են նրանց համար դրական միջավայրի ձևավորումը՝  նպաստելով համապարփակ սեռական դաստիարակության, ինչպես նաև որակյալ սեռական և վերարտադրողական առողջության ծառայությունների, այդ թվում, ընտանիքի պլանավորման հասանելիությանը, ինչպես նաև աջակցելով նրանց առաջնորդությանը և մասնակցությանը: Մենք այդ անում ենք՝ շեշտը դնելով աղքատ, առավելապես լուսանցք մղված և թերսպասարկվող դեռահաս աղջիկներին հասնելու վրա:

 

Այս բազմակողմանի ջանքերի միջոցով մեզ և մեր գործընկերներին տեսանելի է դառնում, թե որքան մեծ չափով սեռական և վերարտադրողական առողջության համար արված վաղ ներդրումները կարող են բարելավել երիտասարդների կյանքը և նպաստել նրանց հասարակությունների բարօրությանը: Կայուն ապագան կախված է տոկուն բնակչություն ունենալուց, ինչը չի կարող ձեռք բերվել առանց հանուն երիտասարդների արված ներդրումների: Երիտասարդները ոչ միայն կազմում են աշխարհի բնակչության մի ստվար հատվածը և արժանի են իրենց արդար բաժինը ունենալուն, այլև գտնվում են իրենց կյանքի կարևորագույն փուլում, որը որոշիչ է նրանց և այդպիսով նաև նրանց ընտանիքների, համայնքների և հասարակությունների ապագայի համար:

 

Բնակչության համաշխարհային այս օրը ես հանձն եմ առնում ՄԱԲՀ-ի լիակատար աջակցությունն ուղղել այն բոլոր ջանքերին, որոնք սատարում են երիտասարդ մարդկանց ձգտումները և որոնք երիտասարդներին տեղադրում են ազգային և համաշխարհային զարգացման բուն սրտում:

 

 

Դիտումների քանակը` 3144

Գլխավոր էջ