Հերմինե Նաղդալյան. «Կանանց մասնակցությունը առավելապես կարևոր է համայնքի կյանքում»

Հասարակական սեկտորը լավագույն հենարանն է քաղաքական գործիչների համար, քանի որ դա հնարավորություն է տալիս միշտ տեղյակ լինել իրադարձություններից: Այս մասին Ազգային Ժողովում «Համալսարանական կրթությամբ  կանանց ասոցիացիայի» կողմից կազմակերպված կին համայնքապետերի և ավագանու անդամների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը:

 

Տիկին Նաղդալյանը նշեց, որ տեղական ինքնակառավարումը դեռ ճանապարհ ունի անցնելու: Դրա կայացումը թեև հիմք է դրել 1990-ականներին, բայց այսօր չենք կարող ասել, որ ինքնակառավարումը կայացած է, քանի որ համայնքը չի զգում իր ուժը: Դրա խնդիրը նաև նա է, որ համայնքը չի գիտակցում, որ ի դեմս ավագանիների նա ունի որոշիչ դեր:

 

«Այդտեղից է գալիս, որ ավելի շատ ուշադրություն են տալիս համայնքի ղեկավարի ընտրությանը, քան ավագանու անդամի: Բայց համայնքը դա առաջին գիծն է, որտեղ մարդն ու իշխանությունը հանդիպում են իրար»,- նշեց ԱԺ փոխխոսնակը` կարևորելով ավագանու ինստիտուտի դերի բարձրացումը և այդ մասով իրազեկումը:

 

«Կանանց մասնակցությունը առավելապես կարևոր է համայնքի կյանքում, քանի որ կինը ընտանիքի, մարդու խնդիրը ավելի սրտամոտ է ընդունում: Եթե տղամարդիկ կարող են գլոբալ խնդիրների երկնակամարում սավառնել, չտեսնելով, որ ներքևում դպրոցի, մանկապարտեզի և այլ խնդիրներ կան, ապա կինը չի կտրվում այդ խնդիրներից ու այդ պատասխանատվությունն է կրում: Այս կոնտեքստում շատ կարևոր է նպաստել կանանց քաղաքական մասնակցությանը, հատկապես ավագանու շրջանում, քանի որ այդտեղ լինելով կինը կարող է այնքան փորձ ու կարողություն կուտակել, որ վաղը լինելով համայնքի ղեկավար կկարողանա հանգիստ պայքար մղել համայնքի բարեկեցության համար»,-ասաց տիկին Նաղդալյանը:

ԱԺ փոխխոսնակն անդրադարձավ առկա կարծրատիպերին, թե կարիերա անող կինը լավ ընտանիք չի կարող ունենալ և հակառակը:
«Ես չգիտեմ այս բանավեճը իսկապես աղերս ունի իրականության հետ , թե չունի: Իհարկե, կազմակերպել կյանքը նույն հաջողությամբ զուգահեռաբար շատ դժվար է, բայց եթե ինքդ քեզ կարողանում ես կազմակերպել, ապա դրանից հետո քո ընտանիքն ու գործունեությունդ համատեղելը շատ հեշտ է դառնում: Ես միշտ մտածել եմ, որ այդ կարծրատիպը մեր իսկ օրինակով պետք է արմատախիլ անենք… և առհասարակ` ես անընդունելի եմ համարում, երբ կնոջը հարցնում են` ինչպե՞ս ես համատեղելու ընտանիքն ու քաղաքականությունը»,- նշեց նա և հորդորեց կանանց պահել կապն ու կարևորել ընտանիքը, քանի որ դա ամենակարևոր աջակիցն է իրենց հետագա աշխատանքում և գործունեությունում:

 

«Այլ կերպ դուք անընդհատ երկփեղկված եք լինելու և լինելու եք երկու ֆրոնտով պայքարի մեջ, ինչը կջլատի ձեր ուժերը»,- դիմելով ներկա կանանց հավելեց Հ.Նաղդալյանը:

 

Կին ավագանիներն ու համայնքի ղեկավարները հարցեր ուղղեցին Հ.Նաղդալյանին. հիմնականում նրանք խնդրում էին աջակցել ճանապարհաշինության, դպրոցաշինության հարցերում: Այդ բոլոր հարցերը ԱԺ փոխնախագահը գրանցեց և խոստացավ, որ  դրանք բոլորը կլինեն իր ուշադրության կենտրոնում` ինչ հնարավոր է անել կարվի:

 

Նշենք, որ հանդիպումը կազմակերպվել է «Հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների խթանում Հայաստանում. Կանայք տեղական ժողովրդավարական գործընթացներում» ծրարի շրջանակում, որն իրականացվում է Միավորված ազգերի կազմակերպության կողմից, ֆինանսավորվում է` Եվրոպական միության կողմից, ազգային գործընկերներն են` ՀՀ Արտաքին գործերի նախարարությունն ու ՀՀ Տարածքային կառավարման նախարարությունը:

 

Աղբյուրը   Panorama.am

 

 

Դիտումների քանակը` 3722

Գլխավոր էջ