Կինը՝ դիրիժորական վահանակի առջև

Այսօր աշխարհում մոտ 500 կին դիրիժոր կա, այնպես որ սիմֆոնիկ նվագախումբ ղեկավարող կինը ժամանակակից իրականության փաստ է դարձել:

 

 

Ի դեպ, ո՞վ է այսօր հիշում , որ տավիղի ( arfa) դպրոցը  հիմնադրվել է տղամարդու կողմից և անցյալում միայն  տղամարդիկ են նվագել տավիղ: Սակայն  ամեն ինչ փոխվում է, ամեն ինչ պայմանական է: Եվ ով է որոշել , որ  կինը չի կարող լինել դիրիժոր…

 

 

Վաղ թե ուշ, այս բնագավառում էլ անխուսափելիորեն տեղաշարժ տեղի կունենա , քանի որ միակ  չափորոշիչը այս բնագավառում  տաղանդն է և ստեղծագործական աշխատանքի որակը:  Դիրիժորը, ըստ էության,  ոչ թե տղամարդու կամ կնոջ մասնագիտություն է,  այլ բնավորության տեսակի:

 

 

Դրա մասին է նաեւ Գերմանիայի կին-դիրիժորների մասին պատմող նյութը, որը տպագրում ենք կրճատումներով:

 

 

 

Ինչու՞ են կին դիրիժորներն այսքան սակավաթիվ..

Դիրիժորուհի, թե՞ կին դիրիժոր: Լեզվական  նրբությունների մեջ չխորանալով փաստենք՝ այս մասնագիտության մեջ կանայք  շարունակում են ընկալվել որպես  էկզոտիկա: Դրա հետ մեկտեղ այսօր Գերմանիայում՝  մեծ սիմֆոնիկ նվագախմբերի և օպերային թատրոնների ղեկավար՝ այսպես կոչված, “թույլ սեռի” ներկայացուցիչների թիվն աճում է: Բայց ինչու՞ այդքան դանդաղ:

 

Սիմֆոնիկ կոլեկտիվի երաժշտական ղեկավարը՝ դա այն  պաշտոնն է,  ուր չի հասել էմանսիպացիան: Եթե  հոբոյ, կոնտրաբաս կամ հարվածային գործիքներ նվագող կինը  սիմֆոնիկ նվագախմբում հազվադեպ երևույթ չէ, ապա դիրիժորը մինչ այժմ համարվում է բացառապես տղամարդկանց մասնագիտություն: Սակայն նույնիսկ այստեղ կան բացառություններ:

 

Այսօր 4 գերմանական օպերաներում (մոտ 80-ից), այդ  պաշտոնում հանդես են գալիս կանայք:  Ամերիկուհի Քեթրին Ռյուկվարդը (Catherine Rukwardt) 2006 -ից ղեկավարում է Մայնց թատրոնը: 2005 -ին ավստրալուհի Սիմոնա Յանգը (Simona Young) ստանձնեց Համբուրգի օպերային թատրոնի ղեկավարի պաշտոնը: Ռոմելի Պֆունդը (Romely Pfund), ով հանդիսանում է գերմանացի առաջին կին-դիրիժորներից մեկը, 2009 -ին ստանձնեց Մակլենբուրգի թատրոնի երաժշտական ղեկավարի պաշտոնը: Եվ, վերջապես, բոլորովին վերջերս Հաննովերի օպերային թատրոնի  գլխավորեց Կերեն Կամենզեկը, ով ծնունդով Չիկագոյից է և սկսել է իր կարիերան Վիենայում:

 

“Մաէստրո Կամենզեկ”

<<Սովորական ղեկավար պաշտոն է` անկախ նրանից, թե այն զբաղեցնողը կին է, թե տղամարդ>>, – ասում է Կերեն Կամերզեկը` ճակատից հեռացնելով շիկահեր մազափունջը: Նա  նշում է, որ  թատրոնի ղեկավարին ներկայացվող պահանջները մեծ են, շրջապատող մարդկանց սպասումները` նույնպես:

 

