Ինչո՞ւ այգիների բարեկարգումը տեղի է ունենում ոչ թե ծառերը ջրելով ու ծաղիկ աճեցնելով, այլ բիզնես «տնկելով»…
Մեկ շաբաթից ավելի է` ինչ երիտասարդ բնապահպանները փորձում են այս հարցի պատասխանը գտնել՝ պայքարելով Մաշտոցի պողոտային հարող պուրակում ծավալվող կառուցապատման դեմ:
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանը որոշել է տեղադրել պուրակում Աբովյան փողոցից ապամոնտաժված առևտրի կրպակները։ Բնապահպանները հայտարարում են, որ այդ որոշումն ապօրինի է և կամայական։
Նրանք անարդյունավետ են համարում նաև քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ մի քանի օր առաջ ունեցած հանդիպումը, թեև դրանից անմիջապես հետո քաղաքապետարանի աշխատակիցները այցելել են այգու տարածք և լուսանկարել վնասված ծառերը:
Բոլոր դեպքերում բնապահպանները որոշել են, որ չեն հեռանալու այգուց, մինչև կրպակները չապամոնտաժվեն: Ներկայացնում ենք այս պայքարի առաջամարտիկներից երեքի դիրքորոշումը տվյալ հարցի վերաբերյալ:
Գայանե Մելքոնյան.
« Ես փորձում եմ իմ ձայնը լսելի դարձնել»…
«Իմ և իմ ընկերների պահանջը հանրային տարածքը, այդ դեպքում՝ զբոսայգին, չմասնավորեցնելն է: Մենք կարծում ենք, որ պետք է հարգվի ՀՀ օրենսդրությունը և հանրային տարածքները պետք է մնան հանրային, իսկ զբոսայգիներում տեղ չգտնեն մասնավոր խանութներ: Ես այգի գնում եմ, որովհետև այդ ճանապարհով փորձում եմ իմ ձայնը լսելի դարձնել քաղաքային իշխանություններին և փոխել օրենքի կոպիտ խախտումով կայացված որոշումը:
Շարժման բոլոր մասնակիցներն էլ կարևոր դեր ունեն՝ անկախ սեռից: Ամեն մեկի մասնակցությունն իր ազդեցությունն ու դերն ունի հարցի արդար հանգուցալուծման հարցում»:
Սոֆիա Մանուկյան.
«Գեղեցիկ սեռի ներգրավածությունը գեղեցիկի պահպանման գործում կանխատեսելի է» …
«Մաշտոցի պողոտայի այս հատվածում գտնվող այգիների պահպանման համար մեր պայքարը մի երկու տարի առաջ էլ էր ծավալվել, և ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա անձամբ ես գնում եմ այս այգիների պահպանման համար պայքարելու, քանի որ միշտ չեմ հասկացել, թե ինչու այգիների բարեկարգումը, ինչպես հայտարարել են պաշտոնյաները երկու դեպքում էլ, պիտի տեղի ունենա ոչ թե ասենք ծառերը ջրելով, տարածքը մաքուր պահելով, մի քանի ծաղիկ աճեցնելով ու շատրվանները բարեկարգելով, այլ անպայման բիզնես «տնկելով ու աճացնելով»:
Ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա պայքարում ենք նաև նրա համար, որ հանրային գոտին մնա հանրությանը:
Նաև ինձ իսկապես զայրացնում է, որ մարդկանց «էշի տեղ են դնում», փորձում ապացուցել, որ ոչ մի ծառ ու ծաղիկ չի վնասվում, ու դա այն դեպքում, երբ ես ամեն օր անցուդարձ եմ անում քաղաքի այդ հատվածով, ու ինքս եմ տեսել եղևնիների տեղահանումը, շատրվանների վերացումը: Եվ մեր պահանջը շատ պարզ է, բարեկարգեք կանաչ գոտին կանաչի հաշվին ու մի խախտեք օրենքը: Իսկ գեղեցիկ սեռի ներկայացուցիչների ներգրավածությունը գեղեցիկի պահպանման գործում կարելի է կանխատեսել, հատկապես եթե հաշվի առնենք, որ նրանք նաև պաշտպանում են իրենց ապագա սերունդների` առողջ միջավայրում ապրելու իրավունքը»:
Մերի Խաչատրյան.
«Մենք ենք այս քաղաքի և պետության տերը»…
«Ես արդեն 12 տարի է` իրավապաշտպան գործունեությամբ եմ զբաղվում, մասնագիտությամբ իրավաբան եմ, նաև փաստաբան: Աշխատանքի առաջին իսկ օրից ներգրավված եմ եղել բնապահպանական և շրջակա միջավայրին առնչվող հարցերի լուծմանը, տվել մասնագիտական եզրակացություններ, կարծիքներ, ուսումնասիրություններ կոնկրետ հարցերի վերաբերյալ` Դալմայի այգիներ, Երևանի այլ կանաչապատ տարածքներ, Թռչկանի ջրվեժ, Թեղուտ, Դիլիջանի պարկ, Սևան և այլն: Ես գնում եմ ու հայտնվում են այնտեղ, որտեղ պետական և տեղական իշխանությունների կողմից շրջակա միջավայրի վերաբերյալ ընդունում են ապօրինի որոշումներ և թույլ են տալիս անօրինականություններ և ինչպես փորձն է ցույց տալիս` ես որպես իրավաբան չեմ սխալվում, վերջում այդ իշխանությունները փոխում են իրենց որոշումը:
Իհարկե, մենք պատրաստված ենք գալու, և ամեն մի օրինախախտում արձանագրելու ենք, նույնն ասում եմ իմ ընկերների համար, մենք հայտնվում ենք այնտեղ, որտեղ ոտնձգություն է կատարվում կանաչ տարածքի, հատուկ պահպանվող տարածքի նկատմամբ, Մաշտոցի այգին հերթական թիրախն է եղել քաղաքային իշխանության կողմից: Մեր պահանջը մեկն է` դադարեցնել ապօրինի շինարարությունն ընդհանուր օգտագործման տարածքում, մեզ ներկայացնել անհրաժեշտ իրավական փաստաթղթերը, այն հիմնավորումները, որոնք կվկայեն այն մասին, որ շինարարությունը կատարվում է օրինական, բայց մենք դրանում կասկածում ենք:
Արդար պահանջ ներկայացնելու համար սեռական խտրականություն չկա, այս կարծրատիպը վաղուց մենք կոտրել ենք և հայտարարում ենք` մենք ենք այս քաղաքի և պետության տերը, իշխանությունները պետք է մեզ հետ հաշվի նստեն»:
Կարծիքները հավաքեց Արման Ղարիբյանը
Դիտումների քանակը` 6699