Հայաստանում թերսնված է յուրաքանչյուր 5-րդ երեխան
Մասնագետները ահազանգում են, որ Հայաստանում մինչև 5 տարեկան երեխաների մոտավորապես 20 տոկոսը, այսինքն յուրաքանչյուր հինգերորոդը քրոնիկ թերսնման խնդիր ունի և դա ազդում է նրանց ֆիզիկական և մտավոր զարգացման վրա: Որպես հետևանք այդ երեխաների հասակը կարճ է և քաշը նվազ է միջին ցուցանիշների համեմատ, նրանց մոտ կա նաև սակավարյունության խնդիր:
Այս տվյալները օրերս ներկայացրեց ՀՀ առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը «Սնուցումը որպես կարևոր բանալի տնտեսական զարգացման համար. իրավիճակը Հայաստանում» թեմայով համաժողովին, որը կազմակերպել էին Հայ օգնության ֆոնդը, Վորլդ Վիժն Հայաստանը և Հայաստանի Ամերիկյան համալսարանը:
Կարինե Սարիբեկյաի ներկայացմամբ գյուղաբնակ երեխաների մոտ թերքաշությունը ավելի շատ է (23 տոկոս), քան քաղաքաբնակների մոտ (18 տոկոս):
Եվ ևս մեկ ուշագրավ փաստ. ըստ հետազոտությունների՝ թերսնման ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Սյունիքի մարզում՝ երեխաների մոտ 36 տոկոսի մոտ, երկրորդ տեղում Լոռու մարզն է: Ամերիկյան համալսարանի Հանրային առողջապահության ֆակուլտետի փոխդեկան Վարդուհի Պետրոսյան դիտարկմամբ միջազգային փորձագետները բացատրում են այս փաստը ոչ միայն սննդի պակասի , այլ հանքարդյունաբերության ազդեցության հետ. ծանր մետաղները անցնելով երեխայի օրգանիզմ սննդի կամ ջրի հետ խոչնդոտում են օգտակար նյութերի յուրացումը:
Թերսնման հետ մեկտեղ Հայաստանում կա նաև ճարպակալման խնդիր: «Եթե երեխանի 19 տոկոսը ունեն թերաճություն, ապա 15 տոկոսի մոտ գերքաշության խնդիր է, ինչը նշանակում է, որ երեխան ուտում է, քաղցած չի մնում, բայց ուտում է հիմնականում ածխաջրերով հարուստ, հիմնականում ոչ օգտակար և առողջությանը չնպաստող սնունդ՝ քաղցր, մակարոնեղեն, ալրեղեն։ Այս դեպքում երեխան քաշը շատ է հավաքում, և սա ոչ միայն աղքատության, այլ ճիշտ սնվելու մասին գիտելիքների խնդիր է»,- պարզաբեց Սարիբեկյանը:
Նրա խոսքով , աղքատությունը թիվ մեկ գործոնն է ,որ բերում է երեխայի թերսնման, թերսնվող երեխաների տոկոսը ավելի բարձր է աղքատ ընտանիքներում: «Աղքատ ընտանիքներում թերսնման ցուցանիշը 25 տոկոս է, բայց խնդիրը նաև առկա է բարեկեցիկ ընտանիքներում՝ 16 տոկոս։ Սա խոսում է այն մասին, որ միայն աղքատությունը չէ միայն պատճառը, այն նաև ոչ ճիշտ սննդակարգը, մայրերի գիտելիքների պակասը»։
Մանկաբուժ Սերգեյ Սարգսյանը իր հերթին նշեց , որ բազմաթիվ հայաստանյան ընտանիքներ այսօր չեն կարողանում իրենց թույլ տալ սպիտակուցային սնունդ գնել՝ միս, կաթնամթերք ու ձկնեղեն, որոնք մինչև 5 տարեկան երեխաների սննդակարգում ամեն օր պետք է լինեն: Նրանք հիմնականում էժան, շուտ հագեցնող և ոչ օգտակար սնունդ են օգտագործում՝ կարտոֆիլ , մակարոնեղեն, հաց ու քաղցրավենիք: Խնդիրը, մասնագետի դիտարկմամբ, անշուշտ մեծ մասամբ սոցիալական է, սակայն ապահոված ընտանիքներում էլ հաճախ երեխայի սնունդը սխալ են կազմակերպում. երեխային վաղ տարիքից գործարանային արտադրության չիփսեր, հյութեր ու թխվածքաբլիթ և այլ արհեստական հավելումներով սնունդ են տալիս:
«Նոր կառավարության ծրագրում մոր և մանկան առողջությունը գերակա խնդիրներից մեկն է: Եվ 3 ուղղություններից հենց մեկը վերաբերում է սնուցման վիճակի բարելավմանը: Մենք կառավարությանը ներկայացնելու ենք երեխաների սնուցման ռազմավարական ծրագիրը»,- եզրափակեց Սարիբեկյանը:
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Աշխարհում յուրաքանչյուր 5-րդ երեխան տառապում է թերաճությունից…
Դիտումների քանակը` 3657