“Մաէստրո Կամենզեկ”, – գրված է նրա գրասենյակի դռան վրա: Կերենը արագ վերցնում է սեղանի վրայից պարտիտուրան: Երեկոյան նոր պաշտոնում առաջին պրեմիերան է լինելու` Ռիխարդ Շտրաուսի “Արիադնան”: Այս օպերան ընտրվել է խորհրդանշական սկզբունքով: Սյուժեի կենտրոնում երկու կանայք են` Արիադնան և Ցերբինետան, ովքեր ներկայացնում են, այսպես ասած, կնոջ ուժի երկու կողմերը` կիրքը և կոկետությունը:

 

Իսկ ո՞ր “միջոցից” է (իշխանությունից թե հմայքից) ինքն է  ավելի հաճախ օգտվում: “Ավելի հաճախ ատիպված եմ լինում իշխանությունն օգտագործել,- պատասխանում է Կամենզեկը, – Թատրոնը մի հիերարխիական կառույց է: Եթե գլխավորում ես այս կառույցը, ապա պաշտոնը պարտավորեցնում է”:

 

Հաննովերում ստանձնած պաշտոնը քառասնամյա Կամենզեկի ծառայության ցուցակում առաջինը չէ: Նա արդեն աշխատել է որպես առաջին կապելմեյստեր Վիենայի ազգային օպերայում  և ղեկավարել է Սլովենիայի օպերային թատրոնը իր ծնողների հայրենիքում:

 

“Կին լինելն ինձ երբեք չի խանգարել”…

 

Այնուամենայնիվ, ինչու՞ են կին դիրիժորներն այսքան սակավաթիվ: “Կարծում եմ` շատ կանայք պարզապես չեն ցանկանում  դատապարտել իրենց  այսպիսի դժոխային գրաֆիկի”,- ենթադրում է Կերեն Կամենզեկը, – մշտապես գործուղումներ և այս ամենը խլում է շատ նյարդեր և էներգիա: Նույնիսկ ավելորդ է ասել, որ անձնական կյանքի հետ նման մասնագիտությունը համադրելը չափազանց բարդ է: “ Սակայն ոչ ավելի բարդ քան նախարարի կամ որևէ խոշոր ընկերության մենեջերի համար”,- կարծում է դիրիժորը: Իր անձնական կյանքի մասին Կերենը նախընտրում է չընդարձակվել:

 

 

Էստոնուհի Անու Տալին , ով Կերեն Կամենզեկի հասակակիցն է, և, թերևս, իր սերնդի ամենահայտնի կին դիրիժորը, “գենդերային խնդրին արձագանքում է բարկությամբ: “Կին լինելն ինձ երբեք չի խանգարել”,- ասում է Իլյա Մուսինի վերջին աշակերտներից մեկը…

 

 

Պարզ է, որ կին դիրիժորները ստիպված են լինում պայքարել այն նույն խնդիրների դեմ, որոնց հետ բախվել են առաջին կին բժիշկները, ուսուցիչները  կամ ձեռնարկությունների կառավարիչները. գործընկերների ծաղրական անվստահության, գործատուների ծայրաստիճան պահանջկոտության և հասարակության համակ ուշադրության (ոչ միշտ բարյացակամ):

 

 

Կանանց քվոտան երաժշտության մե՞ջ: Երբե՛ք:

 

“Միգուցե ես միամիտ եմ, բայց կարծում եմ, որ եթե մարդը, լինի կին թե տղամարդ, պետք է դառնա դիրիժոր (գիտնական կամ երգիչ), ապա անպայման կդառնա այդպիսին”, – կարծում է Կերեն Կամենզեկը: Կանանց քվոտայի մասին խոսակցությունը նա բացարձակապես անիմաստ է համարում: “Պատկերացրեք նվագախումբ, որին պարտադրում են դիրիժոր` ըստ սեռային հատկանիշի: Չեի ցանկանա լինել այդ դիրիժորի փոխարեն”,- ասում է նա գիտակցաբար:

 

 

Գործընկերոջն արձագանքում է նաև Անու Տալին. “ Եթե մենք ավելի քիչ մտածեինք այն մասին, թե ով ենք մենք` կին թե տղամարդ, և ավելի քիչ բաժանեինք այս դերերը, միգուցե  ավելի հեշտ լիներ ապրել:

 

Առաջին հերթին մենք մարդ ենք ` երաժշտության մեջ և կյանքում: Եվ թո՛ղ սա լինի գլխավորը:

 

 

Եֆիմ Շուման

Deutsche Welle

http://www.dw.de/dw/article/0,,15629339,00.html

Դիտումների քանակը` 9592

Գլխավոր էջ