Տաքսի՞ն է լուծելու գենդերային անհավասարության խնդիրը

Միջազգային լրատվամիջոցները օրերս հաղորդեցին այն մասին, որ Հնդկաստանում բացառապես կանանց սպասարկող «She Taxi» ընկերությունն իր կարճատեւ գործունեության ընթացքում մեծ հաջողություն է գրանցել եւ ընդլայնել է իր աշխարհագրությունը երկրի հարավում: Կանանց կողմից ղեկավարվող, սպասարկվող եւ միայն կանանց համար նախատեսված տաքսի ծառայությունը հաճախ ներկայացվում է որպես Հնդկաստանում գենդերային հավասարություն հաստատելու ուղղությամբ կատարվող կարեւոր քայլ:

 

 

«She Taxi»-ն ստեղծվել է Հնդկաստանի կառավարության կողմից 2013 թվականին: Նոյեմբերին Տրիվանդրում քաղաքի փողոցներում հայտնված վարդագույն-սպիտակ գույներով 5 ավտոմեքենաները շատ արագ դարձան հնդկուհիների սիրելի փոխադրամիջոցները եւ կարճ ժամանակ անց մեքենաների թիվը քառապատկվեց: Օրերս «She Taxi»-ի ավտոմեքենաները սկսեցին երթեւեկել նաեւ հարավային Կեռալա քաղաքում: 24 ժամ անդադար անվտանգ եւ ապահով երթեւեկություն կանանց համար. այսպիսի կարգախոս եւ նպատակ է հետապնդում «She Taxi»-ն: Բացի այդ այն որոշակիորեն լուծում է նաեւ կանանց գործազրկության խնդիրը տվյալ քաղաքներում, քանի որ «She Taxi»-ում կարող են աշխատանքի անցնել միայն իգական սեռի ներկայացուցիչները: Կին վարորդները ստանում են գրեթե 350 ԱՄՆ դոլարին համարժեք ռուպի:

 

 

Միայն կանանց համար նախատեսված տաքսի ծառայությունն առաջին հայացքից շատ ոգեւորիչ եւ հաջողված գաղափար է թվում, սակայն միաժամանակ այն մտահոգությունների տեղիք է տալիս: Արդյոք Ասիայում գենդերային անհավասարությամբ միայն Պաղեստինին զիջող Հնդկաստանը նման կերպ նպաստում է երկրում իրական գենդերային հավասարության հաստատմանը: Ապահով եւ անվտանգ տաքսի ծառայության մեծ պահանջարկը հուշում է, որ  հնդկուհիներն իրենց անվտանգ եւ ապահով չեն զգում տղամարդ տաքսի-վարորդների հետ երթեւեկելիս: Անվտանգ չէ նաեւ հասրակական տրանսպորտը: Դրա ապացույցը անցյալ տարվա  հունվարին Դելիի ավտոբուսում  տեղի ունեցած 23-ամյա ուսանողուհու խմբակային  բռնաբարության դեպքն էր, որ սարսափեցրեց ամբողջ աշխարհը: Ու դա միակ դեպքը չէր, երկիրը պարբերաբար ցնցվում է  նման միջադեպերից…

 

 

Ինչ վերաբերվում է  Հնդկաստանում կանանց  կարգավիճակին, ապա  2012 թվականի տվյալներով՝ գենդերային հավասարության ինդեքսում Հնդկաստանը 148 երկրներից 132-րդ հորիզոնականում էր: Նման ցածր ցուցանիշով Հնդկաստանը համարվում է կանանց կյանքի եւ կենսագործունեության համար վատագույն երկրներից մեկը: Այստեղ բարձր է սեռի հիմքով հղիության ընդհատումների թիվը, որի արդյունքում 1000 տղային բաժին է ընկնում ընդամենը 919 աղջիկ: Տղաներն են համարվում հնդիկ ընտանիքների անունը շարունակողն ու հարստության ժառանգորդը, ուստի հասարակության գերիշխող մեծամասնությունը նախապատվությունը տալիս է տղա երեխաներին: Հնդկուհիներն գենդերային խտրականության եւ բռնությունների են ենթարկվում ինչպես տանը, այնպես էլ փողոցում, աշխատավայրում, ամենուր… Իսկ այն  փաստը, որ  կանայք Հնդկաստանում առնվազն երկու անգամ ( Ինդիրա Գանդի,  Պրատիբհա Պատիլ)    ներկայացված են եղել պետության ամենաբարձր  պաշտոնում,  գուցե ինչ-որ չափով մեղմել է անհավասարությունը, բայց անզոր է գտնվել առօրյա կյանքում  գենդերային կարծրատիպերի դեմ պայքարում :

 

 

Առավել եւս  դժվար թե օգնի այդ հարցում  հատուկ կանանց համար ստեղծված տաքսի ծառայությունը,  որը եւս մեկ անգամ հնդիկ հասարակության մեջ առանձնացնում է կանանց՝ գուցե լուծելով նրանց անվտանգության հարցը, բայց ի վերջո  դարձնելով էլ ավելի մարգինալ:

 

Արման Ղարիբյան

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Զանգվածային բողոքները Հնդկաստանում ՝ կանանց նկատմամբ բռնության դեմ

 

Աղջիկների առևանգումը Հնդկաստանի փողոցներում

 

Ողջ ճշմարտությունը Դելիում տեղի ունեցած բռնաբարության մասին

 

 

Հնդկաստանում 20 տղամարդ փողոցում մի կնոջ են ծեծել / վիդեո

 

 

Հնդկաստանի խորհրդարանը խստացրեց բռնաբարության համար պատիժը

 

 

Դելիում դատապարտված բռնաբարողների պաշտպանը կարող է զրկվել լիցենզիայից՝ «կնատյացության» պատճառով

 

 

Դիտումների քանակը` 3855

Գլխավոր էջ